«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

ՀՅԴ. Դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան

ՀՅԴ. Դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան
18.02.2021 | 16:27

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով.

«100 տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցավ համաժողովրդական ապստամբություն: Փետրվարյան ապստամբության պատճառը ապազգային իշխանության խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանությանը, բոլշևիկյան հեղկոմն ունակ չեղավ ապահովելու երկրի ներքին կայունությունն ու զարգացումը: Մոլեռանդորեն տարված դրսից ներմուծված ցնորական գաղափարներով, ապազգային այս ուժն անտարբեր գտնվեց աշնանը թուրքերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով երկրի կրած տարածքային կորուստների և վիրավոր ժողովրդի տառապանքի նկատմամբ: Այն պայմաններում, երբ թուրքական զորքը դեռևս գտնվում էր հայրենիքի փոքրացած տարածքում, իսկ Ադրբեջանը փորձում էր վերջնականորեն յուրացնել Արցախը, Նախիջևանը և տիրանալ Զանգեզուրին, ապազգային ուժի գլխավոր մտահոգությունն ու գործը հայրենիքի ազատության համար պայքարած նախկին իշխանության և զինվորականության հալածանքն էր:


Բարձրագույն հրամանատարությամբ հանդերձ, աքսորվեց մոտ 1500 զինվորական: Երևանի բանտում հայ և թուրք դահիճների ձեռքով կացնահարվում ու գնդակահարվում էր երկրի ռազմաքաղաքական ու մտավորական ընտրախավը: Այս անելանելի թվացող պայմաններում հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի հանդուրժի իր ազատության և արժանապատվության ոտնահարումն ու երկրի բախտը օտարների քմահաճույքին թողնելը: Փետրվարի 18-ին, Դաշնակցության առաջնորդությամբ բարձրացնելով ապստամբության դրոշ, ժողովուրդն ազատագրեց Երևանը և երկրից դուրս վռնդեց ապազգային արկածախնդիր հեղկոմին:
Շնորհավորում ենք պատմական կարևոր դասեր պարունակող ազգային հիշարժան օրվա առիթով: Հավատում ենք, որ հայ ժողովուրդը շատ փորձությունների կարող է դիմանալ, բայց անհնար է մշտապես զրկել նրան մարտունակ ոգուց, հանուն ազատության ու արժանապատվության սարեր սասանելու կամքից:


Վստահ ենք, որ դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան»։

Դիտվել է՝ 19027

Մեկնաբանություններ