Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայ քաղաքական մտքի ոստղոտ կաղնին (մաս 1-ին)

Հայ քաղաքական մտքի ոստղոտ կաղնին  (մաս 1-ին)
12.11.2024 | 20:35

Բարեկամներ, այսօր մտադիր եմ ձեզ հետ զրուցել ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ մասին:

Այո՛, հենց նրա, որի անվան շուրջ վերջին տարիներին այդքան կրքեր բորբոքվեցին:

Չեմ բանավիճի, չեմ արդարացնի, չեմ քննադատի, պարզապես կպատմեմ նրա մասին այն, ինչ եղել է:

Օտար պատմաբանները նրան համարում են քսաներորդ դարի լավագույն դիվանագետներից մեկը, համեմատելով այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Թալեյրանն ու Մետերնիխը: Իր երկարակեցությամբ նա քաղաքական դաշտում խորարմատ կաղնի էր, ոստղոտ բունով:

Ոստղերը կայծակների հետքերն էին, կամ եթե փորձենք վերծանել՝ իր դաժան ժամանակի և շրջապատի հետքերը:

Նա մեկ անգամ չէ, որ ակնդետ նայել էր մահվան աչքերին և հայացքը չէր փախցրել:

Մեր անվանի հայրենակիցը, ով մահացավ իր բնական մահով 1978 թվականի հոկտեմբերին, իր 83-ամյակից ընդամենը մեկ ամիս առաջ, կարող էր նահատակի փառքի արժանանալ 25 տարեկանում, 1920-ին, երբ պատահականությունը նրան փրկեց Բաքվի գնդակահարված կոմունարներից մեկը լինելուց:

Նրան կարող էին գնդակահարել 1937-ին, ինչպես Կենտկոմի մյուս անդամներին և ժողովրդական կոմիսարներին:

1962-ին նա կարող էր զոհ գնալ ավիավթարին, երբ Վաշինգտոն թռչելիս «Բոինգ» ինքնաթիռի շարժիչներից մեկը, ապա երկրորդը խափանվեց, և խուճապ սկսվեց ուղևորների մեջ:

Միկոյանը խորհրդային պատվիրակությունն էր գլխավորում, որի կազմում էր նաև իր որդին:

«Տղամարդ եղեք»,- ասաց նա, անվրդով շարունակելով զրույցը ուղեկիցների հետ և, նույնիսկ այն պահին, երբ անձնակազմը կարողացավ գրեթե հրաշքով ինքնաթիռը բարեհաջող իջեցնել, որևէ մեկը չնկատեց նրա հուզմունքը:

Այդ մասին վկայագիրները նշում են զարմանքով, շեշտելով՝ «Անաստաս Իվանովիչի ձայնն անգամ հանգիստ էր, այն ոչ մի անգամ չդողաց»:

Դա շոյում է իմ ազգային արժանապատվությունը, այդ վկայությունը կարծես փոքրիկ մի վրեժխնդրություն է հիշողության բեռով իրեն չծանրաբեռնող մոսկովյան նյութապաշտ շրջանակներում Միկոյանի մասին առայժմ կենսունակ տխմարագույն անեկդոտների հանդեպ, որոնցից հատկապես մեկը դարձել է քաղաքական այդ խոշոր գործչի այցեքարտ բնութագրականը:

«Միկոյանը հյուրընկալվում է բարեկամներից մեկին: Հանկարծ տեղատարափ անձրև է սկսվում, բայց Միկոյանը վեր է կենում և պատրաստվում տուն գնալ: Դուք ինչպե՞ս պետք է գնաք՝ հարցնոմ են բարեկամները, անձրև է տեղատարափ, իսկ Դուք անձրևանոց անգամ չունեք: Ոչինչ, պատասխանում է Միկոյանը, ես շիթերի արանքով կքայլեմ...»:

Իսկ երբ 60-ականների վերջին Միկոյանը սկսեց հրատարակել հատվածներ իր հուշերից, նույն շրջանակներում ինչ-որ մեկը իր կարծիքով շատ դիպուկ կատակ ասպարեզ նետեց՝ այդ հուշերը պետք է կրեն От Ильича до Ильича խորագիրը:

Այո, քաղաքական երկարակեցության առումով Միկոյանն իրոք անմրցակից է: Դեռևս 1919-ին ընտրվելով նախ Ռուսաստանյան Ֆեդերացիայի, ապա ԽՍՀՄ Կենտգործկոմի, այնուհետև մինչև 1947 թվականը Գերագույն խորհրդի նախագահության անդամ, նա խորհրդային իշխանության բարձրագույն մարմիններին անդամակցել է 55 տարի:

Միկոյանը 54 տարի անընդմեջ կոմկուսի կենտկոմի անդամ է եղել, 40 տարի աշխատել էԿենտկոմի քաղբյուրոյի կազմում: ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի և կառավարության ոչ մի ղեկավար աշխատող, թերևս բացառությամբ Վորոշիլովի, չի կարող այս առումով մրցել նրա հետ:

Եվ ամեն ինչ բացատրել հասարակ հարմարվողականությամբ, նշանակում է կամ միտումնավոր խեղաթյուրել փաստերը, հանիրավի նսեմացնել մեծագույն ծառայություններ ունցող գործչի վաստակը, կամ պարզապես այն չհասկանալ: Երկու դեպքում էլ տուժում է ճշմարտությունը:

Հանրահայտ պատմաբան Ռոյ Մեդվեդևը «Ստալինի մերձավոր շրջապատը» գրքում, խոսելով Մոլոտովի, Կագանովիչի, Միկոյանի, Վորոշիլովի, Մալենկովի, Սուսլովի, Կալինինի և այլոց մասին, եզրակացնում է՝ «Նրանցից ոչ մեկը, ըստ էության, չի կարող կոչվել քաղաքական խոշորագույն գործիչ, չնայած և պատմության թատերաբեմերում նրանց տրվեց կարևոր դերեր խաղալու հնարավորություն... Մյուսներից իր խելքով Միկոյանը, թերևս, ավելի բարձր էր, բայց նա էլ կիսամտավորական էր ընդամենը»:

Կիսամտավորական արտահայտության շուրջը կարելի է անշուշտ վիճել: Նման բնութագրականի համար թերևս ամենևին էլ ոչ երկրորդական դեր է խաղացել Միկոյանի ազգային պատկանելիությունը: Ռուս կենսագիրները մեկ անգամ չէ, որ շեշտել են նրա հայկական առոգանությունը, չնայած Միկոյանը անկաշկանդ էր ռուսերեն խոսում: Ռուսի մեծապետական ազգայնականությունը, հրեական հուժկու ազդակի հավելումով, միշտ էլ հովանավորչական երանգ է հաղորդել կովկասցիների հետ հարաբերություններին, վերջիններիս վերապահելով աշակերտողի կարգավիճակ:Անշուշտ՝ ոչ Ստալինի պարագայում: Նա բացառություն էր, սոսկալի առոգանությունը, կարճ հասակը, հաշմված թևը և նույնիսկ ծաղկատարությունը նրա փառքի բաղադրիչներն էին: Եվ նա, բախտի երեսառած այդ հտպիտ զավակը, ինքն էր ծաղրում ուրիշներին ոչ սլավոնական ծագման համար:

Այժմ ես կանդրադառնամ մի ցավոտ խնդրի, որն ամենաշատն է շրջանառվել վերջին տարիներին:

1937-ին Հայստանում ծավալված քաղաքական «մեծ զտումների» մասին է խոսքը և Միկոյանի դերակատարումը դրանցում: Հիշեցնենք՝ գլխատված էր ազգային մտավորականությունը, սպանված էր Աղասի Խանջյանը, կտտանքներին չդիմանալով, ազգային անվտանգության քննչական սենյակի պատուհանից իրեն ցած էր նետել ժողկոմխորհի նախագահ (այսօրվա հասկացությամբ ՝վարչապետ) Սահակ

Տեր-Գաբրիելյանը, որպես ժողովրդի թշնամի գնդակահարվել էր լուսավորության ժողովրդական կոմիսար Ներսիկ Ստեփանյանը: Ղեկավարական պաշտոններում Բերիայի մարդիկ էին՝ Ամատունին, Ակոպովը, Գուլոյանը, Մուղդուսին...

Բայց Ստալինը դարձյալ դժգոհ էր: Մենք չենք կարող թույլ տալ, որ հայ ժողովրդի թշնամիները ազատ թրև գան Հայաստանում, ասել էր ժողովուրդների հայրը և Հայաստան գործուղել հանձնակատարներին՝ Միկոյանին, Մալենկովին և Բերիային:

Նրանց հետ էր զանգվածային ձերբակալությունների գործով հմտացած ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ ծառայությունների խումբը՝ Լիտվինի գլխավորությամբ, որը շատ կարճ ժամանակում իրականացրեց Հայաստանի ղեկավար աշխատողների զանգվածային ձերբակալությունները: Դրանք ուղեկցվում էին դաժան բռնարարքներով, կեղծ ցուցմունքների կորզումով, որոնց զոհ գնացին հազարավոր մարդիկ:

«Կոմունիստ» հանրապետական թերթն այդ օրերին գրեց.

«Մեծն Ստալինի ցուցումով ընկեր Միկոյանը վիթխարի օգնություն ցուցաբերեց Հայաստանի բոլշևիկներին՝ մեկուսացնելու և արմատախիլ անելու հայ ժողովրդի թշնամիներին...»:

Միկոյանի մերձավորներից շատերն այսօր փորձում են հաստատել, որ նա որ մի կապ չունի երեսնականների բռնարարքների և ահաբեկչության հետ, որ նա փորձել է ինչ-որ բան ձեռնարկել:

Դժբախտաբար դա իրականությանը քիչ է համապատասխանում: Ճշմարտոթյունն այն է, որ Քաղբյուրյի անդամ լինելով, նա չէր կարող խուսափել իր պարտականություններից, որոնց շրջանակներում էին նաև Ստալինի կողմից իրեն ներկայացվող «եժովյան ցուցակների» տակ ստորագրելը: Ինչպես իր գործընկերները, Միկոյանը ևս գիտեր, որ դրանով նա անմեղ մարդկանց դատավճիռն էր ստորագրում, բայց դրանից խուսափելու որևէ հնարավորություն չկար: Աչքի առաջ դաժան նախադեպն էր:

Սերգո Օրջոնիկիձեն փորձեց իր երբեմնի ընկերոջը՝ երկրի միահեծան ղեկավարին խելքի բերել, օգնություն ցույց տալ իր ամբաստանված ընկերներին, բայց այնպիսի ծանր ճնշման տակ ընկավ, որից միակ ելքը ինքնասպանությունն էր:

Միկոյանն Օրջոնիկիձեի մտերիմ ընկերներից էր, իր կրտսեր որդուն նա Սերգո էր անվանել: 37-ի տարեսկզբին «երկաթյա Սերգոյի» ինքնասպանությունից հետո, Ստալինը երկրի ղեկավարական վերևներում շանտաժի այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որը բացառում էր անգամ նման ողբերգական հանգուցալուծումը: Չէ՞ որ ինքնասպանությունից հետո մնում էին հանգուցյալի մերձավորները, ընտանիքի անդամները: Ահա նրանց էլ կարելի էր անպատիժ տանջել:

Հիշենք, թե Խանջյանի սպանությունից հետո, երբ վարպետորեն բեմականացվեց ինքնասպանության վարկածը, ի՞նչ կատաղությամբ վարկաբեկվեց այդ պայծառ մարդու հիշատակը, ինչպիսի հալածանքների ենթարվեցին նրա ընտանիքի անդամները:

Խանջյանից մի քանի ամիս հետո Բերիան թունավորեց Աբխազիայի ժողկոմխորհի նախագահ Լակոբային: Մամուլում պաշտոնապես գրվեց, որ նա մահացել է սրտի պայթյունից, և Լակոբան թաղվեց պատշաճ հանդիսավորությամբ: Բայց մի քանի ամիս հետո Աբխազիայի ղեկավարներին դատեցին, և Լակոբան հայտարարվեց նրանց կազմակերպած դավադրության ղեկավարը: Ահա այստեղ էլ ի հայտ եկավ ղեկավարական վրեժխնդրության իրական պատկերը: Բերիան հրամայեց գերեզմանից հանել նրա դիակը, այրել և մոխիրը քամուն տալ: Որոշ վկայություններով էլ՝ այրելուց առաջ գանահարել են հանգուցյալին:

Ժամանակներն իրոք դավադիր էին: Կենտկոմի յուրաքանչյուր անդամ լրտեսում էր մյուսին: Ստալինը սիրում էր խարդավանքներ լարել նրանց միջև, և հաճույքով հետևում էր այսպես կոչված հաշիվ մաքրելու ներպալատական բախումներին: Իր շրջապատի մարդկանց նա անխտիր ներքաշում էր քաղաքական արկածախնդրության բնագավառ, կոտրում նրանց կամքը, նրանց ակամա մեղսակից դարձնում իր սատանայական ծրագրերին: Հետախուզական ծառայությունների մի պատակառազդու կազմակերպություն կասկածելի փաստեր ու հանցանշաններ էր տրամադրում Ստալինին երկրի ազդեցիկ, այդ թվում նաև իր իսկ շրջապատի մարդկանց մասին, որոնք էլ անհրաժեշտ պահին նա վարպետորեն շանտաժի միջոց էր դարձնում: Մարդիկ վախենում էին հարազատների համար:

Օրջոնիկիձեի ինքնասպանությունից հետո, Միկոյանի հնարավոր դժգոհությունը մեկըդմիշտ կանխելու նպատակով, Ստալինը նրան իր մոտ է հրավիրում: Չմոռանանք, դա 1937-ի սկիզբն էր, այն տարվա, որի ընթացքում Միկոյանը անտրտունջ կատարեց հայաստանյան «զտումների» ստալինյան պահանջը: Տարբեր աղբյուրների համադրությամբ փորձենք վերծանել նրանց երկխոսությունը.

- Անաստա ս,բարև:Նստիր, հարմար տեղավորվիր... Ինչպե՞ս ես:

- Բարև, Իոսիֆ Վիսարիոնովիչ: Շնորհակալություն:

- Գույնդ դուրս չի գալիս, հիվա՞նդ ես:

- Ո՛չ, ո՛չ, ամեն ինչ կարգին է:

- Տիկնոջդ,Աշխենի առողջությունն ինչպե՞ս է: Լսել եմ՝վատառողջ է:

- Մի թեթև, վատառողջ էր, հիմա ամեն ինչ կարգին է:

- Դու նրան լավ նայիր: Փափկասուն ընտանիքի աղջիկ է, կարծեմ իշխանական ծագում ունի, չէ՞: Մի քիչ որ փորփրենք, երևի դասակարգային առումով նույնիսկ խնդիրներ ունենա:

- Ի՜նչ եք ասում, ի՞նչ եք ասում, ծագումը իրոք ազնվական է, Թումանյանների տոհմից, բայց ընտանիքն առանձնապես հարուստ չէր...

- Դե՜, դե՜, կատակ արեցի, մի խառնվի: Հա, ի դեպ, երեկ մի առիթով Բաքուն հիշեցի: Դու էլ լավ ես հիշում այդ քաղաքը, երկուսիս ջահելությունն էլ կապված է նրա հետ: Թե՞ որոշ մանրամասներ մոռացել ես:

- Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, Իոսիֆ Վիսարիոնովիչ:

- Դե ուրեմն հիշիր, Անաստաս, այն պատմությունը, թե ինչպես գնդակահարվեցին 26 կոիսարները և նրանցից միայն մեկը՝ Միկոյանը ողջ մնաց: Այդ պատմությունը մինչև հիմա էլ մութ է ու անհասկանալի: Եվ դու մի ստիպի, որ մենք այդ կծիկը քանդենք...

Այո՛, հարգելի ընթերցող, նման ոչ երկիմաստ զգուշացումից հետո, երբ Օրջոնիկիձեի նման ինքն իրեն վերջ տալու վճիռն անգամ անօգուտ էր, ոչինչ չէր մնում Միկոյանին, քան դիվանագիտորեն հեռու վանել վտանգն իր հարազատներից:

Ես չեմ ուզում այսօրվա մեր զրույցը ծանրաբեռնել արխիվային այն կռվաններով, ըստ որոնց մեր հայրենակիցն իրոք որևէ մեղք չուներ Բաքվի կոմունարների գնդակահարության հետ, նա իրոք անմեղ էր, Միկոյանի անունը չի եղել ձերբակալության ենթակա կոմիսարների ցուցակում, քանի որ այդ ժամանակ նա Բաքվում չէր, ճակատում էր: Դա հայտնի էր նաև Ստալինին, բայց բռնակալը միշտ էլ այդ փաստը որպես շանտաժ օգտագործեց Միկոյանի դեմ, մասնավորապես 1937 արնածոր տարում, որը Միկոյանը ստիպված էր իր ելույթներում որակել որպես «մեծ հաղթանակների տարի»:

17.09. 2005 թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ.Գ.

Բարեկամներ,մեր զրույցը շարունակություն ունի:

Հուսով եմ կընթերցեք նաև երկրորդ մասը ընդհանուր լրահոսում, կամ իմ էջում անմիջապես:

Գիտեմ, որ ընդիմախոսներ պիտի ունենամ, բայց ասեմ, որ գրում եմ նրանց համար, ովքեր ծանոթ չեն պատմության այդ շրջանին ընդհանրապես:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ