Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Կմիանա՞ արդյոք Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմին

Կմիանա՞ արդյոք Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմին
09.03.2026 | 11:00

Վերջին օրերի դրամատիկ զարգացումները կրկին ակտիվացրել են քննարկումները այն հարցի շուրջ, թե արդյոք Ադրբեջանը կարող է միանալ Իրանի դեմ հնարավոր ռազմական կամ քաղաքական արշավին։ Թեև նման սցենարը տեսականորեն հնարավոր է, ներկայիս պայմաններում դրա հավանականությունը մեծ չէ։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վերջին երկու տասնամյակներում կառուցվել է առավելապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Բաքուն սովորաբար խուսափում է մեծ պատերազմների մեջ անմիջական ներգրավումից, եթե դրանց ելքը նախապես կանխորոշված չէ։ Այդ քաղաքական վարքագիծը ձևավորվել է հատկապես այն փուլում, երբ Ադրբեջանը փորձում էր նվազագույնի հասցնել ռազմաքաղաքական ռիսկերը և առավելագույն օգուտ քաղել մեծ տերությունների հակադրություններից։

Այս տրամաբանությունից ելնելով՝ Իրանի դեմ բաց ռազմական մասնակցությունը Բաքվի համար չափազանց վտանգավոր քայլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պահպանում է պետական կառավարման կայունությունը և կարողանում է դիմակայել արտաքին ճնշմանը։

Իրանը տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկն է՝ ինչպես ռազմական, այնպես էլ աշխարհաքաղաքական ներուժի տեսանկյունից։ Եթե Ադրբեջանը բացահայտ ներգրավվի Իրանի դեմ գործողություններին, Թեհրանը կարող է պատասխանել ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և հիբրիդային մեթոդներով՝ լուրջ խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի ներսում և նրա սահմանների երկայնքով։

Կարևոր հանգամանք է նաև Իրանի ներսում բնակվող բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնքը։ Թեև Բաքվում որոշ շրջանակներ երբեմն այդ գործոնը դիտարկում են որպես ազդեցության պոտենցիալ լծակ, իրականում այն կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ։ Բաց ռազմական հակամարտության պայմաններում Իրանը կարող է խստորեն վերահսկել այդ տարածաշրջանները և ամբողջությամբ փակել բոլոր այն ուղիները, որոնց միջոցով Ադրբեջանը կարող էր որևէ ազդեցություն ունենալ այնտեղ։ Այդ դեպքում կարճաժամկետ ռազմական հաշվարկը կարող է վերածվել երկարաժամկետ ռազմավարական կորստի։

Ադրբեջանի հնարավոր որոշման վրա էական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան և Թեհրանը, թեև մրցակիցներ են տարածաշրջանային ազդեցության համար, միաժամանակ հանդիսանում են Մերձավոր Արևելքի ուժային հավասարակշռության կարևոր տարրեր։ Իրանի հնարավոր քայքայումը կարող է առաջացնել այնպիսի զարգացումներ, որոնք չեն բխի Թուրքիայի շահերից․ մասնավորապես՝ քրդական գործոնի ուժեղացում և Իսրայելի ազդեցության զգալի աճ տարածաշրջանում։ Այդ պատճառով Անկարան դժվար թե աջակցի այնպիսի սցենարի, որը կհանգեցնի Իրանի ամբողջական ապակայունացմանը։ Առանց Թուրքիայի հստակ քաղաքական աջակցության Ադրբեջանը հազիվ թե գնա Իրանի դեմ բաց ռազմական ներգրավման։

Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի սերտ հարաբերությունները Իսրայելի հետ։ Վերջին տարիներին Բաքուն դարձել է Իսրայելի կարևոր գործընկերներից մեկը՝ հատկապես անվտանգության և էներգետիկ ոլորտներում։ Այդ համագործակցությունը կարող է ստեղծել որոշակի գործնական ձևաչափեր Իրանի դեմ գործողությունների շրջանակում, սակայն դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ է անմիջական ռազմական մասնակցության։ Ավելի հավանական է սահմանափակ և անուղղակի աջակցությունը՝ հետախուզական կամ ենթակառուցվածքային մակարդակում։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ