Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
11.07.2026 | 13:10

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 5711

Մեկնաբանություններ