Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սրբորեն կատարեց իր մարդկային վեհ առաքելությունը

Սրբորեն կատարեց իր մարդկային վեհ առաքելությունը
18.10.2024 | 17:02

«Մենք չունենք նավթ, գազ, չի եղել ու երբեք էլ չի լինի. փոխարենը մենք ունենք ուղեղներ և Սփյուռք: Եվ եթե Սփյուռքի ողջ ներուժը ներդնենք, դա մեծ խթան կլինի Հայաստանի զարգացմանը». Լևոն Հայրապետյան:

Ուշ-ուշ ենք հիշում այս մեծ մարդուն` իսկական բարերարին։

Անտարբեր եղանք նրա ճակատագրի հանդեպ, թեպետ նրան մեղադրյալի աթոռին նստեցնողները զորեղ էին․ նրանց դեմ ոչինչ անել չէին կարող սովորական մարդիկ։

Մեծ բարերարը, սակայն, մինչև վերջ իրեն մեղավոր չճանաչեց։ Դեռ երկու տարեկանից Արցախից դուրս ապրելով՝ Հայրապետյանն իրեն միշտ արցախցի էր համարում և աշխատում էր ամեն ինչ անել Արցախի զարգացման ու հզորացման համար։

Նա առաջնորդվում էր մի սկզբունքով․

«Ամոթ է աղքատ լինելը, բայց առավել ամոթ է, երբ հարուստ ես աղքատների մեջ»:

Իր օրինակով նա փորձում էր վարակել շատ մեծահարուստների:

Ինչպե՞ս կարող էր մեղավոր լինել այն հայրենասեր անհատը, ով արարել էր ամեն ինչ իր հայրենի Վանք գյուղի համար։

Աշխարհի տարբեր վայրերում ապրելու հնարավորություն ունենալով հանդերձ՝ նա որոշել էր տեղափոխվել հայրենի Արցախ՝ իր երկիրը հզորացնելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։

Նրա կատարած բարեգործությունները շատ-շատ են․ բոլորին մեկ-մեկ չեմ անդրադառնա։ Շատերին է հայտնի, թե ինչ ծրագրեր էր մշակել՝ արտագաղթը կանխելու, ներգաղթի, արցախցիների թիվը խթանելու, աշխատատեղերով ապահովելու և այլ բաների համար։

Նրա նմաններին հիշելը ամենից առաջ մեզ է անհրաժեշտ ու կարևոր, քան հենց իրենց։

Լեւոն Հայրապետյանը սրբորեն կատարեց իր մարդկային վեհ առաքելությունը և հոգին հիմա թեթևորեն ճախրում է տիեզերական անհուններում։

Ավա՜ղ, ազնվագույն հայի հետ դաժանորեն վարված մարդիկ դեռևս պատասխան չեն տվել։

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հիմա ինչպե՞ս ասեմ՝

Հայ եմ ու հպարտ եմ,

Երբ ամոթից կարկամ՝

Անզոր մեղապարտ եմ։

Հայացքս խոնարհած՝

Չեմ հանդգնում անգամ

Ասել՝․ «Ների՛ր, ի՛մ վեհ,

Որ եղել եմ անկամ»։

Որ անտարբեր ու լուռ,

Մեջքս բեռից կքած`

Դեռ մնում եմ իբրև

Ստրուկ մի անարգված։

Բայց ես ինչպե՞ս ապրեմ

Այս մեղքերի բեռով՝

Ինքըս իմ դեմ ելած,

Ինքըս ինձնից խռով։

Հաց Բերողը քիչ էր՝

Քեզ էլ սպանեցին

Իմ աչքերի առաջ

Զենքով դժոխածին,

Որ կախված է քինոտ

Ամեն հայի գլխին՝

Հազար անգամ փորձված,

Արնաթաթախ ու հին։

Իսկ ես ճչում եմ լուռ,

Ողբում ափիբերան,

Երբ լավերիս այսպես

Մեկիկ-մեկիկ կերան։

Էլ ինչ ասեմ իզուր՝

Անե՜ծք, անե՜ծք չարին,

Երբ որ զենքը նրա

Խոցում է տկարին։

Դու՝ Նժդեհի ոգու

Արիության պատգամ,

Ես` ինձանից փախչող

Նժդեհ՝ թափառական։

Դու՝ բարերար հոգու,

Ես՝ վկայող միայն՝

Փակված ինքըս իմ մեջ՝

Առանց սրի՝ պատյան։

Ների՛ր, թե կարող ես

Անզորությունս խեղճ․

Մեծ է մեղքս անչափ՝

Կրած քո պատժի մեջ։

Մինչդեռ քո պահվածքից՝

Հպարտ, արիակամ,

Սարսում էր ոխակալ

Քո թշնամին անգամ։

Արդ նայում ես վերից՝

Հեգնաժպիտ, վսեմ,

Արևից խույս տվող

Խլուրդներին նսեմ։

Խղճուկ ու նանրամիտ

Նյութապաշտներին գող՝

Քո վեհ հոգու ճախրը

Ահուդողով նենգող։

Ժամն է հասել արդեն

Դատաստանի վերին,

Թե հապաղենք հիմա,

Ոչ ոք մեզ չի ների։

Լավ է մեռնենք պատվով,

Ո՛չ թե ստրուկ, գերի,

Մաքրենք սև խարանից

Հոգին սերունդների։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

19․10․2017թ․

Դիտվել է՝ 4025

Մեկնաբանություններ