«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Քաղաքական ալցհեյմեր»

«Քաղաքական ալցհեյմեր»
14.10.2026 | 19:12

(Հարատևության անկյունաքա՞ր, թե՞ պետականության գերեզմանաքար)

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել... Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա... Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա»։
Երբ պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը փորձում է սեփական ձախողումներն ու զիջումները քողարկել «պատմությունը վերասահմանելու» կասկածելի սոփեստությամբ, բանականությունը պարզապես հրաժարվում է ընդունել այդ տրամաբանությունը։
Ո՞րն էր իմ անակնկալ արձագանքը հավաքական հիշողությունը ջնջելու նիկոլական այս զառանցանքին։ Դա ոչ թե պատմագիտական վեճ էր, այլ վայրկենական կլինիկական ախտորոշում, որը նալբանդյանական շնչով ինքնաբերաբար պոկվեց հոգուցս.
Առաջին խոսքն, որ ասացի,
Չէ՛ր պատմություն, կամ այլ ինչ,
«Քաղաքական ալցհեյմեր»... դուրս թռավ
Իմ ապշահար բերանից։
Իսկապես էլ, ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը, եթե ոչ հիշողության աստիճանական կորուստ, ինքնության փլուզում և իրականության ընկալման իսպառ աղավաղում։ Երբ վարչապետի աթոռին նստածը հայտարարում է, թե պատմությունն այն չէ, ինչ եղել է, նա հանրությանը պարտադրում է հենց այս կործանարար ախտանիշը՝ մոռանալ անցյալը, կտրվել սեփական արմատներից և հավաքական գիտակցությունը խեղդել սին պատրանքների մեջ։
«Քաղաքական ալցհեյմեր» ախտորոշումն առավել ճշգրիտ է դառնում, երբ աչքի ես անցկացնում ախտահարվածի ամբողջական տեքստը (որը չեմ վկայակոչում՝ ընթերցողին ավելորդ անգամ ցնցումների մեջ չգցելու նկատառումով)։
Կարդում էի ու ապշում՝ ինչպիսի՜ «հզոր» մանիպուլյացիոն կասկադ, որի «ճարտարապետն» անիմաստ բառախաղերով փորձում է իրականացնել հասկացությունների նենգափոխում։ Պատմական փորձը «ձեռնարկ» անվանելով և պատմությունը սոսկ «վաղվա ստեղծվելիք» հռչակելով՝ նա փորձում է իրավական ու բարոյական պատասխանատվությունից ազատել ներկայի ձախողումները։ Ասել է՝ հիշողության կանխամտածված սպանդ, որտեղ անցյալը ջնջվում է, որպեսզի ներկայի դատավճիռը երբե՛ք չկայացվի:
Գլխավոր ախտակիրն անդադար մոռանում է երեկվա հանձնած տարածքները, նախորդ օրվա տված խոստումներն ու իր պատճառով հայ ժողովրդի կրած անդարմանելի վիշտը, բայց փոխարենը՝ հիվանդագին մանրամասնությամբ հիշում է, թե ինչպես պետք է սիրաշահել թշնամուն։
Սա հիշողության սովորական, ընտրողական կորուստ չէ, այլ պետական մակարդակով կազմակերպված ամնեզիա, որտեղ հիվանդության մանրէները համակարգված կերպով ներարկվում են հանրային գիտակցության մեջ։ Եվ այդ ամենն արվում է «պատմություն» և «ապագա» հասկացությունների արհեստական կամրջմամբ ու նենգափոխմամբ, որպեսզի հասարակությունը կորցնի կողմնորոշումը ժամանակի ու սեփական ինքնության մեջ։
«Պատմություն» բառն իր էությամբ, լեզվամտածողությամբ և գիտական հիմնարար սահմանմամբ անցյալի փաստերի, իրադարձությունների և ազգային հիշողության անփոփոխ համախումբն է։ Իսկ ապագան պլանավորելուն, նախագծելուն կամ կերտելուն միտված տրամաբանությունն ու քաղաքագիտությունն անվանում են «ռազմավարություն», «քաղաքականություն» կամ «տեսլական» (որքան էլ չեմ սիրում այս վերջին բառը, ստիպված եմ արձանագրել)։
Եվ երբ «քաղաքական ալցհեյմերի» առաջին «զոհը» ինքնավստահ հայտարարում է՝ «Պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա», նա պարզապես հիմնահատակ ջնջում է հայոց լեզվամտածողությունն ու մեր իմացաբանական հիմքերը։
Նույնն է, ինչ հանդիսավորությամբ ազդարարես․
«Քարտեզն այլևս այն չէ, թե որտեղ են իրականում գտնվում սարերն ու գետերը, այլ այն, թե ես որտե՛ղ կցանկանայի, որ դրանք լինեին»։
Բայց ի՞նչ է թաքնված այս ցնդաբանության թիկունքում, և ինչո՞ւ է Փաշինյանին օդ ու ջրի պես պետք նմանատիպ նենգափոխումը։
Սա պատասխանատվությունից փախչելու վախկոտ, բայց միևնույն ժամանակ խորամանկ տեխնոլոգիա է։ «Անցյալն անցյալում թողնելու» շինծու պատրվակով նա փորձում է ժողովրդի հավաքական հիշողությունից արմատախիլ անել իր իսկ գործած աղետները՝ հողային ու մարդկային ահռելի կորուստները, Սյունիքում, Գեղարքունիքում ու սահմանային մյուս բնակավայրերում՝ հենց իր գովերգած «խաղաղության դարաշրջանում» թափված հայի արյունն ու թշնամու կրակոցից որդի կորցրած հայ մոր անդարմանելի ողբերգությունը։ Նա հայտարարում է, թե «անցյալը փոխել չենք կարող», որպեսզի ներկայում ոչ ոք իրենից հաշվետվություն ու պատասխանատվություն չպահանջի այդ նույն անցյալի մղձավանջի համար։
Ջորջ Օրուելն իր «1984» հակաուտոպիստական վեպում հանճարեղ ճշգրտությամբ ախտորոշել էր հենց նման բռնատիրական մանիպուլյացիայի էությունը․
«Ով վերահսկում է անցյալը, նա վերահսկում է ապագան․ ով վերահսկում է ներկան, նա վերահսկում է անցյալը»։
Փաշինյանը, տիրապետելով ներկայի իշխանական լծակներին, փորձում է չեղարկել մեր պատմական անցյալն ու գոյաբանական իրավունքները, որպեսզի լեգիտիմացնի իր բոլոր ձախողումները, իսկ ապագայի անվան տակ հանրությանը վաճառի թշնամու քմահաճույքով ու պարտադրանքով գրված վիրտուալ «խաղաղության» փուչիկները։
Եթե ուզում ենք բացահայտել Նիկոլի «փիլիսոփայական» թակարդի բուն, մերկացված նպատակը, պարտավոր ենք անդրադառնալ 2026-ի հոկտեմբերի 13-ի վաղորդայնին եթեր արձակված նրա հերթական տեսաուղերձին։
«Երեկ ես խոսեցի այն պատմության մասին, որը միասին պետք ա կերտենք։ Եվ շատ կարևոր է արձանագրել, թե ինչպես դա պիտի տեղի ունենա։ Իմ պատկերացումը հետևյալն է․ առաջիկայում մենք պիտի կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը՝ նախաստորագրված, ստորագրելու և վավերացնելու գործի վրա։ Եվ երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»։
Ահա՛ և դավադրության ողջ «գաղտնիքը»։
Պարզվում է՝ նախորդ օրվա «տեսական» ցնդաբանությունն ընդամենը հող նախապատրաստող, հանրությանը թմրեցնող պրելյուդն էր, իսկ հաջորդ առավոտվա ուղիղ եթերը՝ դրա գործնական, կապիտուլյացիոն հանգուցալուծումը։
«Պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա» բառակույտի իրական ծածկագիրը սա՛ է․ ջնջել անցյալի հիշողությունը, սրբագրել պատմական աղետներն ու պատասխանատվությունը, որպեսզի վաղը, որպես «հարատևության անկյունաքար», հանրությանը հրամցվի թշնամու պարտադրած հերթական թղթի ստորագրումը։
Երբ զուգադրում ենք նրա երկօրյա հայտարարությունները, ստանում ենք «կատարյալ», բայց նաև աղետալի շղթա՝ իր դաժան հարցադրումով ու պատասխանով։
Ինչո՞ւ էր պետք հիմնահատակ ջնջել անցյալի պատմությունը։
Պատասխանը պարզ է․ որպեսզի Ադրբեջանի հետ ստորագրվի վիրտուալ «խաղաղության» թուղթը, պետք է բռնի ուժով չեղարկել ու մոռացության տալ անցյալը։ Գրեթե՝ մոռանալ Հերոստրատին և նրա հրդեհած տաճարը։
Մեզնից պահանջում են․
մոռանալ Արցախը և հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ողբերգական տեղահանությունն ու հայրենազրկումը։
Մոռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան՝ Իշխանասարից մինչև Շաքի, Վարդենիսից մինչև Ջերմուկ։
Մոռանալ մեր սուրբ զոհերին, մեր պատմական իրավունքներն ու թշնամու ցեղասպան և ահաբեկչական էությունը։
Երեկ նա «տեսականորեն» հիմնավորում էր, թե անցյալը պատմություն չէ, որպեսզի այսօր, ՀՀ քաղաքացու դեմքին անմեղորեն նայելով, ասի․ «Այն, ինչ եղել է, մի՛ հիշեք, միևնույն է՝ փոխել չենք կարող․ եկեք ամեն ինչ սկսենք նոր, մաքուր էջից՝ իմ կործանարար զրոյական կետից»։
Ի՞նչ է իրականում նշանակում նրա՝ «պատմությունը, որը պետք է տեղի ունենա» իմացաբանական ձևակերպումը։
Դրա դիպուկ ու աներկբա թարգմանությունը մեկն է՝ «կապիտուլյացիայի վավերացում»։
Երբ հանդիսավորությամբ հայտարարում է՝ «Պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա․․․ իսկ դա խաղաղության համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելն է», նա «պատմություն կերտել» է անվանում թշնամու բոլոր պահանջների անվերապահ ու ամբողջական կատարումը։ Սա հասկացությունների սարսափելի ու նենգ մանիպուլյացիա է, որտեղ.
ա) ազգային պարտությունը, անվերջանալի զիջումներն ու թշնամու առջև ծնկելը ներկայացվում են որպես «պատմական նվաճում» և «ապագայի կերտում»։
բ) Սեփական անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից ու արժանապատվությունից հրաժարումն էլ կոչվում է «պետականության հարատևության անկյունաքար»։
Այնուամենայնիվ, կենսական հարց․ «հարատևության անկյունաքա՞ր», թե՞ պետականության գերեզմանաքար։
Նրա այն պնդումը, թե Ադրբեջանի հետ հերթական թղթի ստորագրումը «Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարն է», հակասում է պատմության բոլոր օրենքներին (այն նույն պատմության, որը նա այդպես համառորեն փորձում է չեղարկել)։
Թղթի կտորը երբեք անվտանգություն չի երաշխավորել, մանավանդ մի թշնամու հետ, որի զինվորը նույնիսկ այսօր՝ «խաղաղության» մասին ճառերի ներքո, ազատորեն մտնում է հայկական Շաքի գյուղ ու կրակում հայ մոր վրա։
Պետության հարատևության անկյունաքարը միայն ու միայն ուժեղ բանակն է, անառիկ սահմանը, ազգային անկոտրում արժանապատվությունն ու սեփական քաղաքացուն պաշտպանելու պետական կամքը։ Բայց ոչ երբեք՝ թշնամու քմահաճույքով ու պարտադրանքով ստորագրված ստորացուցիչ թղթիկը։
Այնտեղ, որտեղ ավարտվում է հիշողությունը և սկսվում է «քաղաքական ալցհեյմերը», ծնվում է ոչ թե ապագա, այլ պետականության կործանում։ Եվ միայն պատմական հիշողության արթնացումն ու սեփական արմատներին տեր կանգնելու կամքը կարող են թույլ չտալ, որ մեր հայրենիքի անկյունաքարը վերածվի նրա գերեզմանաքարի։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Պատմությունը լաբորատորիայի փորձանոթ չէ, իսկ ազգային հիշողությունը՝ համակարգչային ջնջվող ֆայլ, որը կարելի է խմբագրել կամ վերագրել «զրոյական կետից»։
Որքան էլ փորձեն հանրային գիտակցության մեջ ներարկել ամնեզիայի թույնը, իսկական պատմությունը չի սկսվում այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական ցնդաբանությունը։
Պատմությունն ապրում է այնքան, որքան ապրում է ազգի հավաքական հիշողությունը։ Եվ այդ հիշողության արթնացումն է այն միակ հակաթույնը, որը թույլ չի տա, որ մեր հայրենիքի ապագան գրվի թշնամու թելադրանքով, իսկ մեր անցյալը նետվի մոռացության աղբանոց։
Դիտվել է՝ 588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ