Ընտրությունների, կամքի ազատության մասին և՝ ոչ միայն
Մարդը, որպես քաղաքական էակ, չի կարող անտարբեր լինել իր հավաքական տանը` իր երկրում կատարվող իրադարձություններին։ Նա ունի ամենակարևոր և կենսական զենքը` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ։ Այն բխում է մարդու կամքի ազատությունից` բարին և չարը զանազանելու հատկությունից։
Կամքի ազատությունը, որը ընտրության գաղափարի առանցքն է, ենթադրում է պատասխանատվություն։ Մենք պատասխան ենք տալու այն ընտրության համար, որը կատարում ենք այսօր մեր անձնիշխան և ազատ կամքով։ Այն իր անդրադարձումն է ունենում նաև մեր սերունդների վրա։
Սա, իհարկե, հերթական ընտրություն և մրցավազք չէ կուսակցությունների միջև։ Այն մեր հետագա կյանքի ուղեծրի որոշման արմատական բեկում է: Մենք ցանկանում ենք ունենալ պետություն, որն անդեմ քաղաքացիների և ամբոխացած անհատների վթարային շե՞նք է, թե՞ պետություն, որը հոգևոր ապաստան և հովանի է դառնալու իր որդիների համար։։
Գործող իշխանության վերահաստատումը նշանակելու է ազգակործան ձեռնարկների լեգիտիմ և անխոչընդոտ շարունակություն, պետության և հավաքական ինքնության աստիճանական մահացում։ Հայ մնալը կդառնա հետապնդվող սխրանք, իսկ Մարդ լինելը` անպատիվ հետադիմություն։
Եկեղեցին կվերածվի փակ ակումբի, որտեղ սատանայաբար կիշխի Չարի ուրվականը։ Դպրոցը կդառնա անդեմ և կամազուրկ մանուկների համահարթեցման ճամբար։ Մշակույթը` խղճուկ էքսպոնատ, իսկ պատմությունը՝ մոռացված և փակված հիշողություն։ Պետությունը, պսևդոանկախության և ինքնիշխանության քարոզներից թմրած, կվերածվի ամենակախյալ սուբյեկտի և կդրվի գերտերությունների ու գիշատիչ հանրույթների մասնատման զոհասեղանին։ Այս շարքը անվերջ կարելի է թվարկել։
Մեր հարատևումը, անխոս, այլընտրանք չունի։ Այն լինելու է, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը։ Բայց այսօր մենք ունենք ազատ կամք` արմատախիլ անելու այս որոմը մեր առօրյա ներկայությունից ու հանրային գիտակցությունից, մաքրվելու և ապաշխարելու մեր հավաքական մեղքերից ու կանգնելու մեր խղճի դատաստանի առաջ։
ԿԱՄՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է:
Վահե Թորոսյան