ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ցավագին է արձագանքել Կանադայի և Չինաստանի միջև կնքված առևտրատնտեսական պայմանագրին, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում չինական տնտեսական ներթափանցման համար: Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրք մտցնել կանադական ապրանքների ներմուծման վրա: Այս իրադարձության շուրջ իմ մտորումները ինձ հիշեցրին պրոֆեսորներ Սաքսի և Միրշայմերի մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած քննարկումը՝ միջազգային հարաբերությունների զարգացման նոր միտումների առնչությամբ: Երկու պատվարժան քաղաքագետները միանշանակ համակարծիք էին այն հարցում, որ նոր ձևավորվող աշխարհակարգի հիմքում դրվելու է տերությունների կողմից ազդեցության և շահերի գոտիների նոր վերաբաժանումը: Անշուշտ, նրանք իրավացի են:
Ի՞նչ ընդհանրություն ունեն Պուտինն ու Թրամփը. նրանք հստակ և ուղղակի, առանց ձևականությունների, նշում են ԱՄՆ և ՌԴ ազդեցության ու շահերի գոտիները: Արևմտյան կիսագունդը, երկու Ամերիկաները ԱՄՆ ազդեցության գոտին են, այստեղ Վաշինգտոնը մրցակից չի հանդուրժելու: Հետխորհրդային տարածքը ՌԴ-ն հայտարարում է իր գերակա շահերի գոտի: Միջազգային բոլոր հակամարտությունները, միջպետական բախումներն ու ճգնաժամերը, պատերազմների ծագումն ու ընթացքը պետք է դիտարկել այս տեսանկյունից: Այս համատեքստում են տեղավորվում նաև մնացած բոլոր պայմանագրերը, դաշինքները, մաքսատուրքերը, էներգետիկ և տրանսպորտային նոր ուղիների շուրջ ծրագրերը: Շուտով կհստակեցվեն նաև Չինաստանի ազդեցության գոտիները, չնայած, մասնագետներն արդեն կանխատեսումներ են անում՝ նշելով ասիական տարածաշրջանները:
Դժվար է կանխատեսել ԵՄ-ի դերակատարումը նոր աշխարհակարգում, որի կազմից արդեն դուրս է եկել Մեծ Բրիտանիան: Այն նորից կմտնի՞ ամերիկյան հովանոցի տակ, թե՞ կկարողանա հաստատվել որպես ինքնուրույն ուժային կենտրոն: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն երեկ ազնվորեն խոստովանեց, որ Եվրոպան ի վիճակի չէ լուծելու իր անվտանգային խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի:
Եվ վերջում. եթե Պուտինին հաջողվեց հասնել հետխորհրդային տարածքում գերիշխանության հաստատման, ինչպե՞ս է գործարկվելու զանգեզուրյան կապուղին, որի հանդեպ վերջնական դիրքորոշում չեն հայտնել ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Իրանը:
Գարիկ Քեռյան