2026 թվականի ընտրությունները դասագրքային իմաստով մնալու է քաղաքացու կամքի բռնության ամենախայտառակ և ամոթալի էջը նորանկախ պատմության մեջ։
2018 թվականից ի վեր հայ ժողովուրդը ուներ այն սին հույսը, որ իշխանության աղբյուրն ու կրողը այլևս ինքն է, և ոչ ոք չի կարող խլել իրենից այդ պատմական ձեռքբերումը։
Աղետներից ու արհավիրքներից թմրած և այլափոխված հայ ժողովուրդը խորապես խաբվեց նաև այս հարցում։
Իշխանության ձևավորման միակ լեգիտիմ հնարավորությունը կողոպուտի տեսքով խլվեց հայ ժողովրդից։ Խլվեց ոչ թե ձայնագողության, այլ Կամքի Կողոպուտի ձևով։
Ինչպես գիտեք՝ գողությունը որևէ բանի գաղտնի և ծածուկ հափշտակությունն է, մինչդեռ կողոպուտը կատարվում է ակներև ու բացահայտ։
Սա Կամքի Կողոպուտ էր` բացահայտ, առերևութ, բոլորի լուռ և քարացած հայացքների ներքո։ Եվ այդ ավարտական արարը ազդարարվեց դավադրության գիշերը, երբ կասեցվեց մարդկանց Կամքը և հայտարարվեց միանձյա իշխանության ձևավորման ու պատմական հաղթանակի մասին։
Սա հիշեցնում էր Թավշյա հեղափոխության այն պատմական հաղթանակը, որն ավելի բարձր արժեք որակվեց, քան Արցախյան գոյամարտը։ Եվ ինչպես այդ հաղթանակը աստիճանաբար ստվերեց, իսկ հետո առարկայաբար ոչնչացրեց Արցախը, այնպես էլ այս «»Ընտրական Տրիումֆը" ոչնչացրեց և կամազրկեց ժողովրդի Ոգին։
Հաստատվեց այն կոնսպիրատիվ պնդումը, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։ Այդ իշխանությունը պետք է փոխվի նախ հանրային գիտակցության մեջ, հետո արտացոլվի փաստացի իրողություններում, ապա նոր միայն ամրագրվի ընտրական իրավունքով։
Այս իմաստով ընդունել այս խորհրդարանի լեգիտիմությունը, նրա կազմավորման անաչառությունը՝ կնշանակի խաբել ինքդ քեզ և մյուսներին։
Կնշանակի՝ ձևանալ և թվալ:
Դե ձևացեք, ուրեմն:
Վահե Թորոսյան