«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գեորգիքսների երկիրը

Գեորգիքսների երկիրը
02.11.2026 | 11:07

Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ։ Նրանք գումար են պահանջել, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսն» ի վերջո կատարել է։
Ես չեմ հետևում «թավշյա հեղափոխությունից» ծնված «գեորգիքսների» զազրելի գործունեությանը, ինչպես նաև վաղուց չեմ դիտում նրանց հոգևոր հոր ուղիղ եթերներն ու ելույթները։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ է արել այս մեկը։ Ըստ «The Geopolitics / Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքի՝ նա հրապարակել է տեսանյութ, որում պնդում է, թե ակումբի իրական տերը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ տնօրինությունը՝ «Քոչարյանի ճտերը»։
Ովքե՞ր են «գեորգիքսները», ինչպե՞ս նրանք հայտնվեցին, և ո՞վ ծնեց նրանց։ Տարիներ շարունակ, երբ սոցիալական ցանցերը դեռ չկային կամ այսքան հանրայնացված չէին, նրանց հոգևոր հայրն իր թերթում զբաղված էր հենց այդպիսի գործունեությամբ. ով վճարում էր՝ նրան խնայում էր, իսկ ով չէր վճարում՝ վարկաբեկում էր։ Այդպես ծնվեց Քոչարյանի՝ «4 միլիարդի» միֆն ու մնացած բոլոր հեքիաթները, որոնց համար մինչ օրս երկրորդ նախագահն ու իր ընտանիքը քաղաքական գին են վճարում։
Հիշում եմ՝ տարիներ առաջ մի ծանոթս, ով ժամանակին շրջկենտրոններից մեկում քաղաքապետ էր եղել և ում հետ բավական մտերիմ էի, խնդրեց իմ միջնորդությունը Քոչարյանի բանկերից մեկում վարկ ստանալու համար։ Իմ կտրուկ արձագանքին, թե Քոչարյանը բանկ չունի, նա նեղացավ ու ասաց. «Չե՞ս ուզում ընկերոջդ օգնել։ Ո՞նց չունի, բա Կոնվերս բանկը, Արդշինբանկը, Բիզնես բանկն ու՞մն են, եթե ոչ Քոչարյանինը»։ Ասաց ու փոշմանած հեռացավ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մարդը մինչև հիմա էլ նույն կարծիքին է, որովհետև «գեորգիքսների կնքահայրն» այնպես հմտորեն էր անում իր գործը, որ չհավատալը շատերի համար պարզապես դժվար էր։
Հիմա այս ճտերը, որ ողողել են թիկտոկներն ու ֆեյսբուքները, որպես ուշիմ աշակերտներ անում են նույնը։ Ոչինչ չի փոխվել. միայն տեխնոլոգիաներն են զարգացել, և ճտերը բարձրացել են վերև։ Հայտնվել են Ազգային ժողովում, կառավարությունում, խրոխտ քայլում են իշխանական միջանցքներում ու ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալիս իրենց սպասարկող լրատվամիջոցներին։ Ոչինչ, որ ստում են, ոչինչ, որ սպառնում ու վարկաբեկում են. «պապան» սիրում է նմաններին։ Մենք մեր կամքով երկիրը հանձնեցինք «գեորգիքսներին» ու հիմա զարմանում ենք, թե ինչու այսպես եղավ։
Անցած օրը կարդում էի ՍիվիլՆեթի «MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը» հոդվածն ու մտածում, որ անիմաստ է ինչ-որ բան բացատրել մարդկանց։ Մարդուն բռնել են, մեղմ ասած, գողություն անելիս, իսկ նա հերքում է. «Քանի՞ անգամ հերքեմ, դատական հայցով էլ հերքված է։ Ինչ վերաբերում է, որ իմ տվյալներով է գրանցված, այսօր ցանկացած մարդու տվյալներ կարելի է վերցնել ու իր անունով թե՛ դոմեյն գրանցել և թե՛ ֆեյսբուքյան օգտահաշիվ բացել, բայց դա չի նշանակում, որ դրանք պատկանում են այդ մարդուն»։
Հիմա ասեք՝ ինչո՞վ են պակաս գեորգիքսներ նրանք, ովքեր իրար հերթ չտալով հայտնվում են տարբեր «սիվիկներում», «ռադարներում» ու մնացած նմանատիպ հարթակներում՝ առավոտից երեկո վարկաբեկելով մարդկանց։ Չգիտեմ էլ՝ ինչու գրեցի այս ամենը, կամ ինչ իմաստ ունի գրել, երբ «գեորգիքսները» գրավել են երկիրը և մորեխների երամի պես ոչնչացնում են ամեն մարդկային արժեք։
Ամեն դեպքում, քանի դեռ ապրում ենք, պետք է զգուշանանք «գեորգիքսներից»։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանց պարզապես արհամարհել է պետք։ Կապ չունի, որ երկիր ենք կորցնում, կապ չունի, որ կործանվում ենք. մենք ինքներս այդպես ուզեցինք։

Հարութ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ