Միակ միտքը, որ համաշխարհային հեղափոխության առաջնորդ Լենինից սովորել ու սիրով ընդունել եմ, էն ա եղել, որ գրքի գողը գող չի։ Էդ սոցիալիստական պատգամը մտքումս՝ մի քանի անգամ գրադարանից գիրք եմ թռցրել։ Բայց հետո, երբ Լենինի արձանը պատվանդանի վրայից շուռ եկավ իր տնկած մատի վրա, կասկածեցի, որ Լենինը ճիշտ էր, ու գրադարանին էնքան գիրք նվիրեցի, որ չգիտեին՝ ուր դնեն։
Գրքերն իրենց հոտերն ունեին, տարբեր գրքեր՝ տարբեր հոտեր։
Նոր տպագրված գրքերից թարմ սոսնձի հոտ էր գալիս, ու երբ կարդում էիր, թվում էր, թե աշխարհում դեռ ոչ ոք չի կարդացել էդ պատմությունը, դու առաջինն ես՝ իսկական Կոլոմբոս․․․
Գրադարանի գրքերից փոշոտ խոնավության կծու հոտ էր գալիս, ու էդ հոտը նշանակում էր, որ ընկել ես հարյուրավոր մարդաբնակ մոլորակներով լցված մի գալակտիկա։ Որ գիրքն էլ ձեռքդ առնեիր, մի պատմություն էր, մի մոլորակ։ Գիրքը դնում էիր թևիդ տակ ու տուն գալիս, հետո փորի վրա պառկում էիր ու գիրքը բացում, ու լրիվ նոր, անծանոթ աշխարհ բացահայտելու մոտալուտ հաճույքից գլուխդ պտտվում էր․․․
Գրախանութի գրքերը թարմ դառնահոտ ունեին, որ գրպանդ խուտուտ էր տալիս։ Էնքան նոր ու հանդիսավոր տեսք ունեին, որ ափսոսում էիր՝ բացեիր․․․
Տան գրքերից տնեցու հոտ էր գալիս։ Ուզած ժամանակ կբացեիր, կկարդայիր։ Հետո, երբ կողքով անցնում էիր, ու ձեր հայացքները հանդիպում էին, ասես՝ ընդհանուր գաղտնիք ունեցող մտերիմներ լինեիք․․․
Բուկինիստականի գրքերից ուրիշի տան, ուրիշի կյանքի հոտ էր գալիս։ Էդ գրքերը երկու պատմություն ունեին՝ գրքում գրվածը ու չգրվածը։ Թերթերի արանքում, աշնան չորացրած տերևների նման, ուրիշի հայացքն էր մնացած լինում, ուրիշի մտքերը․․․
Ո՜նց էի նախանձում նրանց, ով տանը Համաշխարհային գրականության ծաղկաքաղն ուներ, Սովետական մեծ հանրագիտարանը, Արկածային գրադարանը, գիտական ֆանտաստիկայի հատորները․․․
Հիմա ես էդ ամենն ունեմ, դեռ շատ ավելին՝ էլ Բրիտանիկա, էլ Լառուս, էլ տարբեր բառարաններ՝ բոլորը մի տեղ՝ էկրանիս վրա, բայց դրանցից էլ հոտ չեմ առնում։
Երևի հոտառությունս կորցրել եմ։ Կամ էլ դարն ա անհոտ․․․
Հենրիկ Պիպոյան