Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Նրանք ընտրեցին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Նրանք ընտրեցին հայրենիքին մատաղվելու ճանապարհը
08.08.2026 | 16:48

Լոռեցիները բազմաթիվ տարիներ նշում են ՀԱՀԳԲ-ի (ASALA) գործունեությանն առնչվող հիշարժան տարեթվերը։ Այս տարին ևս բացառություն չէր։ ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն ընդունված է նշել օգոստոսի 7-ին։

Այդ օրը կապված է 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի գործողության հետ, որի ընթացքում զոհվեց ԱՍԱԼԱ-ի անդամ Զոհրաբ Սարգսյանը, իսկ ավելի ուշ մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքչյանը։ Հետագայում օգոստոսի 7-ը հաստատվեց որպես ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օր։

Երախտիքի տուրքը վերստին մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի դյուցազն որդիների գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի առջև։

Հիշեցնենք՝ խաչքար-հուշակոթողը բացվել է 12 տարի առաջ՝ բարերարությամբ երախտագետ այրեր Պողոս Հակոբյանի, Վահե Միկիչյանի և Ռազմիկ Մադարյանի, օծմամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։

Ներկաներին հիշեցվեց, որ ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թվականի հունվարի 20-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Սկզբում կազմակերպությունը գործել է «Գուրգեն Յանիկյանի բանտարկյալի խումբ» անվամբ, այնուհետև ստացել է ԱՍԱԼԱ անվանումը։ Հիմնադիրների թվում առավել հաճախ նշվում են Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան), ինչպես նաև Հակոբ Տարաքճյանը և մի այլ սփյուռքահայ գործիչներ։

Կազմակերպության հայտարարած հիմնական նպատակներն էին՝ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջել փոխհատուցում, հասնել հայկական պատմական տարածքների հարցի քաղաքական լուծմանը։

1970-ականների երկրորդ կեսից մինչև 1980-ականների կեսերը ԱՍԱԼԱ-ն իրականացրել է բազմաթիվ զինված գործողություններ՝ հիմնականում թուրք դիվանագետների և թուրքական պետական թիրախների դեմ՝ տարբեր երկրներում։ Միաժամանակ, մի շարք հարձակումների ընթացքում զոհվել կամ վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք, հատկապես՝ 1983 թվականի Փարիզի Օրլի օդանավակայանում կազմակերպած պայթյունի ժամանակ։ Այդ պատճառով տարբեր պետություններ և միջազգային կառույցներ ԱՍԱԼԱ-ին դասել են ահաբեկչական կազմակերպությունների շարքը, մինչդեռ նրա որոշ նախկին անդամներ և այսօրվա բազմաթիվ համակիրներ այն ներկայացրել են որպես ազգային-ազատագրական զինված շարժում։ Այս հարցը մինչ օրս մնում է քաղաքական և պատմագիտական վեճերի առարկա։

Մինչդեռ Նահատակաց պուրակում համախմբված լոռեցիների, Երևանից և այլ բնակավայրերից ժամանած հյուրերի համար այդ պահին ոչ մի վեճ գոյություն չուներ։ Նրանց համահավաք գնահատականը մեկն էր՝ ԱՍԱԼԱ-ի անդամները անձնազոհ մարտիկներ էին, որոնք փորձեցին պաշտպանել ազգային արժանապատվությունը մի ժամանակաշրջանում, երբ հայկական պահանջները գրեթե չէին լսվում։

Հոգեհանգստյան կարգը մատուցեցին հոգևոր հայրերը՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տաճատ քահանա Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Նա մասնավորապես ասաց.

«Աստված մեզ ավանդել է՝ չունես զենք, պիտի ամեն կերպ ձեռք բերես՝ ինքնապաշտպանվելու նպատակով։ Դա է հայրենատիրության ամենակարևոր բաղադրիչը, դա են իմացել ու կատարել մեր սիրելի բանակի նահատակ մարտիկները։ Եվ Աստված նրանց զորավիգ է եղել։ Արցախյան հիմնահարցում մեզ պակասեց հենց այդ գլխավորը՝ հայրենատիրության գիտակցումը»։

Եվ ապա Տերունական աղոթքը հնչեց քաջարի ու անպարտելի նահատակների հիշատակին։

Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Վանաձորի երկրապահ կամավորական միության նախագահ Ռազմիկ Մադարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, անդրանիկագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը։

Նրանք մանրամասնորեն հիշեցին ԱՍԱԼԱ-ի ստեղծման ու գործունեության պատմությունը, արժանիորեն գնահատեցին բոլոր մարտիկների անձնազոհ և հայրենաշահ գործողությունները։

Հատուկ ընդգծեցին, որ այդ մարտիկները շատ երիտասարդ էին։ Նրանք անգամ չէին տեսել իրենց պատմական հայրենիքը, ահավոր եղեռնից փրկված մեր հայրենակիցների զավակներն էին, որոնք կամավոր ընտրել էին հայրենիքին մատաղվելու փորձությունը։

Այսօր մեզ հենց այդպիսի զավակներ են հարկավոր՝ հայոց դարավոր երազանքները ի կատար ածելու համար։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ