ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2
17.04.2026 | 10:45

Սկիզբը՝ այստեղ

Թույլչտանք, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-20-րդ դարերում

Հայաստանի արտաքին թշնամիների առաջադրանքները կատարող մեր ներքին թշնամիները Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) միջոցով փորձում են Թուրքիան և Ադրբեջանը մտցնել Հայաստան, մինչդեռ Հովհաննես Քաջազնունու խոսքերը մոռանալը կամ անտեսելը նշանակում է ինքնակամ գնալ դեպի Հայաստանի և հայության կործանում:

Այսօր շատ է խոսվում Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի, Արցախում հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման, Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման և այլ խնդիրների մասին։ Սակայն, Արցախի հարցի հետ կապված վերոգրյալ խնդիրների լուծմանը հասնելու ճանապարհների վերաբերյալ կարծիքները խիստ վերացական են, անորոշ և հիմնված չեն օբյեկտիվ իրականության վրա։

Համահայկական հասարակական դաշինքի կողմից կազմակերպված «Նախընտրական զարգացումներ. խոստումներ և ակնկալիքներ» թեմայով քննարկմանը նշելով այս մասին, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյան ասաց.

«Քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը գնալով ավելի է խորանում, նրանց զարգացման վեկտորները գնալով ավելի են հեռանում միմյանցից, իսկ իրենց միջև սուր մրցակցությունը երկար տասնամյակների հարց է, ապա կարծում եմ, որ առնվազն միջնաժամկետ կտրվածքով Արցախի հարցի վերաբերյալ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները միմյանց մոտեցնելը իրատեսական չէ ու դժվար թե այդ հարցում նրանք նստեն մեկ սեղանի շուրջ։

Եթե Արցախի հանձնումն Ադրբեջանին Արևմուտքի համար միջոց էր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, ապա ինչո՞ւ պետք է նույն Արևմուտքը շահագրգռված լինի հակառակ գործընթացում։

Արցախի հարցը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առանցքային մասն է, որի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեն հետպատերազմյան երեք հիմնարար փաստաթուղթ։ Դրանք են՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի մոսկովյան հայտարարությունը, 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը և 2025 թ. օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունը։

Արցախի հետ կապված մեր ցանկություններով ու պահանջներով որ ուժային կենտրոնին էլ դիմենք, մեզ ասելու են, որ իրենք առաջնորդվում են այն փաստաթղթերով, որոնց տակ դրված է իրենց ղեկավարների ստորագրությունը»։ Ըստ բանախոսի, ակնկալել, որ Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը մի կողմ են դնելու իրենց ղեկավարների ստորագրությամբ փաստաթղթերը և մեր ցանկությամբ Արցախի հարցի առնչությամբ նոր գործընթաց են սկսելու, մեղմ ասած, իրատեսական չէ։ Ուզենք, թե չուզենք, բայց ժամանակի ընթացքում բախվելու ենք այս անխուսափելի իրողության հետ։

Ուստի, շարունակելով իր խոսքը, ասաց բանախոսը, այս օբյեկտիվ իրականությունից ելնելով, անհրաժեշտ է վերլուծել վերոգրյալ երեք փաստաթղթերը, գնահատել, թե դրանցից որն է առավել նպաստավոր Արցախի հետ կապված խնդիրների լուծման համար, վերլուծել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը և ձևավորվող նոր ուժային բալանսն աշխարհում, հենվել առավել նպաստավոր փաստաթղթի վրա, ուժերը կենտրոնացնել մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի ուղղությամբ ու փորձել բացել Արցախի հետ կապված հարցերի լուծման պատուհան, ինչը հետագայում այն ավելի ընդլայնելու տեսական հնարավորություն կարող է տալ։

«Իմ կարծիքով, Արցախի հետ կապված հարցերի լուծման համար ամենանպաստավոր փաստաթուղթը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նեյոմբերի 9-փաստաթուղթն է, որտեղ չկա կետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է, հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը որպես առանձին միավոր, կան կետեր և փախստականների վերադարձի, և գերիների փոխանակման վերաբերյալ,- ասաց Այվազյանը:- Պաշտոնական Մոսկվան մինչև հիմա էլ հայտարարում է, որ պատրաստ է շարունակել քննարկումները վերոգրյալ փաստաթղթի շրջանակներում։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Եվրամիությունը այդ հարցերը քննարկելու նույնիսկ ցանկություն չունեն, ինչը արտացոլված է իրենց ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթերում։

Կյանքը ապացուցեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից ավելի լավ պայմաններով փաստաթուղթ ոչ մի այլ պետություն Հայաստանին այդպես էլ չառաջարկեց։ Այս փաստաթղթին հաջորդած բոլոր փաստաթղթերը մեկը մյուսից, մեղմ ասած, վատն էին։

Բացի այդ, Արցախի նկատմամբ Ռուսաստանն ունի և աշխարհաքաղաքական, և պատմաիրավական նկրտումներ։ Այնպես որ, աշխարհում ուժային բալանսի փոփոխությունից հետո Ռուսաստանի քայլերը, կարծում եմ, դեռ առջևում են, և այդ սպասվող քայլերին մենք պետք է պատրաստ լինենք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ելման կետ, ինչը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»։

«Լույս»-ի ղեկավարի համոզմամբ, Հայաստանը չի կարող անտեսել աշխարհում տեղի ունեցող օբյեկտիվ գործընթացները և անմասն մնալ այդ գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալուց։ Շարունակելով իր խոսքը, Այվազյանն ասաց.

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից առաջիկա ընտրությունները հետևյալի մասին են՝ կդառնա՞, արդյոք, Հայաստանը, իր հնարավորությունների սահմաններում, բազմաբևեռ աշխարհի ձևավորման ու կայացման գործընթացի լիիրավ և պատասխանատու մասնակից, թե՞ կդառնա այդ գործընթացը խոչընդոտելու Արևմուտքի գործիքներից մեկը, ինչն աղետալի հետևանքներ կունենա մեր ժողովրդի անվտանգության և պետականության համար։

Բազմաբևեռ աշխարհը բոլորովին չի բացառում համագործակցությունը Արևմուտքի հետ, սակայն այն իրապես փոխշահավետ և իրավահավասար դարձնելու համար նախ պետք է դուրս գալ արևմտյան միաբևեռ գերիշխանության լծի տակից և սովորել հարկ եղած դեպքում Արևմուտքին ասել՝ «ՈՉ»։

Թույլ չտանք, որպեսզի Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-20-րդ դարերում, որոնց ծանր հետևանքների մասին 1918 թվականին իր ելույթում խոսեց այն ժամանակվա Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լլոյդ Ջորջը. «Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, ռուսական զորքերը պետք է զբաղեցնեին Հայաստանը մինչև անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Սակայն այս դրույթը չեղարկվեց Բեռլինի պայմանագրով, ինչը մեր բաց ճնշման արդյունքն էր և ներկայացվեց որպես «պատվավոր խաղաղություն» բերած Անգլիայի մեծ հաղթանակ։

Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանի վրա։ Ռուսները հարկադրված եղան հեռանալ, իսկ դժբախտ հայերը կրկին հայտնվեցին իրենց վաղեմի ճնշողների լծի տակ, որոնք պարտավորվել էին «իրականացնել բարելավումներ հայերով բնակեցված նահանգներում»։

Բոլորս գիտենք, թե ինչպես էին այդ պարտավորությունները խախտվում քառասուն տարվա ընթացքում՝ չնայած այն երկրի բազմաթիվ բողոքներին, որը գլխավոր մեղավորն էր թուրքական իշխանության ներքո հայերի վերադարձի համար։

Բրիտանական կառավարության քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցրեց 1895–1897 և 1909 թվականների հայերի սարսափելի ջարդերին, ինչպես նաև 1915 թվականի ամենասարսափելի կոտորածին։ Այս հանցագործությունների հետևանքով, որոնք աննախադեպ էին նույնիսկ թուրքական բռնապետության պատմության մեջ, Օսմանյան կայսրության հայկական բնակչությունը կրճատվեց ավելի քան մեկ միլիոնով»»։

«Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավարը հիշեցրեց նաև 1924 թ. Բուխարեստում լույս տեսած Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան» աշխատության մասին, որի մեջ նա շատ փակագծեր է բացել 20-րդ դարի սկզբի իրադարձությունների վերաբերյալ, և իր աշխատության մեջ, հայ ժողովրդի կրած այդքան սարսափելի կորուստներից հետո, եկել հետևյալ եզրահանգման.

«Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին և իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝ նույնիսկ հակառակ հարևանների կամքի:

Սա շատ դժվար ասելու խոսք է, բայց պետք է որ ասվի շիտակորեն:

1918 թվականի ապրիլ ամսին, երբ հայերը Սեյմում ադրբեջանցիների ու վրացիների հետ միասին Թուրքիայի ճնշման տակ հայտարարեցին Անդրկովկասը անջատված Ռուսաստանից, տագնապի այն ժամին ընտրություն անելու տեղ չէր մնացել: Ապա վստահություն կար, թե Արևմտյան մեծ պետությունները (որոնց միամտորեն «դաշնակից» էինք անվանում) իր կողքին են, այսօր-վաղը հրապարակ կգան ու միջոցներ կգտնեն՝ Թուրքիան սանձահարելու:

Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում, որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է և Ռուսաստանի շնորհիվ է միայն, որ «Հայաստանի Հանրապետության» անունը այսօր ջնջված չէ, դուրս չի ձգված աշխարհագրական քարտեզներից։

Պետք է լավ հասկանալ և երբեք չմոռանալ հետևյալը. այն բոլոր ուժերը, որոնք ձգտում են Անդրկովկաս մտցնել Թուրքիան (ի՛նչ անվան տակ էլ լինի), թշնամի են անդրկովկասյան հայությանը և Հայաստանի պետությանը»:

«Անձամբ ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, Հովհաննես Քաջազնունու նման ստիպված չենք լինի մեր ելույթներում, ինչպես ասում են, գլխներիս տանք և խոստովանենք, որ սխալվել ենք ընտրություն կատարելու հարցում»,- ասաց Հայկ Այվազյանը:

Ամփոփելով հոդվածը, արձանագրենք հետևյալը. այժմ էլ մեր արտաքին թշնամիներից հատկապես Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Արևմուտքի հայտնի ուժերը ձգտում են Թուրքիան մտցնել Անդրկովկաս, ավելի ճիշտ, արդեն մտցրել են Ադրբեջան, մասամբ նաև՝ Վրաստան (գնացեք հատկապես Բաթումի ու կհամոզվեք), և իրենց առաջադրանքները կատարող մեր ներքին թշնամիների՝ Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) միջոցով փորձում են մտցնել Հայաստան: Թերևս միայն տխմարները չեն հասկանա դրա հետևանքները: Ընդգծենք, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն էլ թաքցնում Թուրքիան Հայաստան մտցնելու իրենց ցանկությունը, Ադրբեջանն էլ՝ վերադիր, որն, ինչպես «Ազգային ժողով» կոչվածում բարբաջել է դրա նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն վիբրատորչիկը, Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ