Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, միաժամանակ շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ նրա քայլերին»,- շեշտել է նա։               
 

Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը

Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը
17.02.2026 | 11:11

Հայաստանի թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով

Երբ Հայաստանը խորապես թաղված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ, Նիկոլ հայադավի կողմից դատական համակարգն ուզուրպացված է, իրավապահ համակարգը գրպանված, այդ նույն իրավապահ համակարգում հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու փոխարեն, ոմանք առերևույթ կերպով իրենք են կատարում հանցագործություններ:

Փետրվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հրապարակային հաղորդմանս («Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի 3»), ինչպես ասում են, թանաքը դեռ չէր չորացել, երբ հաջորդ օրը Հայաստանի բռնապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ, իսկ Քննչական կոմիտեի կողմից, որպես խափանման միջոց, արգելվել է Հայաստանից Վեհափառ Հայրապետի ելքը:

Վեհափառ Հայրապետը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու այն նույն ակնհայտ անհիմն, շինծու և անհեթեթ մեղադրանքով, ինչով ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամ հոգևորականներին: Կատարվածը բացի Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտություն լինելուց, բացի Ավստրիայում փետրվարի 16-17-ը նախատեսված Եկեղեցական մեծ ժողովի (եպիսկոպոսաց ժողովի) կայացմանը, ամենայն հավանականությամբ, խոչընդոտելու նպատակն ունենալուց, նշանակում է, որ Հայաստանի դատախազությունում, ինչպես և քննչական կոմիտեում անտեսում, արհամարհում ու դյուրությամբ խախտում են Հայաստանի Սահմանադրությունը, մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունները, ՄԻԵԴ համապատասխան նախադեպային որոշումները, Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթները:

Դե եթե քննիչներին, դատախազներին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին այս ամենը կարելի է, այլոց օրենքից հարկադրաբար դուրս գործելու և քրեական օրենսդրության որոշ դրույթներ զանց առնելու առումով չի՞ կարելի: Այնպես որ, բնավ չզարմանաք ու չբողոքեք կամ չոռնաք, երբ մի գեղեցիկ օր կվայելեք ձեր ցանած սերմերի դառը պտուղները…

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կատարված հանցագործության առնչությամբ նույն օրը՝ փետրվարի 14-ին, հանդես եկավ հայտարարությամբ , որում մասնավորապես նշված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:

Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։

Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։

Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը» (նույն հայտարարությունը հրապարակվել է նաև անգլերենով ու ռուսերենով)։

Որևէ կասկած չունեմ, որ Նիկոլ հայադավի, նրա ուզուրպացրած դատական համակարգի և գրպանած իրավապահ համակարգի համար Մայր Աթոռի վերոնշյալ հայտարարությունը լինելու է ձայն բարբառո անապատի, ինչպես եղավ տվյալ հայտարարությունից 4 օր առաջ՝ փետրվարի 10-ին, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի կողմից հրապարակված Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևյալ խոսքը.

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ «Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև»։

Եվ, հետևաբար, կատարվածից գլխավոր հետևությունն այն է, որ Նիկոլ հայադավի, նրա ուզուրպացրած դատական համակարգի և գրպանած իրավապահ համակարգի համար Մայր Աթոռի առնչությամբ Սահմանադրություն, օրենք և օրինականություն գոյություն չունեն, ինչպես և գոյություն չունեն հայադավի իշխանության քաղաքական ընդդիմության հարցում, հետևաբար չպետք է սին հույսեր կապել նրանց կողմից օրենսդրության պահանջները կատարելու, հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, և պետք է միավորված անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը: Թե ինչպե՞ս՝ դա էլ ժողովուրդը կորոշի, որին այնքան հղումներ էր կատարում Նիկոլ հայադավը 2018-ին:

Արձագանքելով Հայաստանի դատախազության կողմից Վեհափառ Հայրապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում նույն օրը գրել է «Ազգային խայտառակություն ու իրավունքի եղծում. սև օր Հայոց պատմության մեջ» և հանդես եկել մի քանի մեկնաբանություններով ու դրանք ներկայացրել տեսագրությամբ:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծել է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելու փաստը, մեղմ ասած, ամոթալի է.

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։

Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց բացակայելու արգելք խափանման միջոց։

Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»,- Newday.am-ի փոխանցմամբ, ասել է Մելիքյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նույն օրը հանդես է եկել հետևյալ գրառմամբ ու տեսաուղերձով.

«ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»:

Հայտնի իրավաբան, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում նույնի առնչությամբ գրել է. «Իրավական և արժեքների ժխտողականության հերթական փաստն է, նույնիսկ հավատալու չէ, որ Հայոց Հոր դեմ հնարավոր է «քրեական հետապնդում» մեր Հայաստանում: Խայտառակություն է, որ մենք, որ մեր սերունդը տեսնում է այս ամենը»:

Վարդևանյանը ներկայացրել է իրավունքի գերակայության պահանջ:

Չնայած Վիեննայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի այլ անդամների նկատմամբ իշխանությունների հանցավոր քրեական հետապնդմանը, բռնաճնշումներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ Եպիսկոպոսաց ժողովը, թեկուզ առանց կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների մասնակցության, տեղի է ունենալու։

Ոչ թե Քրիստոսին, այլ Սատանային ու Նիկոլ հայադավին ծառայող եպիսկոպոսները, ըստ մեզ հասած տեղեկությունների, չեն մեկնել Ավստրիայի մայրաքաղաք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երեք եպիսկոպոս՝ Դանիել, Նարեկ և Արարատ սրբազանները, կեսգիշերին մեկնել են Վիեննա՝ մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին։ Մինչ թռիչքը, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց մոտ մեկուկես ժամ սպասեցրել են՝ անընդհատ ճշտումներ կատարելով, սակայն իրավական որևէ փաստարկ կամ կառչելու տեղ չունենալով, նրանց մեկնումը չեն կարողացել խոչընդոտել:

Ներկա պահին չորս արքեպիսկոպոս կալանքի տակ են, երկուսը ՝ՔԿՀ-ում, երկուսը՝ տանը, իսկ Վեհափառ Հայրապետի, ԳՀԽ-ի անդամ վեց եպիսկոպոսների և ԳՀԽ-ի քարտուղարի նկատմամբ ապօրինաբար հարուցված է քրեական հետապնդում, որպես խափանման միջոց, արգելված է նրանց ելքը Հայաստանից։ Հայաստանից Եկեղեցական մեծ ժողովին մասնակցելու են Նարեկ, Դանիել և Արարատ սրբազանները, Սփյուռքից՝ գրեթե բոլորը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Իրավաբան, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր այս կապակցությամբ գրել է.

«Հակառակ նիկոլի գործադրած բոլոր բռնաճնշումներին ու կապիկություններին Եպիսկոպոսաց ժողովը գումարվելու է Ավստրիայում ու արդեն երեք Սրբազաններ մեկնել են Վիեննա։

Մեր պուճուր բռնապետիկին մնում է միայն մեկ հնարք ժողովը կանխելու համար։

Մի երկու օրով անջատել ինտերնետ կապն ու թույլ չտալ առցանց մասնակցությունը։

Հորդորում եմ անպայման դա էլ անել ու մինչև ողն ու ծուծը խայտառակվել…»:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ