Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

ՈՒժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից

ՈՒժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից
15.02.2026 | 12:21

Փետրվարի 10-ին Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Վատիկան և հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի հետ չէր կարելի դիտարկել որպես սովորական միջկրոնական շփում։ Այն քաղաքական հստակ նպատակ ունեցող քայլ էր՝ միջազգային հանրության առաջ ամրագրելու այն վտանգավոր թեզը, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին է խոչընդոտում «խաղաղությանը»։

Փաշազադեն փաստացի ներկայացրել է Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը, որի առանցքում հայկական կողմին մեղադրելու և սեփական գործողությունները լեգիտիմացնելու փորձն է։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձրաձայնած պահանջները որևէ ագրեսիվ բնույթ չունեն․ դրանք հիմնված են միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների վրա։

Այդ պահանջներն են՝

•անհապաղ վերադարձնել ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին,

•կանխել հայկական եկեղեցիների, վանքերի և սրբավայրերի ոչնչացումը Արցախում,

•ապահովել բռնի տեղահանված արցախահայության անվտանգ և արժանապատիվ վերադարձը,

•հրաժարվել նոր տարածքային պահանջներից և ուժի սպառնալիքից,

•ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Սրանք խաղաղության հիմքերն են, ոչ թե պատերազմի կոչեր։ Սակայն հենց այս դիրքորոշումն է անհարմար նրանց համար, ովքեր փորձում են պարտադրել «խաղաղություն»՝ առանց արդարության և իրավունքների։

Ուշագրավ է, որ Փաշազադեի այցից ընդամենը չորս օր անց Հայաստանի ներսում սկսվեց քրեական վարույթ Գարեգին Բ-ի նկատմամբ։ Այս ժամանակային համընկնումը դժվար է դիտարկել որպես պատահականություն։ Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ճնշումների և քարոզչական հողի ձևավորման ֆոնին փորձ է արվում լռեցնել այն ձայնը, որը միջազգային մակարդակով բարձրաձայնում է արցախահայության իրավունքների, գերիների ազատման և մշակութային ցեղասպանության մասին։

Եթե երկրի հոգևոր առաջնորդը հայտնվում է իրավական հետապնդման թիրախում հենց այն բանի համար, որ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքներն ու պատմական հիշողությունը, ապա դա արդեն ոչ միայն ներքաղաքական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Այդպիսի քայլերը թուլացնում են հայկական դիրքերը միջազգային հարթակներում և ուժեղացնում հակառակ կողմի քարոզչական թեզերը։

Այսօր պայքարը միայն տարածքների կամ քաղաքական պայմանավորվածությունների շուրջ չէ։ Դա պայքար է ինքնության, պատմության, հավատքի և ազգային արժանապատվության համար։ Եվ երբ պահանջվում է պարզապես արդարություն, իսկ դրա դիմաց հնչում են մեղադրանքներ «խաղաղությանը խոչընդոտելու» մասին, ակնհայտ է դառնում, թե իրականում ով է շահագրգռված լռեցված ու անպաշտպան Հայաստան ունենալու մեջ։

Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր պետականությանը և մեր հոգևոր առաջնորդությանը։ Որովհետև ուժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից, հիշողությունից և արժանապատվությունից։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ