ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Պայքար սեփականության վերաբաժանման համար. ահա մեր բոլոր անհաջողությունների ու ձախողումների հիմնական պատճառը

Պայքար սեփականության վերաբաժանման համար. ահա մեր բոլոր անհաջողությունների ու ձախողումների հիմնական պատճառը
08.11.2025 | 15:05

Հայաստանի Առաջին հանրապետությունը ծնվեց ռուսական կայսրության փլուզման, Երկրորդ՝ Խորհրդային հանրապետությունը, ստեղծվեց տարածաշրջանի խորհրդայնացման, իսկ Երրորդ հանրապետությունը՝ Խորհրդային պետության ինքնափլուզման հետևանքով: Չորրորդի մասին դեռ վաղ է խոսել: Երրորդ Հանրապետության ծնունդը կապված էր նաև Ղարաբաղյան շարժման հետ, և հետագա բոլոր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացները մեծամասամբ պայմանավորված էին դրանով: Ե՛վ ընտրությունների, և՛ իշխանափոխությունների, և՛ կուսակցական-կլանային հիմնական փոխհարաբերություններն ու բախումները ղարաբաղյան թեմայով էին համեմվում: Այդ գործոնը առկա էր նաև 2018-ին, չնայած, իշխանության եկող նոր քաղաքական ուժը, հանձինս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, բարձրացրել էր շատ գրավիչ և ժողովրդահաճո հակակոռուպցիոն պայքարի դրոշը: Ժողովուրդն էլ միշտ կրել է իր բաժին զրկանքները, սպասելով, որ մի օր էլ հակամարտությունը կլուծվի, և «քաղաքական վերնախավը» վերջապես կլծվի պետականաշինության գործին: Բայց եղավ այն, ինչ եղավ. հակված չեմ իրադարձությունները պատմելու: Սակայն խիստ վնասակար եմ համարում այն, որ ներկա պահին, երբ արդեն կործանված է Արցախը, և երբ հանրությունը շատ կարճ ժամանակ անց գնալու է ընտրությունների, հիմա էլ զարգացման ծրագրային-նախընտրական պլատֆորմերին ծանոթանալու և համեմատելու, գործող իշխանության հաշվետվությունը լսելու փոխարեն կրկին ականատես է ղարաբաղյան պատմությունների, մեղադրանքների, նախկին-ներկա գործիչների «մերկացումների» և կոմպրոմատների բացահայտման հետ: Դրան գումարած՝ եկեղեցու շուրջը բորբոքվող այս իրավիճակը:

Այժմ կա նաև մի շատ ցավալի իրողություն, որը ժողովրդի մեծ մասին արդեն լրիվ հասկանալի է. իշխանության համար պայքարը Հայաստանում ուղեկցվել է նաև մի թաքուն, բայց շատ կարևոր հրամայականով՝ պայքար սեփականության բաժանման և վերաբաժանման համար: Ահա մեր բոլոր անհաջողությունների և ձախողումների հիմնական պատճառը, իսկ պետականաշինությունը միշտ էլ ստորադասվել է այս կուլիսային կենաց ու մահու պայքարին: Հետևանքն արդեն երևում է: Մարդիկ իրենց դուրս են դնում քաղաքական գործընթացներից, գերակա է դառնում պասիվությունը և աբսենտիզմը` ատելությունն ու մերժողականությունը, հանդիսատեսի կարգավիճակը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4564

Մեկնաբանություններ