Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Չեմ ուզում հավատալ, որ կլինի մեկը, ով կուզենա թուլացնել Սփյուռքը, որպեսզի ուժեղանա Հայաստանը

Չեմ ուզում հավատալ, որ կլինի մեկը, ով կուզենա թուլացնել Սփյուռքը, որպեսզի ուժեղանա Հայաստանը
30.08.2026 | 17:08

Իմ կյանքի հերթական պատերազմը տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ 2022-ի աշնան վերջն էր, երբ ես անցա լեհական սահմանն ու հայտնվեցի Ֆրանսիայում: Եվ, քանի որ Ղրիմի ծովափնյա չքնաղ Յալթայում բավական երկար էի ապրել ու գործել, ինչ-որ մի գաղտնատեսական զգացողությամբ մեքենան քշեցի դեպի հարավ, որտեղ, Միջերկրական ծովի վրա ծուլորեն փռված, իշխում էր Մարսել քաղաքը, իր` տասից ավելի Հայկական եկեղեցիներով, հարյուր հազարից ավել հայկական համայնքով ու հետքով։ Զանգ տվի Հրաչ Վարժապետյանին (Hratch Varjabedian), ապա հայկական ակումբում, որը Համազգայինի դպրոցի կողքին էր, հանդիպեցինք` ես և հայկական կառույցի պատասխանատուները` ընկերներ Հրաչը և Սարգիս Աֆարյանը (Serge Afarian). Երկուսն էլ հետաքրքիր, ուժեղ խառնվածքով գործիչներ էին։ Հրաչին ես ճանաչում էի, բայց Սարգիսը ինձ համար հայտնագործություն էր, և երկուսն էլ, մեկը մեկին լրացնելով, ղեկավարում էին այդ կառույցը, սակայն նրանց հայրենանվեր գործունեության մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ՝ դպրոցի։

Դպրոցը ժամանակակից, բոլոր հարմարություններով օժտված, երկլեզու, հայերենի և ֆրանսերենի դասավանդումով, գիմնազիայի բարձր կարգավիճակով, բարձր վարկանիշով հաստատություն էր, որը երեք ու կես տարեկանից ընդունում էր սաներին ու տանում մինչև համալսարան։ Ես հիացած էի այն փաստով, որ հայ մարդը կամ համայնքը, կառույցը օտարության մեջ այդպիսի կրթօջախ է հիմնել և պահել, փայփայել, իր ուժն ու կորովը հաղորդել։

Չորս հարյուր աշակերտ ուներ դպրոցը և ազատ տեղերի խնդիր կար, ու սա խորհրդային Հայաստանը կամ միությունը չէին, որ ծանոթով տեղ «գտնեիր» կամ «դասավորեիր»։ Եվ ի՞նչ արեց համայնքը՝ կհարցնեն շատերը։ Թվերի մեջ կարող եմ սխալվել, բայց միլիոնների հանգանակություն կազմակերպեցին և երկու տարի անց նոր, ժամանակակից մասնաշենք կառուցեցին, ու հիմա այնտեղ յոթ հարյուրից ավել աշակերտներ կան։ Նորից եմ ասում՝ եթե թվերի մեջ սխալներ կան, ընկերներս ինձ կուղղեն։

Մարսելի համայնքը հին է, երկար ճանապարհ անցած։

Իսկ Ուկրաինայի համայնքը, որը երիտասարդ կառույց էր, հետխորհրդային շրջանում քսանից ավելի եկեղեցիներ, դպրոցներ ու հաստատություններ է հիմնել՝ բազմաթիվ ուսանողական, դպրոցական ու սոցիալական ծրագրերով։ Տաղանդավոր մարդիկ էին ղեկավարում այդ համայնքը, որը մեծ կշիռ և հեղինակություն էր վայելում Ուկրաինայում։ «Դեպի Արարատն» էլ է այստեղից սկսվել, բայց «Ուկրաինայի հայերի միությունն» էր, որ ուժեղ կազմակերպություն դարձավ և շատ հավասարակշռված քաղաքականություն վարեց գաղափարապես մասնատված Ուկրաինայում։

2014-ից մինչև 2017-ը ես գործել եմ Ռուսաստանում, որտեղ հիմնել էինք Մոսկվայի «Դեպի Արարատը», սակայն այնքան բան կա սովորելու ռուսական համայնքային գործիչներից, հատկապես՝ ուսուցիչներից, մեթոդիստներից, կազմակերպիչներից, ում հետ բախտ եմ ունեցել հանդիպելու ուսուցիչների համահայկական մի համաժողովի ժամանակ։ Գովեստի խոսքերը չեն բավարարի նրանց ստեղծած դասագրքերն ու ձեռնարկները ներկայացնելու համար։

Իմ գործունեության ընթացքում ես հիացել եմ մեր ժողովրդի, ազգի ինքնակազմակերպչական հանճարով, հպարտացել նրա բազմատաղանդ ներկայացուցիչներով ու երիտասարդությամբ, խոնարհվել նրա գիտնականների ու մշակութային ազնիվ գործիչների աշխատանքի առջև, ծնկի եմ եկել նրա հերոսների ընդվզումի առջև:

Իհարկե, հանդիպել եմ նաև հիմար մարդկանց, միշտ ներողամիտ եմ եղել նրանց նկատմամբ, որովհետև մեղք է մեկ անգամ պատժվածին պատժելը։ Բայց կան մարտնչող հիմարներ, որոնց կողքով անցնել չի կարելի, որովհետև այդ մարտնչող հիմարները, որպես կանոն, դառնում են իշխանություն ու պետություն, քեզ բանտարկում են, քո զավակներից խլում են քո Երկրի ապագան։

Շատ հեռվից եկա։

Սփյուռքն ու Հայաստանը բնական հաղորդակից անոթներ են, սիրտ են ու հոգի կամ հոգի ու սիրտ։ Սփյուռքը չի կարող առանց Հայաստան, և հակառակը։ Հիմա նորընտիր Ազգային Ժողովում ասում են, որ պիտի թուլացնել սփյուռքը, որպեսզի ուժեղանա Հայաստանը։ Այ քեզ մարտնչող իդիոտիզմ։

Հարկավոր է այնպես անել, որ երկուսն էլ միասին լինեն, համատեղ՝ ընդմիշտ և հավիտյան, իրար հետ լինեն, իրար զգան, աջակցեն։ Հարկավոր է սովորել սփյուռքից և՝ հակառակը։ Հարկավոր է արժանապատիվ հայրենադարձություն կազմակերպել։ Հազարավոր հարցեր կան համատեղ լուծելու։ Ես չեմ հավատում, որ այդպիսի մի պատգամավոր կլինի, ով կուզենա թուլացնել սփյուռքը, որպեսզի ուժեղանա Հայաստանը։ Չեմ ուզում հավատալ։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ