(կամ՝ ինչպե՞ս են կարգալույծներով ու ֆեյքերով Մայր Աթոռի դեմ հաշվեհարդարի հող նախապատրաստում)
Բժշկության մեջ կա մի սարսափելի ախտորոշում, որը կոչվում է աուտոիմուն հիվանդություն։ Սա այն աղետալի վիճակն է, երբ օրգանիզմի իմունային համակարգը խենթանում է և, սեփական մարմինը պաշտպանելու փոխարեն, սկսում է կատաղորեն խժռել իր իսկ առողջ բջիջներն ու կենսական օրգանները։
Հայաստանն այսօր, որպես պետական և ազգային օրգանիզմ, գտնվում է հենց այդպիսի բարոյական, քաղաքական ու աշխարհաքաղաքական աուտոիմուն ցնցման մեջ։ Մենք ականատեսն ենք այնպիսի ողբերգական պատկերի, երբ «գլուխն» այլևս մարմնինը չէ․ այն մտածում, խոսում և գործում է բացարձակապես սեփական մարմնի կենսագործունեության դեմ։
Եվ այսօր, երբ արտաքին թշնամին՝ եվրոպական կոստյում հագած, բայց օսմանյան յաթաղանի մտածողությամբ, բացահայտ թիրախավորում է հայոց պետականության հիմքերը, ներսի «աուտոիմուն» մեխանիզմն անցնում է կատաղի գրոհի մեր ազգային իմունիտետի ամենաամուր հիմնասյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այս հիվանդագին համակարգի գլխավոր մահակն ու մուտացված «արյան սպիտակ գնդիկները», իշխանական հովանոցի տակ ծվարած, պատվերով հարցեր հնչեցնող անանուն-անդեմ «լրագրողներն» ու լրատվամիջոցներն են, որոնք Աստծո ամեն օր կատարելագործում են հայրենակիցների վրա «գործ սարքելու», մարդկանց վարկաբեկելու և անպատիժ մրոտելու «դեղին» արհեստը։
Ասվածի և տեղեկատվական դավադրության դասական, գրեթե քրեստոմատիական օրինակ է «Հայկական ժամանակի» վերջին հարցազրույցը՝ «Ամորձատում, սեռավարակ, հույն քավոր, գերեզմանի վաճառք. ինչ է կատարվում Մայր Աթոռում. Տեր Տարոնը՝ լուրերի մասին» (30.07.2026 թ․) աղաղակող վերնագրով և ինքնությունը չբացահայտված ինտերվյուերով։
Միայն նյութին ծանոթանալուց հետո է բացահայտվում տեղեկատվական այս դիվերսիայի ունայնության ունայնությունը․ երկու «կեղծիք»՝ սեփական ինքնությունը թաքցնող լրագրողն ու կարգալույծ արված, հոգևոր կոչումից զրկված «ֆեյք» քահանան, ձեռք ձեռքի տված, իրենց ողջ «արտադրանքը» կառուցում են «օդից կախված լուրերի» ու փողոցային բամբասանքների հիման վրա՝ փորձելով տեղեկատվական պատերազմի դրոշ բարձրացնել Մայր Աթոռի դեմ։
Հարց․ լրագրությու՞ն է արդյոք «հայկական» կոչվող այս «Թուրքական ժամանակի» մատուցածը։
Պատասխան․ դասական մեդիա-մանիպուլյացիա է, որտեղ անանուն հարցադրումներով ու չստուգված լուրերով գեներացվում է «Վարչաբենդի»՝ արդեն ձանձրացրած ու հոգնեցրած ծանոթ աղմուկը, իսկ կանխակալ, բեմադրված պատասխաններով փորձ է արվում արատավորել Հայոց Եկեղեցու վարկն ու հեղինակությունը։
Առաջին իսկ «հարցուպատասխանից» ակնհայտ է դառնում լրագրողական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի ոչ միայն պակասը, այլև դրանց կանխամտածված ու բացահայտ շրջանցումը։
Բոլոր հարցերը ձևակերպված են «լուրեր են շրջանառվում», «ասում են, թե», «ըստ որոշ աղբյուրների» անորոշ ու սադրիչ կաղապարներով։ Ինչը տեղեկատվական մանիպուլյացիաների դասական տեխնոլոգիա է․ առանց որևէ փաստական ապացույցի, փաստաթղթի կամ վկայության հանրային դաշտ է նետվում ամենատհաճ ու զազրելի բամբասանքը, որպեսզի հետագայում այն «օրինականացվի» որպես «քննարկման թեմա»։
Անհայտ «լրագրողը» հնչեցնում է ուղղորդող, արդեն իսկ մեղադրանք պարունակող հարցեր, իսկ «զրուցակիցը» (ոչ թե «Տեր Տարոնը», ինչպես հանրությանը խաբեությամբ հրամցնում է անդեմ հեղինակը, այլ դեռևս 2025 թ․ նոյեմբերի 6-ին Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված ու աշխարհականների շարքին դասված Վարդան Հունանյանը), չունենալով և ոչ մի փաստացի ապացույց (բացառությամբ «լսել եմ», «ծանոթ չեմ, բայց...», «երևի» անհեթեթ արտահայտությունների), հնազանդորեն վերահաստատում է նախապես գրված թեզերը։
Այս «հարցազրույց»-պասկվիլում հատուկ ընտրված են այնպիսի զգայուն, շոկային ու տաբուացված թեմաներ, որոնք հանրային տիրույթում ակնթարթորեն առաջացնում են էմոցիոնալ ցնցում, զզվանք և ատելություն․
ա) Ինքնամարմնախեղում և ամորձատում․
Մանիպուլյատիվ նպատակն է՝ Գևորգյան հոգևոր ճեմարանն ու եկեղեցական կրթական համակարգը ներկայացնել որպես հոգեկան անկայունության, աղանդավորական դրսևորումների ու վտանգավոր շեղումների որջ։
բ) Սեռավարակներ և ապօրինի կապեր․
Մանիպուլյատիվ նպատակն է՝ հոգևորականության բարոյական կերպարի կատարյալ արժեզրկումը, նրանց ընտանեկան ու քրիստոնեական արժեքների ոտնահարում վերագրելը։
գ) Կրկնամկրտություն և «հույն քավոր»․
Բուն թիրախը Վեհափառ Հայրապետն է․ ձգտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել կանոնական ու վարդապետական ծանրագույն սխալների մեջ՝ իբր թե ֆինանսական շահի կամ «հովանավորչության» դիմաց։
դ) Գերեզմանների վաճառք և դիակիզում․
Մանիպուլյատիվ նպատակն է՝ անբարո փորձ կատարել Մայր Աթոռը ներկայացնելու որպես զուտ առևտրային, «բիզնես» կազմակերպություն, որտեղ սրբություններն ու հոգևոր ծեսերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով։
Հանրությանը որպես հերթական «ծամոն» նետված այս խոտան-զրպարտագիրը դիտարկենք ՀԱԵ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների, հատկապես պրանկերներ Վովանի ու Լեքսուսի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին կատարած զանգի համատեքստում։ Պարզվում է՝ երբ արտաքին քաղաքական դաշտում ակնհայտ է դառնում Եկեղեցին թուլացնելու կամ Կաթողիկոսին փոխարինելու արտաքին հետաքրքրությունը, ներսում անհրաժեշտ է դառնում հանրային հենարանի չեզոքացումը։
Սա պատահական աղմուկ չէ, այլ հստակ հաշվարկված հոգեբանական նախապատրաստություն։ Որպեսզի հանրությունը չընդվզի Եկեղեցու նկատմամբ ծրագրված իրավական ու քաղաքական հերթական ոտնձգությունների դեմ, նախապես ստեղծվում է «բարոյապես քայքայված» Եկեղեցու կեղծ իմիջ։
Թիրախային այս «անզգայացումը» կատարվում է կոնկրետ իրադարձություններից առաջ․
օգոստոսի 3-ին Ազգային ժողովի անդրանիկ նիստում կարգալույծների աղմկահարույց ներգրավումը։
Օգոստոսի 7-ին (ժամը 16:00-ին) Էջմիածնում (Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ) նշանակված առաջին դատալսումը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ շինծու քրեական գործով։
Նպատակը մեկն է․ նախապես արժեզրկել, բարոյազրկել ու վարկաբեկել Մայր Աթոռը, որպեսզի հանրությունը լռությամբ կամ նույնիսկ չարախնդությամբ ընդունի Եկեղեցու ղեկավարության դեմ իրականացվող աննախադեպ հալածանքները։
Այս ամենը լոկ մեդիա-աղբ, դեղին սենսացիա կամ պատվիրված պասկվիլ չէ, այլ մեր ազգային ինքնության ու պետականության դեմ ուղղված տեղեկատվական «աուտոիմուն» ինքնասպանություն է։ Երբ պետության լծակները, դատական համակարգն ու «պատվիրված» մեդիա-գործիքները միավորվում են Հայոց Եկեղեցին բարոյապես ու իրավապես կազմալուծելու համար, թիրախը միայն Մայր Աթոռը կամ Կաթողիկոսը չեն․ թիրախը հայոց ինքնության վերջին հոգևոր ու ազգային ամրոցն է։
«Թուրքական ժամանակների» մատուցած այս գավառական «օպերացիաները», անանուն «լրագրողների» զազրախոսությունները, «Վարչաբենդի» աղմուկն ու կարգալույծների «վկայությունները» դատապարտված են անհետանալու պատմության աղբանոցում։ Դրանք ընդամենը ժամանակավոր փոշի են 1700-ամյա Սրբության ճանապարհին։
ՀԺ-ի արածը լոկ լրագրողական էթիկայի խախտում կամ մասնագիտական անգրագիտություն չէ, այլ նաև դասական տեղեկատվական ահաբեկչություն է, հասարակության բարոյական իմունիտետը կազմալուծելուն միտված դիվերսիա և ազգային ինքնության ընտրության վերջնական հարց։
Երբ դեղին մամուլի հնարքներով փորձ է արվում անզգայացնել հանրությանը, օգոստոսյան այս շինծու դատավարություններին, կարգալույծների ներգրավմամբ քաղաքական բեմադրություններին ու Մայր Աթոռի դեմ իրավական հաշվեհարդարին լռությամբ հետևելը դառնում է պարզապես հանցակցություն։
Այլևս չեզոք դիտորդ մնալու ժամանակը չէ․ համազգային, արժանապատիվ ընդվզումը դառնում է մեր հոգևոր-մշակութային գոյության ու ինքնապահպանման միակ ուղին։
Հայոց Եկեղեցին ապրել է դարերով, հաղթահարել է կայսրություններ, բռնապետեր ու արտաքին հորդաներ․ կապրի ու կհաղթահարի նաև սեփական տան մեջ ծվարած այս մուտանտներին։ Բայց պատմությունն ու Երկինքն անողոք են լինելու․ Սրբության դեմ դուրս եկած յուրաքանչյուր ուրացող ու այս դավադրության կազմակերպիչ մահացու անեծքի է դատապարտելու ոչ միայն իրեն, այլև իր յոթ սերունդներին՝ հավերժ մնալով սեփական դավաճանության և ազգային արհամարհանքի ծանրության տակ։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ