Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

ՈՒխտի օր և ազգային վերածնունդ

ՈՒխտի օր և ազգային վերածնունդ
16.08.2026 | 12:02

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Մեր նախնիների համար այս օրը երբեք չի սահմանափակվել սոսկ կենցաղային ավանդույթներով կամ ծիսական արարողություններով։ Սա համազգային համախմբման, հավաքական կամքի դրսևորման և հայրենի հողի ու պետականության առջև սրբազան ուխտը նորոգելու օր է։

Այսօր մեր Մայր Հայրենիքը՝ Հայաստանը, ապրում է իր պատմության բախտորոշ ամենածանր օրերը։ Բացահայտ դավադիր ձեռագրով, ներսից ու դրսից խարխլվում են հայոց պետականության հիմքերը։

Ապազգային, կործանարար ընթացքի հետևանքով հասարակությունը միտումնավոր պառակտված է, կանգնեցված արժեհամակարգային փլուզման ու անդունդի եզրին, իսկ մեր ազգային ինքնությանն ու դիմագծին հասցվում են համակարգված հարվածներ։

Նման օրհասական պահին լռելը հավասարազոր է դավաճանության։

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր օջախ այսօր պարտավոր է սթափ արձանագրել իրողությունները և դառնալ հայոց արթնության ու ոգու զարթոնքի անսասան ամրոց։

Մեզ անհրաժեշտ է համազգային սթափություն և վճռական վերադարձ մեր ակունքներին, քանզի առանց բարոյական վերածննդի անհնար է կերտել պետական ու ռազմական հաղթանակներ։

Սուրբ Գիրքն անդրդվելիորեն սահմանում է պատմական ու անբեկանելի բանաձև.

«Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. 7.14)։

Այս պատգամը հզորագույն ուղերձ է յուրաքանչյուր գիտակից հայի համար։

Հայաստանի ներսում տիրող այս համատարած ամլության և պարտվողականության ախտը կբժշկվի միայն այն ժամանակ, երբ մենք՝ որպես ազգ, մերժենք այս կործանարար ընթացքը և վճռականորեն հետ դառնանք կորստյան տանող ճանապարհներից։ Մեր երկրի բժշկությունն ու փրկությունը սկսվում են մեզանից յուրաքանչյուրի ներքին սրբագրումից, բացարձակ պատասխանատվության ստանձնումից և հանուն ազգային արժանապատվության մարտնչելու պատրաստակամությունից։

Իշխանական աթոռները հավերժ չեն, իսկ պետականության հիմքերն ու սրբությունները քանդողների իրական տեղը պատմության և իրավունքի առաջ լինելու է պատասխանատվության խուցը։

Թող այս նվիրական օրվա խորհուրդը մեզ առաջնորդի դեպի մեծ համախմբում, և մեր աննկուն պայքարով վերածնվի ու հզորանա Հայոց Աշխարհը։

Տե՛ր կանգնենք մեր հավատին, մեր տեսակին և մեր Հայրենիքին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 91

Մեկնաբանություններ