Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»` խարդավանքների ոստայնում

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»` խարդավանքների ոստայնում
21.05.2013 | 18:15

Ի վերջո, ԲՀԿ-ն իր հաջորդ քայլով վերջնակապես որոշեց մերկացնել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական դեմքը: Այսօր ԲՀԿ-ամետ մի կայքի հրապարակման մեջ խոսվում է Հովհաննիսյանի` Ծառուկյանին ուղղված երեք հարց-առաջարկների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանի մասին շատ կարելի է խոսել, թե ինչպես, կես միլիոնից ավելի ձայներ ստանալով, փոշիացրեց այդ հսկա ռեսուրսը և ինչպես քաղաքականապես հասուն չգտնվեց հետընտրական զարգացումներում հնարավորինս գրագետ գործելու համար: Կարելի է նույնիսկ ասել` տեսա՞ր, Րաֆֆի, դու ընտրողաբար հանդիպեցիր քաղաքական ուժերին և դրա համար ստանում ես, ի՞նչ ցավդ էր, որ գնացիր ԲՀԿ-ի դուռը, երբ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից հետո քո թիմակիցները քամահրում էին առաջին նախագահին` ԲՀԿ-ի հետ հնարավոր, ապա և ընթացող համագործակցության համար: Առավել ևս, որ Հովհաննիսյանի վրա «ղժժալու» համար բավական է միայն այն, որ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, ընդունեց Րաֆֆիի հաղթանակը, իսկ Րաֆֆին, ՀԱԿ գնալու փոխարեն, գնաց «կանյաչնի»: Զարմանալի է, որ Հովհաննիսյանը զինակիցներ է փնտրել օլիգարխիկ իշխանամետ դաշտում` անտեսելով վերջին տարիների ամենաակտիվ ընդդիմադիր ՀԱԿ-ին:
Ըստ հրապարակման, Հովհաննիսյանը նաև հարցրել է Ծառուկյանի կարծիքը, թե վերջինս կո՞ղմ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկի դեպքում և, ի վերջո, առաջարկել է այդ նոր արտահերթ ընտրություններում ընդհանուր ցուցակով հանդես գալ, գրված է` Ծառուկյանի գլխավորությամբ: Արդեն մի քանի ժամ է անցել սույն հրապարակումից, բայց «Ժառանգությունից» դեռևս արձագանք չկա: Գուցե իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանը ասվածին հավելելու բան չունի, գուցե նա իսկապես ասել է բաներ, որոնց համար հիմա ամաչում է, կամ էլ` չէր սպասում, որ Ծառուկյանի թիմը հանդիպման խոսակցությունը ձայնագրած կլինի, և կամ` չի հիշում, թե էլ ինչ է ասել և գերադասում է լռությունը: Հազարումի բան կարելի է մտածել, մինչև չհրապարակվի ձայնագրությունը, ինչպես եղավ Օսկանյան-Զուրաբյան սրճախմության ձայնագրության պարագայում: Ընդունենք, որ եթե նախորդի միայն սղագրությունը հրապարակվեր, տարակարծությունների տեղիք կտար ընդամենը, իսկ ձայնագրության շնորհիվ արդեն հանրությանը պարզ դարձավ` ով ինչի է ունակ:
«Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպման մանրամասներն արդեն ինտրիգային են դառնում: Ձայնագրության հրապարակումը, ի դեպ, կարող է շահեկան չլինել նաև իր` Ծառուկյանի համար, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում արդեն պարզ է, որ հետայսու քաղաքական դաշտում այս գործչի դերակատարության կարևորությունը, իր իսկ «հոգածությանբ», հասցված է նվազագույնի, ապա ԲՀԿ-ի պարագայում նույնը չենք կարող ասել: Այս ուժը գոնե մոտ հինգ տարի գործող իշխանության պարագայում շարունակելու է իր` ընդդիմադիրի խաղերը, և հասարակության այն շերտը, որն ընտրություններին պարբերաբար ԲՀԿ-ի մի քանի հազարի դիմաց ընտրության է գնում` ինքն իրեն խաբելով, թե իբր հաճելին ու օգտակարը համատեղում է` ընդդիմադիրին քվեարկելով նաև մի երկու կոպեկ է աշխատում, ապա գուցե այդ շերտի որոշ հատված վերանայի իր վերաբերմունքը ԲՀԿ-ի նկատմամբ ճշմարտությանը բախվելով: Իսկ ճշմարտությունը «Բարգավաճի» ձեռքում է: Քանի դեռ չի հրապարակվել ձայնագրությունը, ինչ ասես կարելի է ենթադրել: Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մանրամասները կարող են ձեռնտու չլինել նաև ԲՀԿ-ին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ