Ազգային ինքնության մանիպուլյացիա. ինչու՞ են հենց հիմա շրջանառության մեջ դնում «լեզվի անփոփոխելիության» թեզը
03.11.2026 | 13:45
Երբ քաղաքական օրակարգում հանկարծ հայտնվում է մայրենի լեզուն «պաշտպանելու» թեման, առաջին հարցը, որ պետք է տալ, հետևյալն է. իսկ ո՞վ էր հարձակվել հայոց լեզվի վրա։
Իշխանության ներկայացուցիչների կողմից շրջանառվող հայտարարությունները՝ կապված նոր Սահմանադրությամբ հայերենի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակն «անփոփոխելի» դարձնելու հետ, առաջին հայացքից կարող է թվալ զուտ հայրենասիրական և պետականանվեր նախաձեռնություն։ Սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է բոլորովին այլ շերտեր։ Սա ոչ թե լեզվի պաշտպանության, այլ հասարակությանը կրկին մոլորեցնելու դասական օրինակ է։
Ցանկացած հասարակության ամենախոցելի և միևնույն ժամանակ սուրբ կետը նրա ինքնությունն ու մայրենի լեզուն է։ Այս թեմային դիպչելով՝ իշխանությունը կիրառում է «սպառնալիքի և փրկչի» դասական հոգեբանական հնարքը. նախ՝ արհեստականորեն կամ ուռճացված կերպով ստեղծվում է վտանգի պատրանք, թե իբր ինչ-որ մեկը (օլիգարխներ, «արտաքին ազդեցության գործակալներ» կամ ընդդիմություն) ցանկանում է հարվածել հայերենին կամ այլ պետական լեզուներ ներմուծել, ապա՝ իշխանությունն իրեն դնում է այդ վտանգի դեմն առնող «միակ փրկչի» դերում։
Սա ուղղված է մարդկանց ենթագիտակցական վախերի ակտիվացմանը։ Երբ հասարակության ուշադրությունը կենտրոնանում է հոգեբանորեն չափազանց զգայուն այս հարցի վրա, մարդիկ դադարում են նկատել զուգահեռաբար ընթացող կամ նախապատրաստվող այլ՝ իրականում շատ ավելի վտանգավոր և ճակատագրական պետական-քաղաքական գործընթացները։
Այս առաջարկը հենց այս պահին շրջանառվելը պատահական չէ և ունի հստակ հաշվարկված նպատակներ իշխանության կողմից:
Հասարակության մեջ կա բնական դիմադրություն կամ կասկածանք նոր Սահմանադրության ընդունման հնարավոր վտանգների նկատմամբ։ Վերցնելով անվիճելի և սուրբ մի արժեք (հայոց լեզուն) և այն կապելով նոր Սահմանադրության փաթեթի հետ՝ փորձ է արվում «փաթեթով վաճառել» ամբողջ փոփոխությունը՝ ստեղծելով քաղաքական ծուղակ: Ցանկացած ոք, ով կհամարձակվի քննադատել նոր Սահմանադրության նախագիծը կամ դեմ դուրս գալ դրան, ակնթարթորեն կպիտակավորվի որպես «հայերենի դեմ դուրս եկող», «թերարժեքության բարդույթով տառապող» կամ «օտարերկրյա գործակալ»։ Սա խոսքի ազատության և հիմնավորված առարկությունների լռեցման կոպիտ մեթոդ է։
Այս հռետորաբանությամբ իշխանությունը ձևավորում է խիստ բևեռացված օրակարգ՝ հասարակությունը բաժանելով «հայոց լեզվի նվիրյալների» և «ազգային թշնամիների/գործակալների»։ Այս մոտեցումը ոչ թե համախմբում, այլ խորացնում է ներսում առկա ճաքերը՝ շեղելով ուշադրությունը երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական, անվտանգային և իրական ստրատեգիական մարտահրավերներից։
Մենք գործ ունենք ոչ թե լեզվական անվտանգության ապահովման, այլ զգացմունքային մանիպուլյացիայի միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու և հասարակական ուշադրությունը շեղելու փորձի հետ։ Լեզվի պաշտպանության անվան տակ իրականում փորձ է արվում լեգիտիմացնել այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք այլ հանգամանքներում հասարակության կողմից կարող էին արժանանալ կոշտ դիմադրության։ Ժամանակն է սովորել տեսնել տողատակերը, չտրվել արհեստական բևեռացումներին և թույլ չտալ, որ մեր ազգային արժեքները դառնան քաղաքական տեխնոլոգիաների գործիք։
Հռչակագրի դեմ պայքարողը պայքարում է ոչ թե տեքստի, այլ հենց հայկական պետականության կամքի դեմ։
Հայկ Մովսիսյան
Մեկնաբանություններ