Սիրելի՛ քրիստոնյաներ:
Այսօր՝ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը։
Ուստի մասնակցենք Սուրբ Պատարագին և միասնական աղոթքով խնդրենք Տիրամոր բարեխոսությունը մեր անձերի համար։
ՕՐՎԱ ՃԱՇՈՒ ՇԱՐԱԿԱՆԸ․
«Իմ անձը պիտի մեծարի Տիրոջը, և իմ հոգին պիտի ցնծա Աստծով՝ իմ Փրկչով»։
Անթառա՛մ ծաղիկ, անդատապա՛րտ շառավիղ՝ վերստին բուսած Հեսսեի արմատից. Եսային քեզ նախապես հռչակեց որպես Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհների ընդունարան։ Աստվածածի՛ն և Կո՛ւյս, քեզ մեծարում ենք։
Քաղցրահամ Պտղի բանական որթաշի՛վ, որից մեզ համար քաղվեց անսպառ Ողկույզը՝ ի ուրախություն նրանց, ովքեր տրտմեցին գիտության ծառի պտուղը ճաշակելու պատճառով։ Սրբուհի՛ անարատ, ամենքս քեզ մեծարում ենք։
Մարմնի մեջ անարատ վարքով ապրելով՝ այսօր առաքյալների կողմից շրջապատված, վերին տնօրինությամբ վերափոխվեցիր դեպի քո Որդու և մեր Աստծու արքայությունը։
Բարեխոսի՛ր մեզ՝ քեզ խոստովանողներիս համար. քեզ մեծարում ենք։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ