Դեռ կա՞ն մարդիկ, որ զարմանում են, թե երեկվա թլվատները ո՞նց դարձան ճարտասաններ, քաղաքականության Ա-ն Բ-ից չջոկողները՝ «կարկառուն» քաղաքական դեմքեր:
Փողը օգնեց, տիարք և տիկնայք, փո՜ղը, որ դառնում է անշարժ ու շարժական գույք, կարճ՝ հարստություն:
Փողի քսա՜կը, փողի քսա՜կը՝
բարձրացնում է մարդու հասակը…
Նրա վրա է աշխարհքը կանգնած,
նա մեր հոգին է, մեր երկրորդ աստված:
Թումանյանի ժամանակ էլ էր աշխարհը փողի վրա կանգնած, նրանից հազարավոր տարիներ առաջ էլ, հիմա էլ, հետո էլ է այդպես լինելու, եթե այդ հետոն ընդհա՛նրապես լինի: Քսանմեկերորդ դարում մարդ արարածի ընչաքաղցությունը տիեզերական չափերի է հասել և սպառնում է արդեն աստվածային արարչագործության մեր բաժին Մոլորակին, որ տեղով դրախտ է, բայց հենց մենք էլ վերածում ենք դժոխքի:
Հայերիս բաժին հասած այս մի պատառ դրախտն էլ այսօր ինքներս ենք տվել մի բոլուկ ընչաքաղցների ձեռքը ու կրավորական կեցվածքով ընդամենը հետևում ենք, թե ոնց են մանրակերտ քարտեզի վերածած երկիրը «խուրդում»-հարստանում: Եվ, որքան փողը շատանում, այնքան ձենները տաք տեղից է գալիս, վերին արտի ցորեն են դարձել, այլ խոսքով՝ վերնախավ: Դե, որտեղ՝ վերնախավ, այնտեղ ստորին խավ էլ պիտի լինի, չէ՞, և այդ ստորինը իրենց ընտրողն է՝ ժողովուրդ հավաքական անվանումով: Ինչ անում-չեն անում՝ գցում են ժողովրդի գրպանը, հերն էլ անիծած, որ իրենց գրպանները գնալով տռզում են, իսկ ընտրողների ծակ գրպաններում մկներ են վազում:
Կարելի էր, իհարկե, չարախնդալ, թե՝ տեղն է ձեզ, վայելեք ձեր ընտրության պտուղները, բայց, գրողը տանի, ախր, երկիրն է ձեռքներիցս գնում: «Ինադ անենք էլերին, քամակներս տանք գելերի՞ն»: Ախր, գելի համար լրիվ մեկ է՝ իշխանություն ընտրածի դմակը կհափռի՞, թե՞ ընդդիմություն ընտրածի: Դմա՛կ լինի: ՈՒ էդ դմակն էսօր մե՛ր երկիրն է, բոլորինս, անկախ նրանից՝ իշխանությա՞նն ենք ընտրել, թե՞ ընդդիմությանը:
Թող ներվի ասել, բայց իրոք ոչխար պիտի լինել՝ էս պարզագույն բանը չհասկանալու համար: Իսկ եթե շարունակելու ենք չհասկանալ ու կրավորական կեցվածքով ընդամենը հետևել, թե մի բոլուկ ընչաքաղցներ ոնց են երկիր մառաղ անելով հարստանում, ուրեմն, արժանի ենք «մատաղացու գառան» խարանին:
Անհույս սկեպտիկ չեմ, այս տողերն էլ շատ կուզենայի չգրել, բայց աչքը տեսածից է վախենում, ականջը՝ լսածից, իսկ այն, ինչ տեսնում-լսում ենք այսօր, լավատեսական եզրահանգումների տեղ գրեթե չի թողնում: Այդ «գրեթե»-ն էլ, թերևս, հույսի նեղլիկ դուռն է: Մեկ էլ տեսար՝ բացվեց:
Լիլի Մարտոյան