Ն․ Գ․ (կամ՝ նախագրություն)
Որպեսզի ընթերցողի մոտ չմնան անմեկնելի հարցականներ՝ «ի՞նչ կապ ունի «Երկիր Նաիրին» այս վերլուծության հետ» և «ինչու՞ փլատակներ», ասեմ սկզբից ևեթ․
«Երկիր Նաիրին» լոկ գրական վեպ, որոշակի կերպար կամ պատմական հուշ չէ։ «Երկիր Նաիրին» մեր հավաքական ինքնության, հազարամյա պետականամետ ոգու և ազգային երազանքի խորհրդանիշն է։
Իսկ «փլատակներ», որովհետև 2018-ին «Ելք»-ի կեղծ կարգախոսներով իշխանության եկած վարչակազմը ոչ միայն չկառուցեց այդ երազանքի պետությունը, այլև իր ապաշնորհ, հակահայ ու դավադիր քաղաքականությամբ փլուզեց մեր պետականության հիմնասյուները՝ Արցախի կորստից մինչև հոգևոր-մշակութային ինստիտուտների թիրախավորում։
Եվ այժմ արդեն՝ Տիգրանաշեն․․․ «պարտադիր պետք է տանք թշնամուն, եթե չենք ուզում աղետաբեր պատերազմ»։ Վաղն էլ կդառնա՝ «Էրիվան․․․ թոկ է կախված մեր վզից, տանք թշնամուն և փորներս կուշտ «խաղաղ» վայելենք թուրքի՝ մեր դեմքն ու հոգին ջնջխող բռունցքը»։
Այսօր մենք ապրում ենք հենց այդ «Երկիր Նաիրիի» փլատակների վրա, որտեղ իշխանությունը, սեփական մեղքերն ու կորստաբեր քայլերի աղետալի հետևանքները թաքցնելու համար, օդ է բաց թողնում և իրականության դեմ հանում «արտաքին դավադրությունների» ու «լրտեսական ցանցերի» մասին փուչիկները։
Եվ այս վերլուծությունը հենց այդ բախման մասին է․ անողոք իրականության բախումը՝ քարոզչական կեղծիքի, և ազգային-պետական մտածողության բախումը՝ պետականակործան դավադրապաշտության հետ։
«Երկիր Նաիրիի» փլատակներում
(«դավադրությունների» և իրականության բախումը)
Երբ քաղաքական միտքը փոխարինվում է դավադրապաշտությամբ, իսկ պետական կառավարումը՝ պրիմիտիվ մեդիա-շոուներով, իշխանական քարոզչամեքենային այլ բան չի մնում, քան սեփական անզորությունն ու պետականակործան ընթացքը սքողել «արտաքին թշնամիների» և «գործակալական ցանցերի» մասին փուչիկներով։
Վերջին շրջանում տեղեկատվական դաշտ նետված, այսպես կոչված, «Հայկական դոսյե» («Армянское досье») անանուն ռեսուրսի «արտահոսքերն» ու դրանք անմիջապես շրջանառող իշխանամերձ քարոզչական աղմուկն ասվածի ապացույցն են։
Մեկուկես միլիոն դոլարանոց «կրեմլյան բյուջեների», «Նեմեսիս» ու «ArmTribunal» նախագծերի, ինչպես նաև Եվրոպայում նույնիսկ ընտրությունների արդյունքներ փոխող «գորշ կարդինալների», ավելի ստույգ՝ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կերպարի շուրջ առասպելական հյուսվածքները թերևս կմնային որպես պրիմիտիվ «ֆեյք-նյուզ», եթե դրանք չմերկացնեին փաշինյանական վարչակազմի բնազդային վախերը։
Սարսափ՝ թվային դարում սեփական հանցանքների անջնջելի հիշողությունից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ձևավորվող հավաքական դիմադրությունից և այն դառն իրականությունից, որ 2018-ին մեր ժողովրդին մատուցված «Ելք»-ն ընդամենը անվերադարձ մուտք էր դեպի ազգային աղետ։
1,175 միլիոն դոլարանոց «հրաշապատումն» ու «միստր X»-ի դիմակահանդեսը
Տեղեկատվական դաշտը շարունակում է ալեկոծվել «խոշորագույն հետաքննական բացահայտումների» աղմուկից։ Խոսքը Կրեմլի «գաղտնի փաստաթղթերի» մասին է, որոնք իբր հասանելի են դարձել միջազգային ու հայաստանյան հետաքննողներին։
Ինչպես սիրում էր կրկնել «Իրատեսի» քաղաքական վերլուծաբան, լուսահոգի Կարմեն Դավթյանը՝ «и ежу понятно», որ իշխանամերձ տեղեկատվական ռեսուրսների, մասնավորապես՝ «Բաղրամյան 26» Telegram-ալիքի դերակատարությամբ կոնկրետ թվերի (1,175 մլն դոլար) շրջանառումը միտված է հանրության մտապատկերում «դավադրության» տպավորությունն առավել շոշափելի և ազդեցիկ դարձնելուն։ Նաև «իրազեկելու», թե իբր գոյություն ունի հստակ բյուջետավորված արշավ, որը կառավարվում է արտաքին ուժերի (հասկանալի է՝ թիրախավորված է Կրեմլը) անմիջական ղեկավարությամբ։
1,175 միլիոն դոլարի և «ռուսական գործակալական ցանցի» մասին փաշինյանական «հրաշապատում» հեքիաթները ոչ այլ ինչ են, քան իշխանական քարոզչամեքենայի հերթական պրիմիտիվ «ֆեյքը»։ Սա հետևանքն է այն իրողության, որ Աշոտ Գրիգորյանի և նրա համախոհների եվրոպական ու միջազգային ասպարեզում կատարած հստակ քայլերը կաթվածահար են անում ՀՀ բռնապետական վարչակարգի՝ Էրդողան-Ալիև դուետի առջև ստանձնած հայաստանամերժ պարտավորությունները։
Քրքրված ու կեղտոտ չվանով հյուսված դավադրապաշտական այս սցենարում հայտնվել է «Նեմեսիս» անունով մի նախագիծ՝ «ժողովրդի թշնամիների» ցանկով (որն իբր նույնացվում է ArmTribunal-ի հետ)։ Իսկ սյուժեի առանցքում՝ «օտարերկրյա ազդեցության ցանցի» ղեկավարի դերում, «միստր X»-ի դիմակն աչքերին քաշած ոմն թերուսի ջանքերով, Աշոտ Գրիգորյանի անունն է։
Ճշմարտությունն այն է, որ Աշոտ Գրիգորյանի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրականացրած արտաքին լոբբիստական աշխատանքները (այդ թվում՝ Եկեղեցու պաշտպանության կոմիտեի ստեղծումը և Արցախի հարցով եվրոպական կառույցներում իրականացվող լուրջ գործընթացները) անհանգստացնում են ներկա վարչակույտին։ Եվ քանի որ պաշտոնական Երևանին չի հաջողվում միջազգային ասպարեզում արդյունավետորեն հակադրվել սփյուռքյան կառույցների այլընտրանքային դիվանագիտությանը, գործի է դրվում ներքին լրատվական մամլիչը՝ փորձելով տեղական լսարանին այդ գործողությունը ներկայացնել որպես «հակապետական» կամ «արտաքին պատվեր»։
Զրպարտչական շնչով գերհագեցած այս պատմությունը տեղեկատվական դաշտում խմբիշխանության սկսած «բանահյուսական պատերազմի» ակնառու դրվագ է, երբ փաշինյանական քարոզչամեքենան փորձում է քրեականացնել ու արժեզրկել ընդդիմախոսների արտաքին գործունեությունը, բայց անհաջող հյուսված սյուժեի տողատակերից ցցվում են մերկացնող դժգույն թելերի կտորտանքները։
Քաղաքական դաշտի «վերաձևում»
(իշխանական աբսուրդն ու սարսափը հանրային դատից)
Այս «արտահոսքերի» ամենաէկզոտիկ ու դավադրապաշտական հատվածը վերաբերում է քաղաքական դաշտի «վերաձևման» թեզին։ Ներկայացվում է «քաղաքական ինժեներիայի» այնպիսի սցենար, որտեղ իրական գործընթացները միախառնվում են աշխարհաքաղաքական թրիլերի տարրերին։
Զորօրինակ, ArmTribunal-ը միտումնավոր «հավասարության նշան» է դնում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև՝ երկուսին էլ թիրախավորելով որպես «պետության թշնամիների»։ «Հայկական դոսյեի» տրամաբանությամբ՝ դա արվում է նախկին ու ներկա իշխանություններին միաժամանակ վարկաբեկելու և քաղաքական դաշտը «Մոսկվայի համար ընդունելի» նոր դերակատարների կամ գործարար Սամվել Կարապետյանի համար մաքրելու նպատակով։
Վատ գրված այս հեքիաթի հիմքում այն պնդումն է, թե արտաքին ուժերը, իմա՝ Կրեմլը, ոչ թե ցանկանում են պարզապես տապալել գործող իշխանությանը, այլ փորձում են ամբողջությամբ քանդել և Փաշինյանի այնքա՜ն սիրած «զրոյական կետից» հավաքել հետհեղափոխական Հայաստանի քաղաքական խճանկարը։
Ըստ դավադրապաշտական այս նախագծի՝ արտաքին կենտրոններն իբր հասկացել են՝ Հայաստանի նախկին իշխանությունների կամ ավանդական ընդդիմադիր դեմքերի միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, քանի որ նրանք ունեն հանրային ցածր վստահություն և մեծ «էլեկտորալ հակավարկանիշ»։ «Արտահոսքի» համաձայն՝ Մոսկվայի նպատակը հին ընդդիմությանն ասպարեզից հեռացնելն է և «մաքուր էջից» սկսող նոր քաղաքական ուժ ձևավորելը, որը կներկայանա որպես արդիական, հայրենասիրական, բայց միևնույն ժամանակ կոշտ ազգային կողմնորոշում ունեցող կառույց։
Սա փաշինյանական քարոզչամեքենայի PR-զինանոցից վերցրած հնարք է։
Նպատա՞կը․ ցանկացած թարմ ընդդիմադիր կամ հասարակական նախաձեռնություն, այդ թվում և Աշոտ Գրիգորյանի եվրոպական նախագծերն ու ArmTribunal-ն անմիջապես կապել արտաքին «սև ուժերի», այն է՝ ռուսական ձեռքի հետ, որպեսզի հանրության աչքերում արժեզրկվի դրանց ինքնաբուխ ու անկախ բնույթը։
Էկզոտիկայի կուլմինացիան ոմն խորհրդավոր համակարգող «գորշ կարդինալն» է․ տողատակերում ստիպում են ընթերցել Աշոտ Գրիգորյանի անունը, ում վերագրվում է գրեթե գերբնական ազդեցություն։ Ըստ սցենարի՝ այս անձը թելադրում է, թե ով պետք է լինի նոր քաղաքական լիդերը, ինչպես պետք է բաշխվեն ֆինանսական միջոցները, ու տեղեկատվական ո՛ր ալիքներով պետք է իրականացվեն հարձակումները։
Փաստենք՝ հավաքական հոգեբանությունը հակված է հավատալու մեծ, շա՜տ մեծ ստերի ու բարդ, կոնսպիրոլոգիական պատմությունների։ Հորինելով «գորշ կարդինալի» կերպար՝ իշխանամերձ քարոզչամեքենան կարողանում է ցանկացած իրական քաղաքական քննադատություն կամ լոբբիստական հաջողություն (օրինակ՝ ԵՀՄՖ-ի ստեղծած Եկեղեցու պաշտպանության միջազգային կոմիտեն) ներկայացնել ոչ թե որպես գործիչների անձնական ջանքերի արդյունք, այլ որպես գաղտնի կենտրոնից կառավարվող օպերացիա։
«Վերաձևման» թեզի ուշագրավ կետերից է Սփյուռքի և ներքին դաշտի սինքրոնիզացիան․ նոր քաղաքական բևեռը պետք է սնվի Սփյուռքի հզոր ներուժից։ Հենց այստեղ է Աշոտ Գրիգորյանի անունը դառնում թիրախային։ Քանի որ ԵՀՄՖ-ն ունի եվրոպական կապեր և իրական ազդեցություն, դավադրապաշտական սցենարում նրան վերապահվում է «արտաքին ֆինանսական և լոբբիստական կամրջի» դերը, որը պետք է սնուցի Հայաստանում ձևավորվող նոր քաղաքական պլատֆորմը։
Այնուհանդերձ, ինչու՞ է հենց հիմա ասպարեզ նետվել այս թեզը։
Նման էկզոտիկ պատումների ի հայտ գալը գործող վարչակույտի ներքին տագնապների ամենախոսուն բարոմետրն է։ Երբ երկրում առկա է տեղեկատվական և քաղաքական վակուում, իսկ հանրությունը հոգնել է ավանդական քաղաքական օրակարգերից ու ամենօրյա թիթիզ սրտիկներից, իշխանությունները կանխարգելիչ հարված են հասցնում։ Իրենց հատուկ ձեռագրով ի սկզբանե փսորում են քաղաքական դաշտի հնարավոր վերաձևման ցանկացած սցենար՝ հանրությանը համոզելով, թե յուրաքանչյուր նորակազմ ուժ կամ նախաձեռնություն ընդամենը արտաքին միլիոնների և «գորշ կարդինալների» հերթական պրոյեկտն է։
Սա քաղաքագիտական բացարձակ աբսուրդ է։ Նման «հաշմանդամ» թեզերով իշխանությունը փորձում է սեփական մեղքերը, Արցախի հանձնումն ու պետականության քանդումը բարդել «արտաքին դավադրությունների» վրա։ Սակայն իրական պատճառը նրանց սարսափն է դարանակալած առաջիկա հարվածից, որովհետև անխուսափելի հանրային դատին են արժանանալու ոչ միայն 2018-ի աղետաբերները, այլև այն գործնականում իրագործողները։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը
(ազգային ողնաշարը ջարդելու ապարդյուն փորձեր)
Անցնենք ամենացավոտ ու իշխանություններին ամենաշատը խենթացնող թեմային՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։
Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ «Հայ Եկեղեցու պաշտպանության ասոցիացիայի» հիմնադրումն արժանացավ իշխանական համակարգի կատաղի դիմադրությանը։ «Հայկական դոսյեի» զեկույցներում հատուկ ընդգծվում է, թե Աշոտ Գրիգորյանը, Տիգրան ՈՒրիխանյանը և այլ գործիչներ «կրեմլյան պատգամներով» արշավ են իրականացնում Եկեղեցուն աջակցելու համար, ինչը փաշինյանական թևը որակում է որպես «արտաքին միջամտություն» և պետությունը ներսից պառակտելու փորձ։
Մինչդեռ իրական նպատակն ազգային-հոգևոր մեր ամենամեծ ու հնագույն ինստիտուտի պաշտպանությունն է պետականակործան հարձակումներից։
Իսկ թե ինչու են ազգային արժեքների ու Եկեղեցու պաշտպանությունը ներկայիս իշխանություններն անմիջապես պիտակավորում որպես «պետական դավաճանություն» կամ «օտարերկրյա գործակալություն», պատասխանը մեկն է․ անսասան հավատքով ու ազգային ողնաշարով Եկեղեցին նրանց ապազգային ու կորստաբեր ծրագրերի հիմնական, անառիկ խոչընդոտն է։
«Գորշ կարդինա՞լ», թե՞ իրական քաղաքական կշիռ Եվրոպայում
«Հայկական դոսյեի» հեղինակները Աշոտ Գրիգորյանին ներկայացրել են ոչ ավելի, ոչ պակաս՝ որպես Արևելյան Եվրոպայում Կրեմլի «գորշ կարդինալ», որը ոչ միայն Հայաստանն է «դեստաբիլիզացնում», այլև անմիջականորեն ազդում է եվրոպական երկրների ընտրությունների արդյունքների վրա։
Ըստ այդ զեկույցների՝ նրա ղեկավարած PANAP-ը (Վիեննական ակումբը) և դրա համահիմնադիր, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին ՌԴ նախագահի աշխատակազմի ու ՖՍԲ-ի «կուրացիայի» տակ են՝ НИИРК-ի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի համակարգմամբ։
Այս «միջազգային լրտեսական» թրիլերը իշխանական քարոզիչների հիվանդագին երևակայության արդյունքն է։ Նրանց պարզապես սարսափեցնում է այն փաստը, որ Աշոտ Գրիգորյանը Եվրոպայում ունի իրական քաղաքական կշիռ, լուրջ կապեր ու հնարավորություններ, որոնք ծառայեցնում է ի նպաստ Հայաստանի ու Հայ Եկեղեցու, այլ ոչ թե օրվա վարչակարգի «կապրիզների»։
Թվային դարի «դատաստանը»
(արհեստական ինտելեկտը՝ ընդդեմ ապատեղեկատվության)
«Հայկական դոսյեի» հրապարակած նյութերում առանձնակի տագնապով ընդգծվում է, թե ArmTribunal-ի թեզերի տարածման համար օգտագործվում են հատուկ տեխնոլոգիաներ․ իբր նպատակը նյութերը որոնողական համակարգերում (Google, Yandex) և արհեստական ինտելեկտի (AI) չաթ-բոտերում բազմալեզու ինդեքսավորելն է, որպեսզի «վերդիկտները» դառնան անջնջելի։ Իշխանական քարոզիչները դա անվանում են «տեղեկատվական-տեխնոլոգիական հիբրիդային պատերազմ»։
Իրականում սա գիտակցված, տեխնոլոգիական հակահարված է փաշինյանական ապատեղեկատվությանը։
Իշխանությունն ուղղակի սարսափած է այն փաստից, որ իրենց գործած հանցանքներն ու պետականակործան քայլերը թվային դարում այլևս հնարավոր չէ թաքցնել ոչ մարդկանցից, ոչ էլ արհեստական ինտելեկտից։ Թվային անջնջելի հիշողությունը դարձել է նրանց անխուսափելի դատավճիռը։
Դեպի իրական ելք
Պատմությունը դաժան հատկություն ունի․ այն չի ներում «ցնորքներով» ապրողներին, բայց առավել ևս չի ներում նրանց, ովքեր այդ ցնորքները վերածում են պետական քաղաքականության։
Աշոտ Գրիգորյանի շուրջ ծավալվող այս վերլուծությունը ևս մեկ անգամ ջրերես հանեց այն պարզ ճշմարտությունը, որ «Հայկական դոսյեների» ու «լրտեսական ցանցերի» մասին իշխանական փուչիկները ոչ թե պետական անվտանգության մտահոգություն են, այլ սեփական մեղքերի անզորության դիմակավորում։ Երբ իշխանությունը սարսափում է սեփական պատմությունից, նա սկսում է պատերազմել թվային հիշողության, արհեստական ինտելեկտի, Եկեղեցու և ցանկացած ողջամիտ, ազգային-պետական մտածողության դեմ։
2018-ին մեր ժողովրդին վաճառված «Ելք»-ն իրականում դարձավ «հիվանդ ուղեղի մորմոք», որը մեր պետականությունը կանգնեցրեց գոյաբանական աղետի առջև։ Բայց «Երկիր Նաիրին» ցնորք չէ, երբ նրա հիմքում դրվում է պրագմատիկ, անողոք ճշմարտությունն ու արժանապատիվ պետականակերտումը։
Իսկ իրական «Ելքը» սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կեղծիքը, և որտեղ մենք՝ որպես հավաքականություն, վերջնականապես ձերբազատվում ենք «փրկիչների» մոլորությունից՝ տեր կանգնելով մեր Հայրենիքին, մեր Սրբություններին ու մեր Վաղվա օրվան։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ