Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մա՞րդ, թե՞ անհոգի մեխանիզմ

Մա՞րդ, թե՞ անհոգի մեխանիզմ
20.07.2026 | 10:44

Հայոց աշխարհի հոգևոր դիմադրությունն ու սթափվելու ժամանակը

Մեր Հայրենիքում սկսված ցավոտ գործընթացները բնավ պատահական սխալներ կամ բացթողումներ չեն, այլ հստակ գծված, համակարգված ռազմավարություն՝ ուղղված մեր ազգային դիմադրողականությունը կոտրելու և մեր հոգևոր ողնաշարը ջախջախելու գլոբալ տրամաբանության մեջ, իսկ մենք պարզապես իրավունք չունենք քնած մնալու, երբ վտանգված է մեր տեսակը։

Սիրելի հայրենակիցներ՝ ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռք աշխարհի․

Եկեք մի պահ կանգ առնենք, դուրս գանք հանրային հարթակները խեղդող առօրյա տեղեկատվական աղմուկից և ի վերջո հասկանանք, թե իրականում ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ուր ենք գնում և ինչու հայտնվեցինք այս ծանր իրավիճակում։

Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, որտեղ համատարած ավտոմատացումն ու թվայնացումը մեզ առաջարկում են գայթակղիչ մի պատրանք՝ հարմարավետություն, արագություն, խնդիրների հեշտ ու մեխանիկական լուծումներ, բայց թիկունքում թաքնված է մի մեծագույն, գոյութենական (էկզիստենցիալ) վտանգ, որը պահանջում է խորը քաղաքական և հոգևոր գիտակցում։

Այսօր գլոբալ մակարդակով մարդկային գործոնը հետևողականորեն, քայլ առ քայլ մղվում է երկրորդ ու երրորդ պլան։ Մարդը՝ Աստծո այդ ամենակատարյալ, անմահ հոգով ու բարոյականությամբ օժտված արարչագործությունը, աշխարհի մեծերի կողմից աստիճանաբար սկսում է դիտարկվել որպես սոսկ կենսաբանական մի մեխանիզմ, որին կարելի է հեշտությամբ կառավարել, հարմարեցնել կամ պարզապես փոխարինել։ Երբ մեր կրթությունից, մեր պետականությունից ու հանրային կյանքից հեռացվում է հոգևոր-բարոյական հիմքը, մարդն իր ներսում սպանում է արարողին, նա դադարում է զգալ, վերածվում է սառնասիրտ համակարգերի կույր սպասարկուի՝ կորցնելով իր ամենաթանկը՝ հոգին, կարեկցանքն ու սերը։

Ու գիտե՞ք ինչն է ամենացավալին։ Պատահական չէ, որ հենց այս համաշխարհային արժեզրկման համատեքստում մեր հայրենիքում սկսվեցին ցավոտ գործընթացներ, որոնք բնավ պատահական սխալներ կամ բացթողումներ չեն։ Սա հստակ գծված, համակարգված ռազմավարություն է, որն ուղղակիորեն տեղավորվում է մեր ազգային դիմադրողականությունը կոտրելու և մեր հոգևոր ողնաշարը ջախջախելու գլոբալ տրամաբանության մեջ։ Մենք պարզապես իրավունք չունենք քնած մնալու, երբ վտանգված է մեր տեսակը։

Եկեք ուղիղ հարցեր տանք ինքներս մեզ և իրերն իրենց անուններով կոչենք:

Ինչու՞ մեզ տրվեց «հպարտության» թակարդը

Ամեն ինչ սկսվեց հանրային գիտակցության մեջ «Հպարտ քաղաքացի» կեղծ կարգախոսի մեծաշուք ներարկումով, և որպես քրիստոնեությունն աշխարհում պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ մենք չենք կարող չհարցնել, թե ինչո՞ւ ընտրվեց հենց այս բառը, երբ չափազանց լավ գիտենք, որ հպարտությունը Սուրբ Գրքով տրված առաջին մահացու մեղքն է։ Դա այն կուրությունն է, բոլոր չարիքների և կործանման արմատը, որը մարդուն կտրում է Աստծուց, իսկ կառավարչական և պետականության տեսանկյունից դա այն աղետալի թակարդն է, որը սպանում է «քննադատական» բանականությունը, մարդուն ու հանրությանը զրկում սեփական սխալները տեսնելու, վերլուծելու և սրբագրելու ունակությունից։ Ազգին հոգևոր խոնարհությունից, իմաստնությունից ու իրական հայրենասիրությունից դեպի սնապարծ հպարտություն տանելը հոգեբանական նենգ ու նպատակային քայլ էր, որն էլ հենց հիմնովին թուլացրեց մեր ազգային զգոնությունն ու պետական դիմադրողականությունը հաջորդող բոլոր արհավիրքների ու հարվածների առաջ։

Ինչու՞ թուլացվեցին պետության հիմնասյուները՝ Դպրոցն ու Բանակը

Ապա հարված հասցվեց մեր պետականության և հավաքական տեսակի պահպանման ամենազգայուն երկու հենարաններին, և ես ուզում եմ, որ յուրաքանչյուրս սթափորեն մտածի, թե ինչու՞ դպրոցներից հեռացվեց Հայ Եկեղեցու պատմությունը, որով մեր երեխաներին, մեր սերունդներին զրկեցին ազգային-հոգևոր արմատներից, նախնիների հերոսական ու հավատավոր անցյալից և պատմական հիշողությունից՝ նպատակ ունենալով նրանց վերածել սեփական ինքնությունից դատարկ, հեշտ կառավարելի ու մանիպուլյացվող «սպառողների», ովքեր այլևս չեն հասկանա սրբության արժեքը։

Ու նույն տրամաբանությամբ՝ ինչու՞ բանակից հանվեց գնդերեցների ծառայությունը, որով զինվորին զրկեցին մարտի դաշտում, ամենածանր ու վտանգավոր պահին հոգևոր հենարանից, մխիթարությունից ու աղոթքից, մինչդեռ բանակի կայացման հիմքում ընկած է այն վեհ գիտակցումը, որ զինվորը պաշտպանում է Աստծո տված սրբազան Հայրենիքը, այլ ոչ թե սոսկ ինչ-որ չոր աշխարհագրական տարածք կամ կադաստրի այն վկայականը, որն այսօրվա իշխանությունը որպես կրծքանշան է կրում։

Ինչու՞ սկսվեց հետևողական արշավը Վեհափառ Հայրապետի դեմ

Այսօր մենք ականատես ենք լինում համակարգված ու հետևողական թիրախավորման, և ժամանակն է ուղիղ հարց տալու՝ ինչո՞ւ է անձի դեմ պայքարի քողի տակ հարված հասցվում մեր ազգային ու պետական կարևորագույն ինստիտուտին, թիրախավորելով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ բացահայտ փորձ է արվում մեր հայրենակիցների աչքում խարխլել Հայ Եկեղեցու սրբազան հեղինակությունն ու դարավոր կշիռը։

Սա դարերով փորձարկված, հին մանիպուլյացիոն տեխնոլոգիա է, որի կառավարման կանոնները հստակ են, երբ ցանկանում ես կազմաքանդել հանրության հավաքական դիմադրողականությունը, հարվածում ես նրա հոգևոր ու ինստիտուցիոնալ կենտրոնին, որպեսզի ժողովուրդը մնա անառաջնորդ, հոգեբանորեն լքված, բարոյապես թուլացած ու հեշտ կառավարելի, այն նույն ձեռագիրը, որով տարիներ առաջ ջախջախեցին բանակի ողնաշարն ու հեղինակավոր հրամանատարական կազմին, իսկ հիմա նույն մեթոդները տեղափոխել են հոգևոր դաշտ։

Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը քաղաքական աշխարհագրության մեջ

Այս ամենը տեղի է ունենում պետական ու կառավարական բարձրագույն մակարդակով, որտեղ ներկայիս ընթացքը ստանում է անմիջական, թեկուզ քողարկված աջակցություն մեր թշնամիներից՝ ադրբեջանից և այլ արտաքին ուժերից, և ինքներս մեզ պետք է հարցնենք, թե ինչո՞ւ է թշնամական օրակարգին այդքան անհրաժեշտ հայկական Եկեղեցու թուլացումն ու նսեմացումը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի պատմական հիշողության, մեր տեսակի և այս հողի վրա մեր ապրելու իրավունքի միակ անսասան իրավահաջորդն է։ Պետականություն չունեցած դարերում հենց Եկեղեցուն է հաջողվել իրականացնել պետության գործառույթը, պահել մեր լեզուն, մշակույթն ու արժանապատվությունը, և թուլացնելով Եկեղեցին՝ արտաքին ուժերը հեշտությամբ հասնում են մեր հայրենիքի վերջնական կազմաքանդմանը, ինչի ցավալի վկայությունը եղավ Արցախի կորուստն ու Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային սպառնալիքները։

Ո՞րն է մեր համամարդկային և ազգային առաքելությունը

Անկախ նրանից, այսօրվա կառավարիչները սա անում են գիտակցաբար, թե հանդես են գալիս որպես կամազուրկ գործիք օտարների ձեռքում, արդյունքը միևնույնն է, քանի որ մեր քաղաքացիներին և ի վերջո ողջ մարդկությանը տանում են դեպի հոգևոր ամայացում՝ դեպի մի աշխարհ, որտեղ չկա բարոյականություն, չկա սրբություն և չկա Աստված, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի եզակի ու համամարդկային դեր աշխարհում՝ լինելով քրիստոնեական քաղաքակրթության հնագույն ու մաքրամաքուր ակունքներից մեկը, որը դարեր շարունակ անխաթար պահել է վաղ քրիստոնեական սրբությունն ու խորհուրդը, ողջ աշխարհին ապացուցելով, որ կարելի է աշխարհագրորեն մնալ փոքր, բայց հոգով ու ինտելեկտով լինել հսկա ազգ, և եթե այսօր հաջողվի կոտրել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգի հոգևոր ողնաշարը, դա կլինի անհոգի գլոբալիզացիայի ամենամեծ ու վերջնական հաղթանակը աստվածային ճշմարտության դեմ։

Սթափության և համախմբման կոչ

Հայրենակիցներ, սա պարզապես քաղաքական պայքար չէ իշխանության համար, սա գոյութենական (էկզիստենցիալ) և հոգևոր պատերազմ է մեր տեսակի, մեր երեխաների ապագայի և մեր հոգու փրկության համար: Պատմությունը ցույց է տվել՝ կայսրությունները գալիս ու գնում են, տեխնոլոգիաները փոխվում ու հնանում են, ժամանակավոր կառավարիչները մոռացվում են, բայց Քրիստոսի հիմնած Եկեղեցին մնում է անսասան:

Մեր միակ փր կությունը ազգային-պետական մտածողությունը հոգևոր արմատների հետ միահյուսելու, սթափվելու և պետականակերտ գաղափարների շուրջ համախմբվելու մեջ է:

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ