Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Թմրամիջոցը միայն սերունդ չի փչացնում, այն դատարկում է նաև երկրի գրպանը

Թմրամիջոցը միայն սերունդ չի փչացնում, այն դատարկում է նաև երկրի գրպանը
08.10.2026 | 15:41

Ափիոնային պատերազմներից մինչև այսօրվա Հայաստան

Այս պատմությունից սովորաբար հիշում ենք միայն թմրամոլությունը։ Բայց մոռանում ենք ամենակարևորը՝ փողի ուղղությունը։

Ինչպես ափիոնը շրջեց արծաթի հոսքը

XIX դարի սկզբին Բրիտանիան հսկայական քանակությամբ չինական թեյ, մետաքս և ճենապակի էր գնում, իսկ Չինաստանը բրիտանական ապրանք շատ ավելի քիչ էր գնում։ Տարբերությունը փակվում էր արծաթով, և արծաթը հոսում էր դեպի Չինաստան։

Լուծումը գտնվեց Հնդկաստանում։ Արևելահնդկական ընկերությունը վերահսկում էր բենգալական ափիոնի արտադրությունը, և չնայած չինական արգելքներին՝ ափիոնը մաքսանենգ ճանապարհով զանգվածաբար մտնում էր Չինաստան։

Ձևավորվեց եռանկյունի․

Հնդկաստան → ափիոն → Չինաստան

Չինաստան → արծաթ → բրիտանացի առևտրականներ

արծաթ → թեյ ու մետաքս → Բրիտանիա

Արծաթի հոսքը շրջվեց՝ այն սկսեց դուրս գալ Չինաստանից։ Իսկ երկրի ներսում մնացին կախվածությունը, քայքայված ընտանիքներն ու արծաթի պակասից ցնցվող տնտեսությունը։

Երբ Չինաստանը ասաց «ոչ»

1839-ին կայսեր հանձնակատար Լին Ցզեսյուն Կանտոնում բռնագրավեց և ոչնչացրեց ավելի քան 20 000 սնդուկ ափիոն։

Պատասխանը եկավ թնդանոթներով։

Առաջին ափիոնային պատերազմը (1839–1842) ավարտվեց Չինաստանի պարտությամբ և Նանկինի պայմանագրով․

Հոնկոնգ կղզին անցավ Բրիտանիային

բրիտանական առևտրի համար բացվեց 5 նավահանգիստ, այդ թվում՝ Շանհայը

Չինաստանը վճարեց 21 միլիոն արծաթե դոլար, այդ թվում՝ ոչնչացված ափիոնի փոխհատուցում

հաջորդ պայմանագրերով բրիտանացիները ստացան էքստրատերիտորիալ իրավունքներ․ որոշ դեպքերում Չինաստանում նրանք ենթարկվում էին ոչ թե չինական, այլ բրիտանական իրավազորությանը

Երկրորդ ափիոնային պատերազմում (1856–1860) Բրիտանիային միացավ Ֆրանսիան։ Հերթական պարտությունից հետո բացվեցին լրացուցիչ նավահանգիստներ, ափիոնի ներմուծումը փաստացի օրինականացվեց, իսկ Բրիտանիան ստացավ նաև Կոուլունի մի մասը։

Գլխավոր կորուստը, սակայն, ոչ արծաթն էր, ոչ էլ տարածքը։ Չինաստանն այլևս ինքնուրույն չէր որոշում, թե ով, որտեղ և ինչ պայմաններով կարող է առևտուր անել իր հողում։

Ահա պատմության դասը․

«ազատ առևտրի» դուռը միշտ չէ, որ բացել է վաճառականը։ Երբեմն այն բացել է նրա թիկունքում կանգնած ռազմանավը։

Հիմա նայենք Հայաստանին

Ես չեմ նույնացնում XIX դարի Չինաստանն այսօրվա Հայաստանի հետ։ Պատմական պայմաններն ամբողջովին տարբեր են։ Բայց մեկ տնտեսական մեխանիզմ նույնն է։

Երբ արտասահմանում արտադրված թմրամիջոցը վաճառվում է Հայաստանում, գործում է երկու շղթա։

Առաջինը բոլորս գիտենք․

թմրամիջոց → կախվածություն → քանդված ընտանիք → վնասված սերունդ

Երկրորդի մասին գրեթե չենք խոսում․

Հայաստանում վաստակված դրամ

↓

թմրամիջոցի գնում

↓

փոխարկում դոլարի, եվրոյի կամ կրիպտոակտիվի

↓

վճարում արտաքին մատակարարին

↓

արժեքի արտահոսք Հայաստանից

Արտաքին մատակարարին հայկական դրամը պետք չէ։ Շղթայի վերևում վճարումը վերջում դառնում է արտարժույթ կամ այլ փոխանցելի ակտիվ։

Օրինական ներմուծման դեպքում երկիրը գոնե ինչ-որ բան է ստանում՝ սարքավորում, տեխնոլոգիա, հումք, ապրանք։

Թմրամիջոցի դեպքում Հայաստանը վճարում է արտաքին արժեքով, իսկ փոխարենը ստանում է կախվածություն, հիվանդություն, հանցավորություն և սոցիալական ծախսեր։

Ստացվում է կրկնակի հարված․

-քայքայվում է մարդկային կապիտալը

-արտահոսում է ֆինանսական կապիտալը

Սա այլևս տեսական խնդիր չէ

Պաշտոնական տվյալներով՝ 2025-ին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերն աճել են ավելի քան 20%-ով։ Իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերը հասել են 2 176-ի։ Իրավապահները շրջանառությունից հանել են մոտ 768 կգ թմրամիջոց։

Պետական ռազմավարությունն արդեն շեշտում է ներմուծման և արտադրության շղթաների բացահայտումը։

Բայց հարցի տնտեսական կողմը գրեթե չի քննարկվում։

Որքա՞ն փող է դուրս գնում

Հրապարակային պաշտոնական տվյալներով այսօր վստահելի թիվ ասել հնարավոր չէ։ Ապօրինի շուկան մաքսային հայտարարագրերում չես տեսնի։

Բայց մեխանիզմը դրանից չի փոխվում։ Ուստի պետք է հաշվել ոչ միայն, թե քանի կիլոգրամ է մտել երկիր, այլ նաև՝

ինչ արժողությամբ է այն մտել

ինչ գնով է վաճառվել Հայաստանում

որքան գումար է հավաքվել ներքին շուկայից

ինչ ուղիներով է մատակարարի բաժինը դուրս եկել երկրից

ինչ արժույթով կամ ակտիվով է կատարվել վերջնական հաշվարկը

Յուրաքանչյուր խմբաքանակ ունի երկու ուղղություն․

-նյութը գալիս է ներս

-փողը գնում է դուրս

Եթե պետությունը հաշվում է միայն առգրավված կիլոգրամները, բայց չի հետևում դրանց թիկունքում կանգնած փողին, տեսնում է խնդրի միայն կեսը։

Թմրամիջոցների դեմ պայքարը միայն ոստիկանության և առողջապահության գործ չէ։ Դա ֆինանսական և տնտեսական անվտանգության հարց է։

Որովհետև թմրամիջոցը հարվածում է երկրի երկու ամենաթանկ ռեսուրսներին՝ մարդկանց և կապիտալին։

Մեկով փչացնում ես վաղվա սերունդը,

մյուսով՝ նույն հասարակության փողի մի մասը դուրս ես հանում երկրից։

Չինաստանն այս դասի համար վճարեց ոսկով, պատերազմով և ինքնիշխանության մի մասով։

Մենք դեռ կարող ենք այն սովորել ավելի էժան գնով...

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ