Մոտ ընկեր է տագնապի նշաններով գրել՝ ո՞նց եք Սյունիքում, Գորիսում...
Իրավիճակից սկսեմ:
Ամերիկայի, Ռուսաստանի քաղաքացիները հավանաբար ներքին ցուցում ունեն՝ Հայաստան չայցելելու, առավելապես՝ Սյունիք, ինչի մասին չի բարձրաձայնվում, բայց ծանոթներից լուրեր են հասնում՝ «փոխվել են ծրագրերը» կարճ պատճառաբանությամբ:
Նրանցից ոմանք պետք է արդեն այստեղ լինեին, մոտ մարդիկ են, մահամերձ և միայնակ ծնողներ ունեն:
Իսկ այս երկրներում ապրողներից ոմանք, ովքեր եկել էին մեզ մոտ՝ հարազատներին տեսնելու, շտապ հավաքում են ճամպրուկները:
Ի՞նչ է կատարվում, գուցե սովորական զգուշավորություն է, կարևոր չէ:
Դրա փոխարեն՝ քաղաքում շատացել են մուգ գույնի մարդիկ՝ իրանցիներ են, ովքեր շտապում են այստեղից էլ հեռանալ, Երևան մեկնող տաքսիների մեջ խմբերով կտեսնես:
Մեկին խանութում հարցնում եմ՝ հա՞յ ես. պատասխանում է հայերեն՝ ոչ, պարսիկ եմ:
Իսկ ես մտածում եմ՝ գուցե ադրբեջանցի՞ էր, ժամանակին այստեղից մեկնել է Իրան, քաղաքացիություն ձեռք բերել, ո՞վ գիտե, այսպես աջապսանդալ էլ ապրում ենք: Երկիրը դարձել է Լալուն Մաշուն տունը՝ կասեր գորիսեցին, ինչ քիթ ու պռոշ ասես չի մտնում-դուրս գալիս:
Այնպես որ, միայն իրանահայերը չեն հյուրընկալվել մեզ, նաև՝ իրանցիներ, ու ամենևին խուճապի չենք մատնվում, ամեն ինչ ընթանում է իր հունով. քաղաքս էլ օր-օրի կառուցապատվում, գեղեցկանում է, վարդերի ծովի մեջ է ուղղակի:
Թրամփը չէ, ողջ Եվրոպան էլ հարձակվի Իրանի վրա՝ Սյունիքն Աստծո պահած գառն է, անսասան է մնալու:
Այդպիսի՞ խուժան քամիներ ենք տեսել, ողջ անգլո-թուրքական, բոլշևիկյան զինական ուժերն անցյալ դարասկզբին թափվել էին մի փոքրիկ Զանգեզուր, չկարողացան նրան ծնկի բերել:
Նժդեհն ու Անդրանիկը, Դրոն չկան, բայց նրանց ՈԳԻՆ այստեղ է:
Ու որպեսզի լոպազություն չթվա, ասեմ, որ իսկական սյունեցու «նաստրոյկան» այստեղ է արված, ուրիշ տեղ նա անելիք չունի:
Մեկը ես՝ ախր, ես ինչպե՞ս վեր կենամ գնամ…
Ամեն անգամ հենց որոշել եմ գնալ, վաղ առավոտյան սկսված պատերազմների լուրն եմ առել. առանց չափազանցության՝ հենց առավոտյան, ու զինաթափվել…
Իրանի ու Իսրայելի պատերազմն էլ բացառություն չէր. մեջտեղ Սյունիք է խաղացվում:
Տերն ի՜նքն է, ասես, խառնվում ու խանգարում Ոգին կրողներին, շատ լսելի ասում՝ եթե գնաս՝ քաղաքդ կորբանա...
Հիշենք Մաթևոսյանի փոքրիկ ձիուկը. «Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել, ասում է՝ չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում…»:
Կարծում եմ՝ այսպիսի անհնազանդ ձիուկ է Սյունիքը:
Սուսաննա Բաբաջանյան