Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչու՞ և ումի՞ց են փախչում հայաստանցիները

Ինչու՞ և ումի՞ց են փախչում հայաստանցիները
19.12.2017 | 09:29

Հայաստանում բռնկած հակառուսական տրամադրությունների պայմաններում հազիվ թե տեղին լիներ որևէ դրական բան ասել ռուսաց նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Սակայն եթե մի կողմ դնենք նրա «հակահայկական» բնույթը և հարցին նայենք, թեկուզ և համեմատության կարգով, այն տեսանկյունից, թե նա ինչ է արել իր առաջնորդած պետության ու ժողովրդի համար, ապա կտեսնենք, որ նա այնքան էլ «հրեշավոր» քաղաքական գործիչ չէ: Համենայն դեպս, օրերս կայացած ուղիղ հեռուստահանդիպման ժամանակ նա չէր թաքցնում դեմքը իր ժողովրդից:


Պուտինի մամլո ասուլիսի պարզ վիճակագրությունն անգամ տպավորություն է գործում: 13-րդ հանդիպմանը ներկա էր սադրիչ լրագրողական հասարակության 1640 ներկայացուցիչ` տեղացի և օտարերկրացի: Ամենաշահեկանն այն է, որ ոչ ոք ռուսաց պետության ղեկավարին չի պարտադրում կամ պահանջում անցկացնել նման միջոցառում. նա ինքն է սկզբնավորել այդ երևույթը և հերթական անգամ իր ամենամյա հաշվետվությամբ հանդես եկավ սեփական ժողովրդի (և ոչ միայն) առջև: Քաղաքական իմաստնություն և քաջություն է պահանջում նման քայլը: Դու պիտի մարդկանց աչքի առաջ կարողանաս ներկայացնել այն, ինչ արել ես, անում ես, պիտի անես ու դառնությամբ ընդունես թերացածը: Ամեն պետության ղեկավար չէ, որ, պատկերավոր ասած, կարող է կամովին գլուխը դնել լրագրողական անողոք կառափնարանին: Առնվազն պիտի վստահ լինես, որ սեփական ժողովուրդը բարյացակամ ու հարգանքով է տրամադրված քո նկատմամբ, կհասկանա քեզ, կգնահատի քո ծառայությունները և հանդուրժողական կլինի բացերի նկատմամբ` դրանք հետագայում հաղթահարելու ակնկալիքներով:


Դուք կարծում եք՝ Պուտինը, անձամբ խոսքը տալով «բոլորի դեմ քվեարկող» սկանդալիստ Քսենյա Սոբչակին, չգիտե՞ր, թե ինչ հարց պիտի ուղղի նա իրեն: Իհարկե գիտեր, որ նախագահական պայքարի իր նորաթուխ «մրցակիցը» պիտի ծավալվի իշխանության «անփոփոխելիության» (несменяемость) շուրջ, ձգտելով «տեղ» հայթայթել իր համար: Պուտինը շատ հանգիստ ջախջախեց նրան, ասելով, որ եթե երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող անձինք չունեն նույնիսկ կոնկրետ ծրագիր, ապա ամեն ինչ վերածվում է սոսկ դատարկախոսության: Մինչ այդ նա կոնկրետ թվերով ու փաստերով նշել էր այն բոլոր հիրավի տպավորիչ փոփոխությունները, որոնք ձեռք են բերվել ելցինյան կործանարար տարիներից հետո: Հատկապես տպավորիչ էր նրա համեմատությունը իննսունականների ու ներկա ռուսական բանակների միջև, մասնավորապես սիրիական հաղթանակների ֆոնի վրա: Անկարելի է չընդունել, որ նա կիսավեր երկիրը կրկին վերածեց գերտերության:


Ամեն անգամ Պուտինի ուղիղ մամլո ասուլիսները դիտելիս ցանկացած նորմալ ռուսահայի մեջ նույն հարցն է առաջանում` ինչու՞ հայոց նախագահը իր նախորդների պես երբեք չի դիմում հայրենի ժողովրդի հետ հաղորդակցման այս ձևաչափին: Հայ մամուլը հեղեղված է հավաստիացումներով, որ առաջիկա վարչապետական ընտրություններում իշխանական փոփոխություն տեղի չի ունենա: Բայց գոնե պիտի տեղի ունենա՞ ժողովրդի առջև հայկական «անփոփոխելիության» արդարացման որևէ հաշվետվություն` թեկուզ և պուտինյան անմիջականության ոճով: Չմտածեք, թե Ռուսաստանում չեն խոսում երկիրը համակած դժվարությունների մասին, թե իրոք քնած են նրա ընդդիմախոսները: Բնավ: Մամլո ասուլիսի ժամանակ հնչում էին նույնիսկ հուսահատության ճիչեր, որոնց Պուտինը ցավով էր արձագանքում: Իսկ ինչ են գրում Պուտինին չսիրողները. «2014 թվականից սկսած, երբ պատժամիջոցներ մտցվեցին Ռուսաստանի դեմ, ժողովրդի մեծ մասը կորցրեց եկամուտների մեկ երրորդը: Սակայն միևնույն ժամանակ մեր ազգային հարստությունների 70 տոկոսը տնօրինող 90 ամենահարուստ ընտանիքների եկամուտներն ավելացան 38 տոկոսով: Ճգնաժամի, պատժամիջոցների պայմաններում լույս աշխարհ են եկել 17 նոր դոլարային միլիարդատերեր»: Կամ որ օլիգարխների ու «հինգերորդ շարասյան» միջոցով Պուտինի կառավարման տարիներին երկրից դուրս է բերվել 7 տրիլիոն դոլար և այլն:


«Իրատեսում» կարդում ենք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Պուտինի մասին էլ են ասում, բայց դա իրոք այդպես է: Սակայն ներկայիս հայոց նախագահին ինչո՞վ մրցակից չէ վարչապես Կարեն Կարապետյանը: «Իրատեսը» նաև կարծիք է հայտնում, որ Սերժ Սարգսյանը ձգտում է դառնալ համազգային լիդեր: Քավ լիցի: Բայց ինչպես կարելի է դառնալ համազգային առաջնորդ արտագաղթող երկրում: Գիտեք, ռուսաստանցի հայերը շատ հաճախ են բախվում արտագաղթի հետևանքի հետ` Մոսկվայում, թե այլուր: Եվ ամենացավալին` դրա վերջը չի երևում: ՈՒ սա միայն մեկ երկրում: Զարմանալի յուրահատկություն ունի ղեկավարություն-ժողովուրդ փոխհարաբերությունը Հայաստանում. երկու կողմերն էլ արհամարհանքով են տրամադրված միմյանց նկատմամբ:


Իսկ գուցե ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը հետխորհրդային հայոց պատմության մեջ առաջին անգամ ի՞նքը կազմակերպի համահայկական հրապարակային մամլո ասուլիս: Ի վերջո, ամեն տարեվերջի այդպես է վարվում նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այնժամ տեղին կլիներ նրան ուղղել ավանդական դարձած հարցը` ինչու՞ և ումի՞՛ց են փախչում հայաստանցիները:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 6413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ