«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 2

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 2
03.02.2026 | 10:50

Սկիզբը՝ այստեղ

Սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին

Եկեղեցու ներքին գործերին Հայաստանի հայադավ իշխանությունների հերթական ապօրինի, հանցավոր միջամտությունը հունվարի 31-ի իր հայտարարությամբ խստորեն դատապարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»,- նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:

Հայաստանի մի խումբ հեղինակավոր իրավաբան գիտնականներ հայտարարությամբ պնդում են, որ «եկեղեցու բարենորոգման» անվան տակ իրականացվող պետական գործողությունները հակասում են Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ազգային օրենսդրությանը։ Նրանք նշել են, որ իշխանությունները գերազանցում են իրենց լիազորությունները՝ ապօրինի միջամտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և խախտելով խղճի ու կրոնի ազատությունը։ Հայտարարության մեջ շեշտված է, որ նման միջամտությունները դատապարտվել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով և վտանգում են սահմանադրական կարգի հիմունքները։ Իրավաբանները քննադատել են հակաեկեղեցական օրենսդրական նախաձեռնությունների աճն ու պաշտոնական հարթակներից հնչող զրպարտիչ հայտարարությունները։ Նրանք իշխանություններին կոչ են արել հրաժարվել այս գործելաոճից՝ հանուն պետության, հասարակության և ազգային եկեղեցու համընդհանուր շահերի։

«Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հրապարակային հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն առաջացնում են պետական իշխանության օրինականության և սահմանների հարցը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու միայն այն գործողությունները, որոնց համար ուղղակիորեն լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այդ լիազորություններից դուրս ցանկացած գործողություն ապօրինի է։

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա։ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական լեգիտիմությունը որոշելու, եկեղեցական որոշումները անվավեր ճանաչելու կամ եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք։ Հետևաբար պետության ցանկացած միջամտություն եկեղեցու կառավարմանը դուրս է նրա իրավասություններից։

Երբ պետական պաշտոնյան հրապարակավ հայտարարում է եկեղեցական որոշումները առոչինչ կամ արտահայտվում է եկեղեցական ղեկավարության լեգիտիմության վերաբերյալ, նա գործում է առանց իրավական հիմքի՝ փաստացի կասեցնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը սահմանադրական կարգի տապալում է համարում նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի գործողության փաստացի դադարեցումը։

Այս հարցը հստակ դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, նրա ընդունած որոշումները «արժեք չունեն և առոչինչ են», ինչպես նաև հաստատեց Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակը։

Կառավարության ղեկավարի կողմից արված նման հայտարարությունները հանդիսանում են պետական իշխանության իրականացման ձև և կարող են ունենալ իրավական ու վարչական հետևանքներ։ Այդպիսով խոսքը վերաբերում է Սահմանադրության ուղղակի խախտմանն ու գործողությունների, որոնք կարող են ընկնել քրեական օրենսդրության կարգավորման դաշտ»,- գրել է «301 Հայերեն» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով ՔԿ-ի հունվարի 29-ի հաղորդագրությանը , նշել, որ, ըստ էության, քրեական հետապնդում է հարուցվել Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ այս ամենն իրավական որևէ ընկալման հետ բացարձակապես կապ չունի։

Դանիելյանն ընդգծել է, որ օրինական, սահմանադրական ճանապարհով պետք է փորձել այս ամենի դեմն առնել։

Վեհափառ Հայրապետը, ինչպես Դանիելյանն է նշել, անսասան է։

«Դուք կարծում եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումնե՞րը… Համոզված եմ, ո՛չ, այս ամենն ապօրինի, իրականության հետ բացարձակապես աղերս չունեցող ճիգեր են, թող փորձեն, ինչ ասեմ»,- հավելել է պրոֆեսոր Դանիելյանը։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ