Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը

Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը
29.09.2025 | 12:46

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է, որ այս տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը մեծ նշանակություն ունի երկրի համար։

Սակայն իրականում այն խոցելի է մի քանի առումով․

1․ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար որևէ օրենք պետք չէր։ Բավարար էր իրականացնել կոնկրետ բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային տնտեսություն։ Փաշինյանի հիշատակած օրենքը ոչ թե ԵՄ ստանդարտներին համապատասխանելու գործիք է, այլ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու և երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքական հայտարարություն։

2․ Բրյուսելից որևէ ազդակ չի եղել։ ԵՄ-ը երբեք պաշտոնապես չի հայտնել Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու պատրաստակամություն։ Ստացվում է՝ Հայաստանը միակողմանիորեն ընդունում է օրենք, որը գործնական հետևանք չունի, բայց խորացնում է արտաքին քաղաքական անորոշությունը։

3․ Այս քայլը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ դարձնում ավելի խոցելի։ Այն ստեղծում է նոր ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, առանց երաշխիքի, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել որևէ իրական քայլ։

Փաշինյանի համար եվրաինտեգրումն ընդամենը քարոզչական շեշտադրում է, ոչ թե իրական պետական ռազմավարություն։

Իսկ Հայաստանի համար դա նշանակում է ոչ միայն սխալ կողմնորոշում ու չհաշվարկված քայլ, այլև բացահայտ արկածախնդրություն, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ