Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Հայոց ցեղասպանությունը միայն մարդկային կորուստների պատմություն չէ

Հայոց ցեղասպանությունը միայն մարդկային կորուստների պատմություն չէ
26.04.2026 | 10:53

1915–1917 թվականներին Օսմանյան կայսրության իրականացրած քաղաքականությունը նպատակ ուներ վերացնելու հայկական ներկայության ցանկացած վկայություն։ Այս գործընթացի թիրախում հայտնվեցին նաև Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակները՝ գամփռն ու Վանա կատուն։

Ցեղասպանությանը հաջորդեց մի գործընթաց, որը մասնագետներն անվանում են «մշակութային ցեղասպանություն»։ Այն ենթադրում էր բնիկ հայկական արժեքների վերանվանում, դրանց ծագման փաստի խեղաթյուրում կամ իսպառ ոչնչացում։

Գամփռը ոչ թե պարզապես շուն էր, այլ հայ գյուղացու զինակիցը։ Պատմում են, որ երբ ջարդարարները մոտենում էին հայկական օջախներին, առաջինը նրանց դիմավորում էին գամփռները։ Նրանք չէին նահանջում, չէին վախենում փամփուշտից։ Թուրք զինվորը ստիպված էր լինում նախ սպանել հավատարիմ պահապանին, որպեսզի կարողանար տիրանալ տանը։ Գամփռի կորուստը հայ մարդու համար նման էր բերդապատի փլուզմանը. նա մնում էր անպաշտպան՝ զրկված իր հոտն ու ընտանիքը հսկող հզոր ուժից։

Եթե գամփռը մեր ուժն էր, ապա Վանա կատուն մեր տան առասպելն էր։ Թուրքերը գամփռների հետ մեկտեղ մասսայաբար ոչնչացրին նաև Վանա կատուներին։ Այս զարմանահրաշ էակները, որոնք չէին վախենում ջրից և լողում էին Վանա լճի փիրուզագույն ալիքներում, կրում էին մի սուրբ նշան։ Նրանց մորթու վրայի ծիրանագույն բծերը հայերը անվանում էին «Աստծո մատնահետքեր»։ Ասվում էր, թե Աստված օրհնել է նրանց՝ իր ձեռքը հպելով նրանց գլխին ու թիկունքին։

Վանա կատուն ենթարկվեց հետևողական կենսաբանական մանիպուլյացիայի։ Որպեսզի ջնջվի կապը հայկական անցյալի հետ, թուրքական քարոզչությունը ստեղծեց մի «նոր» ստանդարտ, որն էապես տարբերվում է պատմական բնիկ տեսակից։ Բնիկ Վանա կատվի հիմնական հատկանիշը սպիտակ մարմնի վրա՝ գլխի և պոչի հատվածում առկա ծիրանագույն բծերն են։ Թուրքական նոր ստանդարտը պահանջում է բացարձակ սպիտակ մորթի, իսկ ցանկացած բիծ որակվում է որպես «արատ»։

Թուրքական քարոզչությունը տարաչքությունը (դեղին ու կապույտ) դարձրեց պարտադիր պայման՝ ստեղծելով էկզոտիկ «տուրիստական միջավայր» այդ կատուներին տեսնելու և նրանց հետ շփվելու համար։ Այս նոր Վանա կատուների հետևողական բազմացումը հանգեցրել է գենետիկական խնդիրների. այսօրվա սպիտակ Վանա կատուների զգալի մասը տառապում է բնածին խլությամբ (հատկապես կապույտ աչքի կողմի ականջը)։ Սա արհեստական սելեկցիայի բացասական հետևանքն է։

Իսկական Վանա կատուն ունի ջրամեկուսիչ մորթի և լողալու բնազդ։ Քանի որ նոր տեսակը խաչասերված է Անգորայի կատվի հետ, նրա մորթին կորցրել է իր ջրամեկուսիչ հատկությունը, դարձել է ավելի նուրբ ու փափուկ։ Այս կատուները հիմնականում վախենում են ջրից կամ չունեն այն բնական լողալու մղումը, որն ուներ բնիկ տեսակը։ Ցավոք, թուրքական մամուլի ճարպիկ ու հետևողական քաղաքականության շնորհիվ այսօր թե՛ աշխարհը, թե՛ շատ հայեր «Վանա կատու» ասելով հասկանում են բացառապես սպիտակ, տարաչք (կապույտ, դեղին) կատվին։

Մինչ միջազգային հարթակներում պայքար է գնում յուրացման դեմ, Հայաստանի ներսում վերաբերմունքը մնում է ցավալի։ Բնիկ տեսակները, որոնք փրկվել են ոչնչացումից, այսօր հաճախ դառնում են մարդկային անփութության զոհ։ Իսկական բծավոր Վանա կատուներին այսօր կարելի է հանդիպել փողոցներում՝ լքված վիճակում։ Տարիներ առաջ Ծաղկաձորում մեր փրկած մեկ ամսական Վանա կատուն, որը ցեխի ու կեղտի մեջ էր և օր ու գիշեր լաց էր լինում, ընդամենը մեկն է այն բազմաթիվ կատուներից, որոնց տեսակային արժեքը չի գիտակցվում հասարակության կողմից՝ հենց իրենց «ոչ ստանդարտ» (բծավոր) տեսքի պատճառով։ Այսօր նա մեր ընտանիքի լիարժեք ու սիրելի անդամն է։

Առավել մտահոգիչ է գամփռների վիճակը։ Հայկական լեռնաշունը հաճախ շահագործվում է ոչ նպատակային։ Ականջների և պոչի կտրումը զրկում է կենդանուն հաղորդակցման բնական լեզվից, ինչպես նաև առիթ դառնում բազմաթիվ հիվանդությունների։ Գամփռների օգտագործումը արյունոտ մարտերում խեղաթյուրում է նրանց բանական ու հավասարակշռված բնավորությունը։ Կարճ շղթաները և սովի միջոցով ագրեսիա սերմանելը հակասում են գամփռի էությանը։ Հաճախ թույլ գամփռներին սպանում են, կամ որպես վրեժ՝ տևական ժամանակ կտտանքների ենթարկում, ծեծում ու տանջում, իսկ լավագույն դեպքում՝ փողոց շպրտում։

Հայրենասիրությունը չի կարող լինել միայն անցյալի մասին տեսական խոսքեր։ Ազգային ժառանգության տեր լինելը ենթադրում է հոգատարություն դրա կենդանի կրողների հանդեպ։ Եթե մենք շարունակենք անտարբեր մնալ նրանց հանդեպ, կկորցնենք այն վերջին հետքերը, որոնք մեզ կապում են մեր պատմական լեռնաշխարհի հետ։ Պատմության դասերը պետք է արտացոլվեն մեր այսօրվա վերաբերմունքի մեջ։ Պիտի նաև արձանագրեմ, որ Թուրքիայում կենդանիների պաշտպանությունն ու մարդկային վերաբերմունքը Հայաստանի հետ համեմատած գտնվում են անհամեմատ բարձր մակարդակի վրա, և դա ևս մի առիթ է իրականությանը բաց աչքերով նայելու համար։

Յուրաքանչյուր խնամված գամփռ և պահպանված Վանա կատու պիտի լինի մեր հաղթանակը անցյալի մոռացության դեմ։

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ