ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Ազգային ջոջեր․ Արաքսյա էֆենդի

Ազգային ջոջեր․ Արաքսյա էֆենդի
17.09.2026 | 20:41
(անցյալի «դիզվառելիքով»՝ ներկայի աթոռին)

Երկու օր է հանգիստ չի տալիս տրագիկ մի հարց․ եթե ողջ լիներ Հակոբ Պարոնյանը և որոշեր «Ազգային Ջոջեր»-ի շարքը համալրել ժամանակակից «հայ քաղաքական գործչով», որ կոչվի՝ Արաքսյա Վարդանյան, ինչպե՞ս կսկսվեր այդ նոր պատումը։
Թերևս պարոն Հակոբն իրեն հատուկ սուր, դառնահեգնական ու պատկերավոր ոճով կգրեր․
«Քաղաքագիտությունը, որչափ ալ բարդ ու խորհրդավոր գիտություն համարվի, մեր օրերուն մեջ ստացած է արտակարգ պարզություն մը. բավական է, որ մարդ կարենա անցյալի խոստումները «դիզվառելիքի» պես վառել, ներկայի աթոռին կպչիլ և ամբիոնեն «ֆՌակցիոն» ճառեր հնչեցնել։
Արաքսյա էֆենդին այն յուրահատուկ հանճարներեն է, որոնք քաղաքական դաշտի մեջ ծնունդ կառնեն ոչ թե գաղափարներով, այլ՝ «սուրբ անգրագիտությամբ»։
Օր մը կտեսնեք զինքը Սամվել Բաբայանի դրոշակին տակ՝ պետության կործանման համար ողբալու և «ծնկի գալու» վտանգներեն ահաբեկված, իսկ հաջորդ օրը՝ նույն այդ «կործանիչին» (որ, ի դեպ, օրիորդ Արաքսյային երեսփոխանի փառավոր մանդատով օժտեց) ոտքերուն առջև անթաքույց ռևերանսներ ընելու պատրաստակամությամբ։
Սա օրիորդին համար սկզբունքը հին հագուստի պես բան մըն է․ առտուն կհագնի, իրիկունը կհանե՝ նայած թե որ կողմեն կփչե իշխանական տաք քամին։
Միայն թե անհասկանալի կմնա՝ ԱԺ գլխավոր ջոջերեն Ռուբինյան էֆենդին ինչու՞ այդքան համառությամբ ու պարբերաբար «տիկի՛ն, տիկի՛ն» ըսելով կմեծարեր օրիորդին։
Գուցե Ռուբինյան էֆենդին կկարծե, թե «տիկին» տիտղոսը քաղաքական հասունության նշան մըն է, կամ ալ կամենար ծածկել օրիորդին պատանեկան տաքարյունությունն ու անգրագիտությունը՝ զայն քաղաքակիրթ դիմակով քողարկելով։ Բայց ավա՜ղ, քաղաքականության մեջ, ինչպես և թատրոնի, դիմակը որքան ալ պատկառելի ըլլա, դերասանին խոսքն է, որ իրական դեմքը կհայտնե։
Դիմակներու ու տիտղոսներու այս տհաճ խաղին մեջ ամենեն հուսալի ապաստարանը կմնա Վիքիպեդիա կոչված նորօրյա հրաշք-տետրակը։ Այնտեղ, օրիորդին անվան դիմաց, «հայ քաղաքական գործիչ (ծնվ․ 1990թ․)» գրված է։ «Ականավոր» բառը դեռ չեն ավելցուցած, վստահաբար՝ խնայելով տպագրական թանաքը կամ թողնելով, որ ինքնուրույն ապացուցե իր ականավորությունը Ազգային Ժողովի բարձրագույն ամբիոնեն։
ՈՒ երբ սա պատկառելի օրիորդը կբարձրանա Ազգային Ժողովի սրբազան ամբիոնը, հայոց լեզուն կսկսի դողալ ու վառարանին կպչիլ, որպեսզի քիչ մը տաքնա։
Նորերս ամբիոնեն այնպիսի «մաՑեմաԾիկական» ու «ասՎալտային» ճառ մը հնչեցուց, որ նույնիսկ թերուս «Ազգային Ջոջերու» մեջ պատվավոր տեղ մը գրավելու իրավունքը արդարացիորեն նվաճեց։
Ամբիոնին առջև կանգնած՝ էֆենդին նախ որոշեց դասեր տալ պատմության և կրոնագիտության մարզերուն մեջ։
- Լա՜վ կմտածեք,- կգոռար ան դեպի ընդդիմադիրք, այնպիսի խորհրդավոր ու ահեղ դեմքով մը, կարծես ինքն անձամբ մասնակցած ըլլար Պոտսդամի վեհաժողովին կամ առնվազն Ռուսիո նախագահին հատուկ խորհրդականը ըլլար։
Ապա անցավ իրական «փիլիսոփայության»։ Անցյալի դպրոցական հուշերն արթնցան էֆենդիին մտքին մեջ․
- Ակամայից իմ աչքերում գալիս է մի տեսարան, երբ յոթ դասաժամի համար ընդամենը մեկ լիտր դիզվառելիք էր տրվում,- կողբար ան։- Երբ որ ես մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակին էի գնում, գրատախտակին գնալուց առաջ 10 րոպե ձեռքերս պետք ա ոչ թե վառարանի մոտ պահեՅ, այլ բառիս բուն իմաստով կպցնեՅ վառարանին։ Որ ձեռքերս տաքանա՜՜՜ր, կներեք, ճոխացրեցի, գոլանա՜՜՜ր, որ կարողանաՅ կավիճը բռնեՅ։ Որ կարողանաՅ գնայի գրատախտակին և խնդիր լուծեՅ։
Օ՜, ինչպիսի՜ ողբերգություն։ Գրատախտակին մոտենալե առաջ, 10 րոպե ձեռքերը վառարանին կպցնելու այս դասական տեսարանը այնքա՜ն սրտաշարժ էր, որ եթե Հոմերոսը ողջ ըլլար, անշուշտ «Իլիականեն» հետո «Դիզվառելիքական» մըն ալ կգրեր։
Բայց այստեղ «մաՑեմաԾիկան» դարձյալ կսկսի լալ։ Արաքսյա էֆենդին, որ 1990 թվականին լույս աշխարհ եկած է, առաջին դասարան պիտի մտներ մոտավորապես 1997-ին։ ՈՒրեմն, երբ մեր ժողովուրդը մութ ու ցուրտ տարիներուն իսկապես կմսեր, օրիորդը դեռ օրորոցին մեջ անուշ քնով կպառկեր։
Բայց իսկական քաղաքական «հանճարին» համար փաստերը կամ տարեթվերը որևէ արժեք չունին․ եթե ճշմարտությունը կխանգարե ողբերգական ճառին, ապա այնքան վատ՝ ճշմարտության համար։ Էֆենդին իր երևակայության մեջ 1997-ը հեշտությամբ տեղափոխեց 1992, որպեսզի ԱԺ-ի ամբիոնեն կարենա հասարակության մատուցել «սառած մատներով խնդիր լուծող հերոսուհիի» պատկերը։
- Վնաս չունի,- պիտի ըսեր Պարոնյանը,- եթե էֆենդին դպրոցին մեջ «մաՑեմաԾիկա» չէ սովորած, փոխարենը հոյակապ կտիրապետե «թվաբանության» այն հատուկ ճյուղին, որով ապառիկով գնված անցյալը կարելի է շատ թանկ գնով վաճառել ներկայիս։
Բայց ամենեն հրաշալի վայրկյանը այն էր, երբ էֆենդին փորձեց մտնել լեզվաբանության, փողոցային էթիկայի ու կրոնագիտության խորքերը։
«ՖՌակցիա», «ասՎալտ», «չկաՅն», «նախագաՅի», «մտնեՅք», «գոռաՅ», «ՄխիթաՅրանը», «ունենաՅք», «վերցնեՅք», «շրջվեՅք»․․․ Այս բառերը, որ նորություն էին հայոց լեզվի համար, էֆենդիի բերնին մեջ ստացան այնպիսի «սրբազան» փայլ մը, որ նույնիսկ Սուրբ Թարգմանիչները, եթե լսեին, իրենք զիրենք «ասՎալտին» կզարնեին․․․ թե՞ կփռեին։
Ապա, շրջվելով դեպի ընդդիմադիրները, էֆենդին ցույց տվեց քաղաքական «բարձր» մշակույթի փայլուն օրինակներ․
- Տիկի՜ն Հովսեփյա՜ն, Ձեր քամահրական ժպիտները պահե՛ք Ձեզ և լռե՛ք։
- Պարոն Ղազինյան, Ձեզ դուր կգա՞ր, որ երբ Դուք էիք թեկնածու, այս ամբիոնին կանգնած էՅք, ես տեղիցս գոռաՅ՝ դե, Դավոն ա, էլի։
Ահավասիկ, փողոցային «ռազբորկայի» այս անմահ լեզուն Ազգային Ժողովի ամբիոնեն հնչեցնելը, անշուշտ, «հայ քաղաքական գործիչ» պատվավոր տիտղոսին հասնելու կարճագույն ճանապարհն է։
Իսկ երբ էֆենդին հասավ կրոնագիտությանն ու ՀԱԵ-ին, նրա «սրբազան» աստվածաբանությունը ուղղակի պայթեցուց ամբիոնը։
- Է՜դ երբվանի՞ց ա Եկեղեցու հետևորդ լինելու դրսևորում դարձել նզովելը,- կհարցնե ան այնպիսի բարեպաշտ դեմքով մը, կարծես ինքը նոր իջած ըլլար Սինա լեռան գագաթեն։
Ապա, հանուն «հավատքի», կսկսի պաշտպանել Կաթողիկոսը իր ավազանի անունով կոչելու իշխանական «սուրբ» սովորությունը։
- Վնաս չունի,- պիտի ըսեր Պարոնյանը,- եթե էֆենդին չգիտեր, թե ինչ է հարգանքը Եկեղեցվո հանդեպ, փոխարենը հոյակապ կհասկնա, թե ինչպես կարելի է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունը տալով՝ իշխանական «սրտի» քարոզիչ դառնալ։
Ամենեն զվարճալին, սակայն, ընդդիմադիրներուն «տեքստը խմբագրելու» ու «նզովքին վերջի մասը» համաձայնեցնելու անոր բակային դիտարկումներն էին։ Փողոցային «ռազբորկայի» այս լեզվով Սուրբ Եկեղեցիեն ու հոգևոր արժեքներեն դասեր տալն այնպիսի հանճարեղ տեսարան մըն էր, որ անգամ Օտյանի Փանջունին ապշահար պիտի մնար։
Եվ այսպես, Արաքսյա էֆենդին ապացուցեց, որ մեր օրերուն մեջ քաղաքագետ կամ պատգամավոր դառնալու համար ամենևին պետք չէ կրթություն, տրամաբանություն կամ տարրական հայերենի իմացություն։ Բավական է ունենալ հարմարվողականության անսպառ պաշար, ձեռքերը «գոլացնելու» անցյալի դրամատիկ պատմություն մը և ամբիոնեն բարձրաձայն աղաղակելու պատրաստակամություն»։
Երեսփոխան օրիորդը ոչ միայն «ասՎալտի» ու ռևերանսների, այլև ժամանակի մեջ ճանապարհորդելու անգերազանցելի վարպետ դուրս եկավ։ Իսկ մենք՝ խեղճ ականատեսներս, կմնա միայն որ ծափահարենք այս հրաշալի դերասանուհուն, որն անցյալի «դիզվառելիքով» փորձում է տաքցնել իր ներկայի աթոռը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Այս ամբողջ պատմությունը՝ դիզվառելիքի վառարանով ձեռքեր «գոլացնելու» կեղծ հուշերից մինչև «ասՎալտային» ու «ռազբորկային» ճառերը, իսկապես որ պետք է դիտարկել բացառապես քաղաքական երգիծանքի տեսանկյունից։
Սա ամենախոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպես կարող է «հայ քաղաքական գործիչ» ձևակերպումը ստանալ լիովին այլ՝ ողբերգակատակերգական բովանդակություն։
Եթե Պարոնյանը կամ Օտյանը ողջ լինեին ու տեսնեին այս տրագիֆարսը, թերևս կավելացնեին, որ Արաքսյա էֆենդիի նմանները ոչ թե քաղաքականություն կամ պետականություն են կերտում, այլ պարզապես անսպառ «ատաղձ» են մատակարարում «Ազգային Ջոջեր»-ի անվերջանալի շարքի համար:
Դիտվել է՝ 307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ