«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հայկական դիվանագիտությունն ու պաշտոնական Երևանի «խորհրդավոր» լռությունը

Հայկական դիվանագիտությունն ու պաշտոնական Երևանի  «խորհրդավոր» լռությունը
29.06.2026 | 17:34

Ինչպես և սպասվում էր՝ Թուրքիայի պատասխանը Իսրայելին չուշացավ:

«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Այս կոշտ արձագանքը մանևրելու սողանցք չթողեց «կրտսեր դամքաշ եղբոր» համար, և Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հապճեպ մեղադրականը:

«Նման քայլերը ոչ թե նպաստում են հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ընդհակառակը՝ խորացնում են եղած հակասություններն ու խոչընդոտում տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ջանքերին։ Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել այդ որոշումը։ Ադրբեջանը հավատարիմ է մնում պատմական ճշմարտությանը, միջազգային իրավունքի սկզբունքների հարգմանը և տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատմանը»։

Մի կողմ թողնենք պատմական ճշմարտությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին Ադրբեջանի հավատարմության ծիծաղելի հիշատակումը, փորձենք հասկանալ, թե ինչ է ակնարկում Բաքուն «կայացված որոշումը վերանայելու» առաջարկով:

Դիվանագիտական լեզվով դա նշանակում է անցնել փակ բանակցությունների՝ սակարկվող հարցերի շուրջ փոխընդունելի համաձայնությունների կնքմամբ: Ավելի պարզ ասած՝ սա՝ ինձ, սա՝ քեզ: Որ Թել Ավիվն ու Անկարան քաղաքական գործարքների հարցում միմյանց արժանի մրցակիցներ են, դիվանագիտական առևտրում էլ իրենց անշփոթելի «բրենդն» ունեն, կասկածից վեր է: Կկայանա՞ այս ամգամ վաղեմության ժամկետ չունեցող այդ գործարքը՝ դժվար է կանխատեսել: Համենայն դեպս, «երբեք մի ասա՝ երբեք» վերապահումը արժե աչքի առաջ ունենալ: Առավել ևս, որ իր հայտարարության մեջ Բաքուն հիմնական շեշտը դրել է «տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման» վրա: Այսինքն, վաղը, եթե հայ-թուրքական հարաբերություններում սառը խաղաղության փխրուն շրջափուլին փոխարինելու գա տաք հակամարտությունը՝ մեղավորն Իսրայելն է լինելու՝ Հայոց ցեղասպանության ճանաչման իր սադրիչ նախաձեռնությամբ:

Սա՝ պաշտոնական Բաքվի վարկածով:

Իսկ ի՞նչ է մտորում այս առնչությամբ պաշտոնական Երևանը:

Պաշտոնական Երևանը «խորհրդավոր» լռություն է պահպանում, ճիշտ՝ ինչպես խորհրդարան անցած հայաստանյան ընդդիմությունը՝ Սահմանադրական դատարանի վճռից առաջ: Մեկ էլ տեսար՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու «ճանը ալչու կանգնեց»:

Սա էլ հայկական դիվանագիտություն է՝ նստել թախտին, սպասել բախտին: Ընդ որում, բանալի բառն այստեղ «թախտն» է. թե տակիցդ տարան՝ տարան, թե չտարան, ուրեմն, դեռ թախտին ես: Բախտն էլ… Դե, մի օր կգա, է՛լի:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ