Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում

Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում
29.07.2026 | 12:38

Բայց առայժմ դեռ չի համարձակվել

Ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը պատասխանելով Ուկրաինայի նմանաբնույթ գործողություններին, ակտիվացրեցին իրենց հարվածներն ուկրաինական բեռնատար նավերին, տանկերներին, նավահանգիստներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին, ՌԴ-ի հետ բարեկամություն խաղացող, բայց նրա խորքային թշնամի Թուրքիան, խաղաղարարի դիմակ հագած, սկսել է խառնվել գործին:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ հուլիսի 16-ին տեղի ունեցած բանակցություններից հետո, «Новости Mail»-ի փոխանցմամբ, միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ ռազմական գործողությունների սրացում Սև ծովի ջրատարածքում:

«Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի Սև ծովի վրա։ Սև ծովում նավահանգիստներին, տանկերներին և ձկնորսական նավերին հարվածներն ու խաղաղ բնակիչների կյանքը վտանգի ենթարկելն անթույլատրելի են»,- հայտարարել է Ֆիդանը, որի խոսքը մեջբերել է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը։

Արտաքուստ մի պահ կարող է թվալ, թե Թուրքիայի արտգործնախարարը ճիշտ բան է ասել, բայց ո՞ւր էր նա, ո՞ւր էր Թուրքիան, երբ Ուկրաինան մի քանի տարի շարունակ հարվածում էր նույն ծովում ռուսական նավահանգիստներին, տանկերներին, բեռնանավերին, ձկնորսական ու մարդատար նավերին, ինչո՞ւ Թուրքիան այն ժամանակ հանդես չէր գալիս նույն կոչով, ու խաղաղ բնակիչների կյանքը վտանգի ենթարկելու անթույլատրելիության մասին հիշեց միայն հիմա, երբ Ռուսաստանի համբերությունը հատավ ու սկսեց հարվածել ուկրաինական ոչ միայն ռազմանավերին:

Ֆիդանն ակնհայտորեն անտեսում է, որ Ուկրաինան Սև ծովի իր նավահանգիստներն օգտագործում է ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական նպատակներով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, այդ թվում նաև Թուրքիայից զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ստանալու, ինչպես նաև իր դեռ ամբողջովին չոչնչացված, ներառյալ՝ Արևմուտքից ստացված անանձնակազմ, հեռակառավարվող հարվածային վերջրյա և ստորջրյա դրոններով, պարեկային նավերով, խոշոր մոտորանավակներով ռուսական թիրախներին հարվածելու համար:

Թուրքիայի արտգործնախարարի նշած տանկերները դիզվառելիք, բենզին և ավիավառելիք են տեղափոխում Ուկրաինայի նաև տանկերի, զրահամեքենաների, բեռնատարների և ավիացիայի համար: Որևէ կասկած չունեմ, որ Ռուսաստանն Ուկրաինայի ձկնորսական նավերին չի հարվածել, այլ ճիշտ հակառակը, իսկ եթե նույնիսկ եղել են այդպիսի սակավաթիվ դեպքեր, ապա հարվածը հասցվել է միայն այն նավերին, որոնց վրա ՌԴ թշնամի պետությունների նավերից Սև ծովի վրա, ռուսական հետախուզությունից ոչ աննկատ, վերաբեռնվել են ԱԹՍ-ներ, դրանց բաղադրիչներ, զենք, զինամթերք և ռազմական այլ միջոցներ:

Ուկրաինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը, ինչպես Life.ru-ի փոխանցմամբ , հաղորդել է «Интерфакс‑Украина» լրատվական գործակալությունը, ընդգծել է, որ Սև ծովում խաղաղության և կայունության պահպանումը պարտադիր պայման է, և որ Անկարան կտրականապես չի ցանկանում ռազմական գործողությունների տեղափոխումը Սև ծով: Թուրքիայի արտգործնախարարը կարծես մի քանի տարի տևած լեթարգիական քնի մեջ է եղել ու նոր արթնացել, ի՞նչ է՝ ռազմական գործողությունները նո՞ր են տեղափոխվել Սև ծով…

Շատ հետաքրքիր է, թե «միջազգային հանրություն» կոչվածը (այս դեպքում հասկանալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ պետությունները, որոնք բոլորը, չնչին բացառությամբ, ՌԴ թշնամիներն են) ինչպե՞ս են իրականացնելու Ֆիդանի կոչը, այսինքն՝ թույլ չտալու ռազմական գործողությունների սրացում Սև ծովի ջրատարածքում…

Անդրեյ Սիբիգայի հետ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման մեխը Ֆիդանի այն հայտարարությունն է, որ Անկարան համաձայնել է Ուկրաինային անվտանգության ռազմածովայիներաշխիքներ տրամադրել, ինչով Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում: Կարևոր է նկատի ունենալ նաև այն, որ Ֆիդանի այցն Ուկրաինա տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ։

Նախարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Սև ծովում իրավիճակը և նավարկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունը (մի արհեստածին ու ՌԴ-ի համար զգայուն խնդիր) և ռազմական ոլորտում համագործակցությունը: Քննարկել են՝ կարծես մոռանալով կամ անտեսելով, որ Ղրիմը ոչ թե Ուկրաինային կամ Թուրքիային է պատկանում, ոչ թե նրանցից մեկի կազմում է գտնվում, այլ պատկանում է Ռուսաստանին, գտնվում է նրա կազմում ու տիրապետության ներքո, և եթե նույնիսկ կա Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն, ապա դա կարող է իրականացնել միայն նույն Ռուսաստանը:

Դե, իհարկե, այս ամենը նրանք չեն մոռացել ու շատ լավ գիտեն, Թուրքիայի և Ուկրաինայի նպատակը ոչ թե Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունն է, եթե մի պահ, տվյալ կեղծիքն անտեսելով, համարենք, թե նրանց իրավունքներն իրոք խախտված են, այլ արտերկրից միասնաբար, փոխգործակցելով, համակարգված կերպով հիբրիդային պատերազմի լծակները՝ տեղեկատվական, քարոզչական և հոգեբանական պատերազմի միջոցներն օգտագործելով, Ղրիմի թաթարներին Մոսկվայի և ռուսների դեմ տրամադրելը, նրանց ոտքի հանելը, ահաբեկչությունների իրականացման համար հնարավորինս օգտագործելը:

Ընդգծենք՝ Ուկրաինային անվտանգության ռազմածովային երաշխիքներ տրամադրել առանց ՌԴ-ի հետ հակամարտության մեջ մտնելու, անհնար է, քանի որ խոսքը ոչ թե քաղաքական, այլ ռազմածովային երաշխիքների մասին է: Դա նշանակում է, որ թուրքական ռազմանավերը և ավիացիան գտնվելու են ուկրաինական նավերի և նավահանգիստների հարևանությամբ և, որքան հնարավոր է, խոցելու են դրանք գրոհող ռուսական հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ները, հրթիռները, անանձնակազմ մոտորանավակները:

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների կողմից հնարավոր նմանաբնույթ գործողությունների առնչությամբ նախկինում քանիցս հայտարարել է, որ դա տվյալ պետության համար կնշանակի ՌԴ-ի հետ անմիջական հակամարտության մեջ մտնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, սակայն այս դեպքում, այսինքն՝ Ուկրաինային անվտանգության ռազմածովային երաշխիքներ տրամադրելու Թուրքիայի համաձայնության կապակցությամբ, Ռուսաստանում բոլորը լռում են, որևէ մեկի կողմից հակադարձում կամ մեկնաբանություն չի հանդիպել:

Ինչ կարող է լինել Թուրքիայի ճիշտ կամ սխալ հաշվարկի հետևում, եթե նրա վերոնշյալ համաձայնությունը սոսկ դատարկ հայտարարություն չէ, ինչը բացառված չէ: Թուրքիան կարող է մտածել, որ իր կողմից ռուսական ԱԹՍ-ների, հրթիռների խոցումից հետո Ռուսաստանը, հաշվի առնելով Թուրքիայի հետ առանձնահատուկ տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերությունները, հանդես չի գա պատասխան գործողություններով՝ չցանկանալով Թուրքիայի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել, իսկ ինքը կլինի իր խոսքի տերը, միաժամանակ մեծ ծառայություն մատուցած լինելով Ուկրաինային, նրանից կակնկալի ավելի մեծ իր շահը:

Երկրորդ. Թուրքիան կարող է մտածել, որ եթե իր ռազմանավերն ուկրաինական նավերին ուղեկցեն գտնվելով նրանց անմիջական հարևանությամբ, ապա Ռուսաստանը զգուշանալով, որ իր արձակած ինքնանշանառու մարտագլխիկով հրթիռները, ԱԹՍ-ները մի փոքր շեղվելով, հնարավոր է, հարվածեն թուրքական ռազմանավերին, կարող է այլևս հրաժարվել ուկրաինական հիշյալ թիրախները գրոհելուց:

Ուշագրավ է, որ Ֆիդանի հիշյալ հայտարարությունը հնչել է Անկարայում ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովից հետո: Ուշագրավ է նաև այն, որ տվյալ հայտարարությունից հետո ռուսական «Գերան-2» անօդաչու թռչող սարքերը Սև ծովում խոցել են բեռնանավը, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական բեռ է տեղափոխել Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգիստ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է դրոնը թռչում բեռնանավի ուղղությամբ։ «Գերան-2» «կամիկաձ» անօդաչու թռչող սարքերը կարող են կրել մինչեւ 50 կգ պայթուցիկ նյութ։ Սարքի թռիչքի առավելագույն հեռահարությունը 2,5 հազար կմ է, արագությունը՝ 180 կմ/ժ: Ռուսաստանի ՊՆ Telegram ալիքից կարելի է տեղեկանալ, որ ՌԴ ԶՈւ-ն հետագա օրերին նույնպես հարվածներ է հասցրել ուկրաինական, ինչպես նաև Ուկրաինայի համար բեռներ տեղափոխող բեռնանավերին: Խոսքը բազմաթիվ հարվածների մասին է, իսկ Թուրքիայի խոստացած անվտանգության ռազմածովային երաշխիքները դեռ մնում են օդում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ