Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Համագործակցենք, սակայն չհրապուրվենք

Համագործակցենք, սակայն չհրապուրվենք
07.09.2018 | 00:41

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան գնահատվեց որպես պատմական իրադարձություն: Այլ կերպ չէր էլ կարող լինել. թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիր էր ժամանել արդի Եվրոպայի հզորագույն պետության ղեկավարը: ՈՒրիշ հարց է, թե տնտեսական-քաղաքական ինչ ակնկալիքներ կարող են արդարանալ հայ-գերմանական հարաբերությունների զարգացումից: Պատրանքներ չպիտի լինեն. պետք է ընդունել, որ բոլոր մեծ տերությունները նույնն են փոքրերի նկատմամբ, գերազանցապես գերադասում են սեփական շահերը, մի քիչ ավել կամ պակասը նշանակություն չունի: Եթե մենք որոշ հարցերում իրավացիորեն դժգոհ ենք դաշնակից Ռուսաստանից, ապա դա չի նշանակում, որ պիտի հրապուրվենք ուրիշներով, տվյալ դեպքում՝ Գերմանիայով: Բոլոր դեպքերում, դուր է գալիս դա մեզ, թե ոչ, մեր անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է: Չափից դուրս քայքայված ժառանգություն են ստացել Հայաստանի նոր իշխանությունները մեծ և փոքր պետությունների առնչություններում կշիռ ունենալու համար: Ռուս շատ փորձագետներ մատնանշում են այն փաստը, որ Խորհրդային Միության քայքայումից հետո Գերմանիան ռուս-գերմանական «ակտիվ համագործակցության» միջոցով միայն Ռուսաստանից կորզել է մոտ մեկ տրիլիոն եվրո: Հայերս չպիտի անտեսենք նաև այն իրողությունը, որ Եվրամիության Սահմանադրության մեջ ոչ մի խոսք չկա քրիստոնեության մասին:


Առհասարակ ռուսաստանյան լրատվամիջոցներում հսկայական է ուշադրությունը Գերմանիայի նկատմամբ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես ասվեց, նա մայր ցամաքի ամենազարգացած պետությունն է, հատկապես բրեքսիթից հետո: Բավականին հաճախ պատմության հանգուցալուծային պահերին այս երկու երկրների շահերը անմիջական բախման մեջ են մտել, և նույնիսկ Ռուսաստանի ոխերիմ թշնամի անգլոսաքսերը այդ հակամարտություններում հայտնվել են վերջինիս կողմում: Սուբյեկտիվ դեր է խաղում նաև այն պարագան, որ ռուսաց պետության ներկա ղեկավարը ժամանակին «աշխատել» է Գերմանիայում, գերազանց է տիրապետում գերմաներենին և երես առ երես, առանց թարգմանչի անպաճույճ բանակցում է ֆրաու կանցլերի հետ:


Հայտնի են Չերչիլի, Ռուզվելտի, Թրումենի և ուրիշ նշանավոր անգլոսաքսերի բացահայտ հակագերմանական բազմաթիվ հայտարարությունները: «Մեծ Բրիտանիան կռվում է ոչ թե Հիտլերի, նույնիսկ ոչ թե նացիոնալ-սոցիալիզմի դեմ, այլ գերմանական ոգու դեմ»,- այսպես «անկեղծ» կարող էր արտահայտվել միայն Չերչիլը: Հայտնի են նաև անգլոամերիկացիների՝ գերմանացիների մեջ կոլեկտիվ մեղքի հոգեբանական ճնշումն արմատավորելու, հետպատերազմյան Գերմանիան մասնատելու, գերմանական ինքնությունը ոչնչացնելու, Գերմանիան ընդամենը ագրարային պետության վերածելու, գերմանացի տղամարդկանց ամլացնելու և նմանատիպ շատ այլ պլանները: Հատկանշական է նաև ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար լորդ Հաստինգս Իսմեյի ծրագրային հայտարարությունը. «Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս, Ամերիկան՝ Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ»:


Սակայն մի կողմ դնենք պատմությունը: Ռուսներին (և ոչ միայն) ժամանակակից Գերմանիան ներկայանում է երկու պարադոքսալ՝ իրարամերժ նկարագրով: Մի կողմից՝ գերմանական ազգային ինքնության աղճատում, դիմազրկիչ մուլտիկուլտուրալիզմ, ընտանիքի ինստիտուտի քայքայում, ազգային-մշակութային արժեքների կորուստ, գենդերային հավասարության քողի տակ «տղամարդ» հասկացության վերացում, միասեռականության օրինականացում, ուղեղների լվացում և այլն, և այլն: Մյուս կողմից՝ գերինդուստրիալ երկիր գերժամանակակից տեխնոլոգիաներով, ռազմական հզոր արդյունաբերություն, որի համար ատոմային ռումբի ստեղծումը, ինչպես ասում են, 5 րոպեի գործ է, տնտեսականի հետ արդեն նաև քաղաքական ազդեցիկ ուժ Եվրամիությունում և այլն:


Եվ, իհարկե, Գերմանիայի աստիճանական անհետացման գլխավոր շարժիչ ուժը համարում են միգրանտների անվերահսկելի հոսքը: Ռուսները չեն հասկանում գերմանացիների «ոչխարային» հանդուրժողականությունը (տոլերանտությունը) մուսուլմանական այդ խառնամբոխի նկատմամբ: ՈՒ՞մ օգտին են գործում երկու հազարից ավելի մզկիթները: Հետաքրքրական է այն պարագան, որ հականերգաղթային շարժման առաջատար դիրքերում են գտնվում արևելագերմանացիները, որոնք, բովված լինելով տոտալիտար-սոցիալիստական անցյալում, չեն կորցրել «տղամարդկությունը»:


Հատկապես հականերգաղթային տրամադրությունների ուժեղացման հենքի վրա նացիոնալիստական թեքումով ռուս մեկնաբանները, այնուամենայնիվ, ոչ թե կանխատեսում են Գերմանիայի կործանումը, այլ առաջիկայում տեսնում են... չորրորդ ռայխի հառնումը, նացիզմի վերածնումը: Նրանք նաև մերժում են Գերմանիայի մուսուլմանացման տեսակետը: Գերմանիայի մոտ ապագայի վերաբերյալ մի շարք տեսությունների մեջ կանգ առնենք մեկի վրա, որի հեղինակն է ճանաչված հրապարակախոս-քաղաքագետ Իգոր Շիշկինը:
Ինչու՞ առանց այն էլ ներգաղթյալների հարուցած դժվարությունների առկայության պայմաններում Անգելա Մերկելը երկրի սահմանները լայնորեն բացեց ևս մեկ միլիոն՝ այս անգամ արդեն բացահայտ տգետ ու ագրեսիվ մուսուլմանա-աֆրիկյան հորդաների առաջ: Դրանով իսկ, Շիշկինի կարծիքով, կանցլերը կանխակալ հարուցեց քաղաքական-ազգամիջյան խոր ճգնաժամ՝ աղմուկ, սպանություններ, դժգոհության ցույցեր, միտինգներ, ինչը չէր կարող չբորբոքել գերմանացիների ազգային զգացումը, չխթանել նրանց ոգու զարթոնքը: Հոգնել են գերմանացիները և՛ կոլեկտիվ մեղքի զգացումից, և՛ Հոլոքոստի շոշափուկներից, և՛ տարածքների կորստի դառնախտից: Ի դեպ, Շիշկինը պատմում է, որ երբ Լեհաստանում իր գործընկերներին հիշեցրել է նրանց երկրի ոչ լեհական՝ գերմանական հատվածների մասին, վերջիններս սարկազմով պատասխանել են, թե թուլամորթ գերմանացի տղամարդիկ, կանացի «կալգոտկաներով» անշառ գեյ-զինվորները անընդունակ են ագրեսիվ գործողությունների: Բայց արդյո՞ք իրավացի են լեհերը: Նացիոնալիզմի, նացիզմի, ֆաշիզմի նոր պայմաններում նացիոնալ-լիբերալիզմի որդը, որը, Շիշկինի համոզմամբ, Եվրոպայի և առաջին հերթին հենց Գերմանիայի փրկության անխուսափելի ու միակ միջոցն է, ընդունակ է համաճարակի պես տարածվելու շատ արագ ու սեղմ ժամկետներում: Ժամանակին, երբ Հիտլերը եկավ իշխանության, հիշեցնում է Շիշկինը, գերմանացիները մայր ցամաքի ամենաընկճված ազգերից մեկն էին, սակայն շատ արագ ոտքի կանգնեցին և իրենց ագրեսիվությամբ կրակ ու պատիժ դարձան աշխարհի գլխին: Պիտի հայտնվեր սերժանտը:


Ինչ վերաբերում է Գերմանիայի մուսուլմաններին՝ թուրքերին, քրդերին, արաբներին, Աֆրիկայից ներգաղթածներին, ապա Շիշկինը բնավ էլ համամիտ չէ մուսուլմանների այն համոզմունքին, որ իրենք կդառնան Գերմանիայի (Եվրոպայի) տիրակալը, որ կտնօրինեն սպիտակամաշկ գերմանուհիների հարեմը և այլն: Շիշկինի կարծիքով, ամենայն հավանականությամբ, գերմանացիները կանցնեն տրորված ճանապարհով: Մուսուլմաններին կսպասեն (նույնիսկ դժվարանում ես վերարտադրել քաղաքագետի դատավճիռը) համակենտրոնացման ճամբարներն ու անգամ... գազախցիկները:
Ո՜վ գիտե:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 6859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ