ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Ես եկել եմ իմ էշի հետևից»

«Ես եկել եմ իմ էշի հետևից»
06.11.2026 | 12:50


Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի մոտիվներով և հեղինակային նոր շրջադարձով

Երկրի փուչ միապետը, սնապարծության իր ծակ գահին բազմած, մի հրովարտակ արձակեց․
- Ով այնպիսի՜ մի տպավորիչ սուտ հնարի, որ ես՝ իմ բարձրագույն շնորհով, ստիպված լինեմ բացականչել՝ «սո՛ւտ է», իմ այս փառահեղ թագավորության կեսը կտամ նրան։
Եվ պալատ խուժեց ստախոսների, շողոքորթների ու դատարկախոսների մի ողորմելի շարասյուն՝ ամեն մեկն իր մաշված հեքիաթն իրացնելու։
- Մի թռչուն,- ճամարտակեց առաջինը,- ճանկեց ահեղ առյուծին ու թռցրեց-տարավ իր բույնը։
Արքան, դեմքին մի կեղծ ու մեծամիտ ժպիտ հագած, փնթփնթաց.
- Ի՞նչ սուտ, ա՛յ տգետ։ Թռչունն արծիվ էր, առյուծն էլ՝ կաթնակեր ձագուկ։ Իհարկե՛, ճանկեց ու տարավ։ Ուղեղդ մի՛ հոգնեցրու։
- Ես նետ արձակեցի դեպի երկնքի անհունը,- առաջ եկավ երկրորդը,- և նետն այդ վերադարձավ միայն վեց ամիս անց։
Արքան, հորանջելով ու արհամարհանքով, նետեց.
- Նետդ ընկել էր ծառի սաղարթին։ Աշնանը, երբ ծառը մերկացավ, նետն էլ ընկավ գետնին։ Անցի՛ր։
Այդժամ ամբոխի միջից առաջ քայլեց մի ալևոր՝ դեմքին դառը իմաստնության ու սառն հեգնանքի մի անդրդվելի դիմակ։ Նա նայեց արքայի փոշոտված մեծությանը և հատու-հատու, ինչպես մտրակի հարված, կտրեց.
- Մեր երկրում էշը թագավոր դարձավ։
Արքայի ներսում կատաղության մի նողկալի հեղեղ բարձրացավ, արյունը խփեց դատարկ գլխին, բայց սնապարծությունն ու գոռոզությունը շատ ավելի թանկ էին նրա համար, քան սեփական պատիվը։ Կուլ տալով այդ հրապարակային թուքը՝ նա ճզմեց իր ցասումն ու ձևացրեց, թե ոչինչ չի եղել.
- Ավա՛ղ, դա էլ է բացարձակ ճշմարտություն։ Նախկին արքան, պատուհանից դուրս նայելիս, վայր գցեց իր թագը։ Իսկ պատուհանի տակ կանգնած էր էշը, և թագն ընկավ ուղիղ նրա ականջների արանքը։ Դե, ով գլխին թագ ունի, նա էլ հենց թագավորն է...
Ալևորի աչքերում փայլատակեց իսկական, շառաչուն ապտակը։ Նա քայլ առաջ արեց, բացահայտ ծաղրանքով նայեց արքայի թագին ու ձայնը լսելի դարձրեց բոլորի համար.
- Իմաստո՛ւն ես, արքա՛, քո էշ-տրամաբանության առաջ խոնարհվում եմ։ Բայց ես դեռ չեմ ավարտել իմ պատմությունը։ Այդ նույն էշը, որի գլխին ընկավ նախկին արքայի թագը, և որը հենց նույն օրը հիմար հրաման արձակեց՝ «Ով այնպիսի՜ մի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, նրան կտամ իմ թագավորության կեսը»... հենց ի՛մ կորած էշն էր։ Եվ ես եկել եմ իմ էշի հետևից...

Շուշաննա ՀԱՅԱՍԱ
Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ