Կանայք իմ կյանքում էնքան տեղ են զբաղացնում, ինչքան իմ կյանքն ա տեղ զբաղացնում։ Ու քանի որ նույնքան տեղ էլ իմ կյանքում երաժշտությունն ա զբաղացնում, կարող եմ հաստատ ասել, որ կինն իմ համար երաժշտություն ա։
Հա՛, կինն իմ կյանքի լեյտմոտիվն ա։ Ինչքա՜ն տարբեր կանանց եմ հանդիպել իմ կյանքում՝ մաժոր ու մինոր էությամբ, ալլեգրո ու ադաջիո, պրեստո ու անդանտե բնավորությամբ, ի՜նչ պարեր են եղել՝ էլ կրակոտ տարանտելա, էլ հանդիսավոր սարաբանդ, սիցիլիանո, պոլկա, չակոնա, ռումբա ու սալսա, եղել են հանդարտ ռոնդոներ ու քմահաճ կապրիչիոներ, կանտատա ու խորալ, սոնատ ու սերենադ, ֆանտազիա ու արիա, անգամ մի ամբողջ սիմֆոնիա, եղել են բախյան բարդ պոլիֆոնիաներ՝ իրար միահյուսվող մտքերով ու տրամադրություններով, եղել են մոցարտյան թեթև, ջինջ ու զրնգուն էակներ, որոնց զուտ ներկայությունն անգամ մաքրում ա քեզ մինչև հոգուդ խորքը, կա՛մ բեթհովենյան` պայքարող ու փոթորկոտ, կա՛մ շոպենյան` մեղմ ու թախծոտ, մեղեդային ու ռոմանտիկ շուբերտյան կանայք են եղել, խորն ու խորհրդավոր գրիգյան կանայք, ռավելյան կանայք են ինձ հարստացրել անմոռանալի տպավորություններով, շումանյան կանայք են անուրջներ խառնել իմ սրտխփոցին, անգամ բերգյան ու շոնբերգյան կանայք են եղել, որոնք իրանց ամենագո ներկայությամբ պռնկեպռունկ լցրել են կյանքիս բոլոր տոնայնությունները, հանդիպել եմ եթերային ջութակի ու կրքոտ թավջութակի, հազարաձայն երգեհոնի ու քաղցրաձայն քնարի, մեղմ լյուտնայի ու թեթևսոլիկ ֆլեյտայի... Ամեն կին մի մեղեդի ա իմ համար, նրանք իմ ամբողջ կյանքը երաժշտություն են դարձրել։ Դրանից ավելի ի՞նչ պիտի ուզեմ կյանքից։
Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ կանայք։ Ես չգիտեմ, թե ինչքան եմ ապրելու, բայց գիտեմ, որ իմ կյանքի երաժշտությունը մենակ իմ հետ կլռի։ Շարունակե՛ք իմ կյանքը լցնել ձեր չքնաղ ու հետաքրքիր երաժշտությամբ
Հենրիկ Պիպոյան
Գեղանկարը՝ Լին Հոլթեգաարդի. Դանիա