ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ԱՄՆ-ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու

ԱՄՆ-ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու
22.06.2025 | 12:24

Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։

Եթե Իրանի հրթիռային հարվածները շարունակվեն գոնե ևս 7-8 օր, Թել-Ավիվը և Հայֆան վերածվելու են ավերակների կույտերի։ Այդ դեպքում էլ ի՞նչ «հաղթանակի» մասին կարելի է խոսել։ Իր վերջին հարվածով ԱՄՆ-ը, փաստորեն, ակամա նպաստում է ոչ թե Իսրայելի հաղթանակին, այլ նրա արագացված կործանմանը։

ԻՍԿ ԻՐԱ՞ՆԸ։ Ինչ էլ պատահի Իրանին, նա իր տարածքի ընդարձակության, 90-միլիոնանոց բնակչության, հզոր բանակի և հազարամյակների պետական ավանդույթի շնորհիվ կկարողանա դիմանալ, թեկուզև՝ շատ մեծ կորուստների գնով։ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, համեմատաբար անխոցելի է ռազմավարական խորության, մոբիլիզացիոն ներուժի և աշխարհաքաղաքական տեղակայումի տեսանկյունից։

Արդյունքում առաջանում է մի պարադոքսալ իրավիճակ՝ որքան ուժեղանում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, այնքան արագ է մոտենում այդ երկրի ռազմական և հոգեբանական կործանումը։

ԱՄՆ-ը, նրա ուժերն ու շահերը տարածաշրջանում ևս լուրջ կորուստներ են կրելու. Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ չի ուշանա։ Պատերազմն արագ ընդլայնվում է, իսկ միջազգային քաղաքական համակարգն ավելի ու ավելի է հեռանում իրավունքի տրամաբանությունից՝ զիջելով տեղը ուժի իրավունքի տրամաբանությանը։ Այս իրողության հետևանքները բազմաթիվ ուղղություններով դեռ դժվար կանխատեսելի են, սակայն մի բան արդեն պարզ է. պետությունների միջև հարաբերություններում տեր ու տիրակալ է դառնում ոչ թե իրավունքը կամ դիվանագիտությունը, այլ բիրտ ռազմական ուժը։

Այս գործընթացը ոչ միայն բարոյական, այլև քաղաքակրթական առումով հետընթաց է՝ սպառնալիք միջազգային կայունության հիմքերին։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը մտնում է վտանգներով լի մի շրջան, որտեղ ավանդական դաշնակցություններն ու միջազգային համաձայնագրերը կարող են հեշտությամբ ոտնահարվել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմների հավանականությունը և գուցե, ի վերջո, հանգեցնելով համաշխարհային բախման։

Եվ ինչպես շատ անգամ ասել եմ՝ այս ամենը սկսվել է Հայաստանով և վերջանալու է Հայաստանով։ Որովհետև մենք ենք քաղաքակրթությունների սահմանագծում գտնվող վերջին դիրքապահը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ