Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ինչու՞ է երկրպագությունը միայն Աստծուն պատկանում

Ինչու՞ է երկրպագությունը միայն Աստծուն պատկանում
21.07.2026 | 16:38

Սուրբ Գիրքը միաձայն վկայում է, որ երկրպագությունը պատկանում է միայն Արարչին։ Ո՛չ մարդը, ո՛չ հրեշտակը, ո՛չ որևէ ստեղծված էակ չի կարող լինել երկրպագության առարկա։ Ահա աստվածաշնչյան հիմնական պատգամները, որոնք բացահայտում են երկրպագության բուն էությունն ու դրա սահմանները․

1․ Երկրպագության բացարձակ պատվիրանը՝ ըստ Քրիստոսի խոսքի.

«Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես» (Մատթ․ 4։10)։

«Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես» (Ղուկ․ 4։8)։

2․ Տասնաբանյայի առաջին և երկրորդ պատվիրանները.

«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։ Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը․․․» (Ելք 20:2-5):

3․ Արարվածին՝ մարդուն, հրեշտակին երկրպագելու արգելքը.

Գործք առաքելոցում Պետրոս առաքյալը մերժում է իրեն երկրպագելը․

«Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ երկրպագեց։ Պետրոսը ոտքի կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ» (Գործք 10:25-26)։

Հրեշտակը մերժում է իրեն երկրպագելը․

«Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր...» (Հայտն․ 19:10)։

Պողոս և Բառնաբաս առաքյալների արձագանքը․

Գործք առաքելոցում ժողովուրդը ցանկանում էր Պողոսին ու Բառնաբասին աստվածներ հռչակել և զոհ մատուցել նրանց, սակայն առաքյալները կտրականապես մերժեցին դա․ «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը...» (Գործք 14:15)։

4․ Աստծո փառքը այլ բանի չտալու մասին.

«Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին» (Ես․ 42:8)։

«Անձս Տիրոջով պիտի պարծենա. թող լսեն հեզերը և ուրախանան։ Մեծարե՛ք Տիրոջն ինձ հետ, միասին պանծացնենք նրա անունը» (Սաղմ․ 33:3-4)։

5․ Արարչի փոխարեն արարածին պաշտելու նախազգուշացումը.

«Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն» (Հռոմ․ 1:25)։

6․ Ճշմարիտ երկրպագության էությունը.

«Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ․ 4:23-24)։

7․ Երկրպագությունը միայն Տիրոջն է պատշաճում.

«Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք և արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։ Նա ինքն է մեր Աստվածը, մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը և նրա արոտի հոտը» (Սաղմ․ 94:6-7): Սաղմոսերգուն ոչ թե պարզապես խոնարհվելու, այլ Արարչին պաշտելու է հրավիրում։

Այսպիսով․

Սուրբ Գրքի ամբողջ վկայությունը միաբերան է. երկրպագությունը պաշտամունք է, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ պատճառով քրիստոնյան չի կարող նույն բառով անվանել Աստծուն մատուցվող երկրպագությունն ու մարդու նկատմամբ ունեցած պատիվը, սերը կամ համակրանքը։ Մենք պատվում ենք մարդկանց, մեծարում ենք սրբերին, հարգում ենք ծնողներին, բայց երկրպագում ենք միայն Աստծուն։ Եղե՛ք մարզասեր, արվեստասեր, համակիր կամ աջակից, բայց երկրպագությունը վերապահե՛ք միայն Արարչին։

Տարածե՛ք, որպեսզի մեր խոսքը լինի գիտակցված, իսկ հավատքը՝ ուղղափառ, ճշմարիտ ու անխաթար։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ