ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը
12.02.2026 | 13:22

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք գործնականում որոշելու են երկրի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիների համար։

Սակայն դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։ Նրանց նախընտրությունները բացահայտ, համակարգված և գործարքային բնույթ են կրում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին նշանավորում է արդեն ակնկալվող ու կանխատեսելի մի հաջորդականության սկիզբը։ Մայիսին եվրոպական առաջնորդները կժամանեն Երևան՝ նմանատիպ հավանության ուղերձներով։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կհետևի խորհրդանշական քայլերով՝ թուրք-հայկական սահմանի մասնակի բացմամբ։ Իսկ Բաքուն կարող է ազատ արձակել որոշ հայ պատանդների և ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը չի վավերացնի, քանի դեռ իր բոլոր պահանջները չեն կատարվել։

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը։

Արևմտյան մայրաքաղաքների համար գերակա նպատակը ռազմավարական է՝ վաղուց փայփայված ձգտումը նվազեցնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի համար գոյություն ունեն արդյոք կենսունակ անվտանգության այլընտրանքներ։

Թուրքիայի շահը նույնպես հստակ է՝ ապահովել անխոչընդոտ միջանցք, որը կմիացնի Անատոլիան Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհին։

Ադրբեջանի նպատակներն ամենակոնկրետն են՝ ամրապնդվել Սյունիքում, երաշխավորել անխափան կապ դեպի Նախիջևան և ամրագրել Արցախի էթնիկ զտման աշխարհաքաղաքական հետևանքները։

Գործող իշխանության վերարտադրությունը առանցքային նշանակություն ունի այս երեք օրակարգերի համար։

Ադրբեջանը նաև կարող է հիմնավոր ակնկալել նոր տարածքային զիջումներ, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների աստիճանական, սողացող ներկայություն Հայաստանում։ Այս ամենը չի պահանջում լայնածավալ ռազմական գործողություններ։ Այն հիմնված է կառավարվող դիվանագիտության, միջազգային ծափահարությունների և Երևանում հնազանդ գործընկեր ունենալու վրա։

Մոտալուտ ընտրությունների առանձնահատուկ վտանգավորությունն այն չէ, որ արտաքին ուժերն ունեն շահեր Հայաստանում․ դա միշտ է եղել։ Վտանգն այն է, որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք, որտեղ ընտրությունները ծառայում են ոչ թե իրական ընտրությանը, այլ արդեն ընդունված որոշումների ձևական հաստատմանը։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ