Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Վաշինգտոն-Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները

Վաշինգտոն-Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները
27.01.2026 | 11:27

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում՝ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։

Բարձր մակարդակի նման այցելությունները, որպես կանոն, միտված են ոչ միայն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ներկայության պահպանմանը, այլև այս փուլում ձևավորվող նոր քաղաքական և տնտեսական ճարտարապետության ամերիկյան օրակարգի ամրագրմանը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հրապարակած հայտարարության բովանդակային վերլուծությունը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Հայտարարության մեջ Վաշինգտոն–Բաքու ուղղությամբ հստակ ձևակերպվում են նյութական և գործնական համագործակցության բաղադրիչներ՝ ռազմավարական գործընկերության խորացում, պաշտպանական արտադրանքի վաճառք և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնում։ Այս մոտեցումը բնորոշ է սուբյեկտ–սուբյեկտ հարաբերություններին, որտեղ կողմերը հանդես են գալիս որպես փոխադարձ շահերով առաջնորդվող և քաղաքական որոշումների համատեղ ձևավորման ունակ դերակատարներ։

Հայաստանի պարագայում, սակայն, համագործակցության առաջարկվող ուղղությունները հիմնականում ունեն տեխնոլոգիական և երկարաժամկետ բնույթ՝ մասնավորապես խաղաղ միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության ձևաչափով։ Թեև նման նախաձեռնությունները կարող են ունենալ տնտեսական և ինստիտուցիոնալ նշանակություն, դրանք անմիջական ազդեցություն չեն թողնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա և չեն ապահովում քաղաքական ազդեցության համարժեք լծակներ։

Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։

Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում՝ սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման և որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։

Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի և չի ձևավորվել տվյալ այցի կամ հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան և բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որակական աճ։

Ամփոփելով՝ ԱՄՆ փոխնախագահի այցը կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։ Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, անվտանգային և ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում՝ անկախ բարձր մակարդակի հայտարարություններից և խորհրդանշական դիվանագիտական քայլերից։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 7611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ