ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իմաստնության օազիսը՝ աղմկոտ առօրյայի ճահճում

Իմաստնության օազիսը՝ աղմկոտ առօրյայի ճահճում
28.08.2026 | 11:33

(Հայրապետական Գահը՝ որպես ազգային ինքնության անսասան վահան)


Օգոստոսի 27-ին, «Ռոսլին» արվեստի հանդեսի խմբագրակազմի հետ, պատիվ ունեցա ներկա գտնվելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված հյուրընկալությանը։
Մայր Աթոռում տիրող վեհությունն ու լռությունը յուրահատուկ ապրումներ պարգևեցին։ Խորհրդավոր պահեր, որոնք կարծես կանգնեցրին ժամանակը՝ մեկդի տանելով ավելի քան ութ տարի առավոտից երեկո մեր կյանքը թունավորող աննորմալ ճղճղոցը։
Վեհափառից բխող անպարգիծ խաղաղությունն ու հոգևոր լույսը ստիպեցին հետադարձ հայացք նետել ոչ հեռավոր անցյալին ու վերհիշել, թե ինչ են իսկական ներքին հավասարակշռությունը, լռությունն ու մնայուն արժեքները։
Հայրապետի շուրթերից հնչող յուրաքանչյուր բառ ու ձևակերպում մղում էր մտորելու ժամանակավորի և հավերժականի հանդիպման մասին։ Դրանք պարզապես խոսքեր չէին, այլ դարերի հիշողությունն ու իմաստնությունը կրող պատգամներ, որոնք ակնթարթորեն արժեզրկում էին օրվա անցողիկ տագնապները՝ վերադարձնելով մեզ մեր հոգևոր ակունքներին։
Կաթողիկոսի հետ անցկացրած այդ մեկուկես ժամն անգնահատելի դադար էր, երբ աշխարհիկ աղմուկը նահանջեց՝ տեղը զիջելով դարավոր հավատքի, իմաստնության և ներքին անսասանության լռությանը։
Հենց այդ վեհության մեջ ավելի խորն ընկալեցի ճշմարտությունը․ մեզ պարտադրվող կեղծ օրակարգն ապրում է վայրկյանների ու րոպեների ռիթմով․ այն վաղանցիկ է, հաճախ՝ ստահոդ, տագնապալի ու մակերեսային։
Մինչդեռ Հայրապետական Գահը խորհրդանշում է դարերի հիշողությունը՝ ավելի քան 1725-ամյա պատմություն, աղոթք և փորձառություն։
Հայոց հավատքի Գահակալի պարգևած այդ ակնթարթները բացառիկ հնարավորություն էին՝ դուրս գալու ականջ ու նյարդեր սղոցող հիստերիկ ֆալցետի ղժղժոցից և հպվելու այն արժեքներին, որոնք դիմացել են դարերի ու ժամանակի փորձությանը։ Դա աղմկոտ, անցավոր ներկայի և լռակյաց, վեհ հավերժության հանդիպումն էր։
Մինչ աշխարհը պահանջում է ակնթարթային արձագանքներ, իսկ երկրի թիվ մեկ ամբիոնից հորդում են հայհոյանքը, սպառնալիքն ու պառակտումը, Հոգևոր Առաջնորդի հետ զրույցը դառնում է հանդարտության, իմաստնության ու խորասուզման իսկական օազիս։
Վեհափառն իր իմաստուն պատգամով ձևավորեց այնպիսի հոգևոր միջավայր, որտեղ ազատվեցինք աշխարհիկ մարտահրավերներին արձագանքելու անվերջանալի վազքից՝ հնարավորություն ստանալով ինքներս մեզ տալու ամենաէական հարցադրումները․
- Ո՞վ ենք մենք այս ալեկոծ աշխարհում։
- Որտե՞ղ է մեր հոգևոր անսասան հենարանը։
- Ինչպե՞ս պահպանել մարդկայինն ու լուսավորը, երբ շուրջբոլորը թանձրանում է գորշ ու անհրապույր խավարը։
Եվ այդ հարցադրումների ֆոնին ավելի պարզ դարձավ․ փիլիսոփայական իմաստով՝ Վեհափառի կերպարը լոկ անհատական չէ․ նա հավաքական հիշողության, ազգային ինքնության և հոգևոր շարունակականության կրողն է։ Հանդիպումն ու օրհնություն ստանալը ոչ թե պարզապես ավանդույթ էին, այլ կապի վերականգնում մեր ակունքներին ու արմատներին։
Ինչը հիշեցում էր՝ ցանկացած ճգնաժամ նահանջում է, երբ ունենք այդպիսի անխախտ հոգևոր առանցք։
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունից հետո զգացի, թե ինչպես զորացա հոգով։ Նաև հստակ գիտակցեցի․ երբ աշխարհը հյուծում ու ապականում է իր խլացնող աղմուկով, մարդուն անհրաժեշտ է հայացքը հառել դեպի երկինք։ Հանդիպումը Վեհափառի հետ դեպի ներս և դեպի վեր կատարված այնպիսի հոգևոր թռիչք էր, որտեղ քաղաքականությունն ու օրվա ախտաբեր լրահոսը իսպառ կորցրին իրենց իշխանությունը՝ տեղը զիջելով իմաստնությանը, խաղաղությանն ու անսասան հույսին։
Խորին ակնածանքով ու շնորհակալությամբ խմբագրակազմի անունից շնորհավորանքներս եմ հղում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան հոբելյանի առթիվ։
Այսօր, երբ մեր երկիրը փորձվում է ազգակործան ու ախտաբեր ընթացքով, Վեհափառ Հայրապետի առաքելությունն այլևս լոկ հոգևոր ծառայություն չէ․ դա պատմական ու բարոյական անխուսափելի կոչում է՝ մնալու Հայոց Գահին որպես ազգային ինքնության ու պետականության անսասան վահան։ Նա «դատապարտված» է կրելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական լուծը, քանի դեռ չի հաղթահարվել այս աղետալի խորշակը, իսկ դրանից հետո՝ թող լինի ըստ Նրա աղոթքի, կամքի ու սրտի փափագի։
Ինչպես Տերունական աղոթքն է սովորեցնում․
- Հա՛յր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ՛ արքայութիւն Քո։
Եղիցի՛ն կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի․․․

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ