Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Բացարձակ մենիշխանություն և անպատժելիության ծաղր

Բացարձակ մենիշխանություն և անպատժելիության ծաղր
09.10.2026 | 11:15
Որևէ տարբերություն չկա Ազգային ժողովում Նիկոլի աչքով անելու, «իշմար տալու» և նույն օրը Արթուր Դանիելյանին ձերբակալելու միջև։ Երկուսն էլ մտնում են նույն քաղաքական տրամաբանության մեջ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում «ինչ կուզեմ, կանեմ» հրամայականով։ Ընդ որում, Արթուրին խուլիգանության մեջ մեղադրելը պարզապես Նիկոլի այդ օրվա նախապատվություններից էր. նույն հաջողությամբ կարող էր մեղադրել փողերի լվացման կամ ընտրակաշառք տալու մեջ։
Բրիտանացի քաղաքագետ և քաղաքական գործիչ լորդ Աքթոնի հայտնի ասույթն է, թե իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակապես այլասերում է. «Power tends to corrupt, and absolute power corrupts absolutely»։
Նիկոլը իշխանության համար այլևս չի պայքարում. նա հասել է բացարձակ մենիշխանության և այժմ վայելում է բացարձակ այլասերումը։ Նրա պահվածքն հիմա այլ կերպ, քան մարդկանց ու երկրի նկատմամբ ծաղր, չի կարելի գնահատել։ Երբ հայտարարում է, որ անպաշտպանությունը խաղաղություն է, երբ իր զավակներին թշնամուց պաշտպանող կնոջը մեղադրում է դանակահարության մեջ, երբ հրամայում է չնկարել Արարատը՝ ենթադրելով, թե դրանով մարդիկ չեն տեսնի իրենց աչքի առաջ հառնած բիբլիական լեռը, երբ կրճատում է թաղման համար տրվող գումարը՝ հայտարարելով, թե մեռելներին դա էլ պետք չէ, ու ավելացնում է իր աշխատավարձը, քանի որ դա իրեն շատ է պետք. սա այլ կերպ, քան ծաղր մարդկանց նկատմամբ, չես կարող գնահատել։ Ընդ որում, այս ընթացքում Նիկոլին հաջողվել է այլասերել նաև մարդկանց տրամաբանական ունակությունները, ու շատերն են նրա բերած անհեթեթություններն արդարացնում։ Հենց այդ խեղաթյուրված տրամաբանությամբ քննիչների կողմից Նիկոլի ծաղրը լուրջ ընդունելու պատճառով է Արթուր Դանիելյանը ձերբակալված։
Նիկոլը հիմա հասել է բացարձակ իշխանության, քանի որ չունի որևէ հակակշիռ։ Նա դրսից չունի որևէ զսպաշապիկ. Արևմուտքը հազիվ գտել է մի օբյեկտ, ով ձրի պայքարում է Ռուսաստանի դեմ (գոնե ձևացնում է, թե պայքարում է), ու եթե անգամ լուրեր տարածվեն, որ նախաճաշին նա ուտում է իր ընդդիմադիրների լյարդը, նրան մի թթու խոսք չեն ասի։ Պուտինը Նիկոլից լուրջ ակնկալիքներ ունի և սպասում է դրանց իրականացմանը։ Իսկ ներսում, եթե ներքաղաքական դաշտ համարենք խորհրդարանը, ապա Նիկոլը ԱԺ ղեկավարումը հանձնարարել է ՔՊ առավել զազրախոս գործիչներին ու պառլամենտը համալրել այնպիսի դեմքերով, որոնց հիմնական ֆունկցիան բռնցքամարտն է։ Սրանց դիմաց ունենք «ընդդիմություն», որն իր միակ ֆունկցիան է համարում ՔՊ-ի հետ ճարպկամտություններով մրցելն ու իրական քաղաքականությանը չխառնվելը։
Իսկ ժողովո՞ւրդը․ Պուշկինն ասում էր՝ «Народ безмолвствует» («Ժողովուրդը լռում է»)։ Ժողովուրդը լռում է, քանի որ առաջնորդների մի մասը սպանված է, մյուսը՝ ձերբակալված, իսկ մեծ մասն էլ՝ պարզապես վախեցած։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ