Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում։
Ոչ ոք չի պնդում, որ այս բոլոր զարգացումներն անխուսափելիորեն տեղի են ունենալու։ Սակայն պատասխանատու պետությունը պարտավոր է պատրաստվել ոչ միայն ցանկալի զարգացումներին, այլև ցանկացած անբարենպաստ սցենարի։
Մինչդեռ գործող իշխանությունը երկիրը հասցրել է ռազմավարական անորոշության։ Մի կողմից հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին՝ չունենալով ԵՄ անդամակցության առաջարկ, պաշտոնական հայտ կամ տնտեսական անցման ծրագիր, մյուս կողմից պնդում է, որ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում։ Սա այլևս պարզապես անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն չէ, այլ վտանգավոր և անպատասխանատու ինքնահոս։
Հայաստանին այսօր անհրաժեշտ են՝
* արտահանման սահմանափակումների ազդեցության ամբողջական հաշվարկ և տուժող արտադրողների պաշտպանության ծրագիր,
* Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի օրինականացման և նրանց հնարավոր վերադարձի կառավարման համակարգ,
* գազի ու էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և հնարավոր գնային շոկերի կառավարման սցենարներ,
* նոր շուկաների հասանելիության և արտահանման իրական դիվերսիֆիկացման գործնական ծրագիր,
* ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր երկընտրանքի տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքների հրապարակային գնահատում։
Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ իշխանության քարոզչական կարգախոսների ազդեցությամբ։ Սակայն ինքնիշխան քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պետական կարողություն, մասնագիտական հաշվարկ և պատասխանատվություն։
Գործող իշխանության վարքագիծը մինչ այժմ ցույց է տվել հենց դրանց բացակայությունը։ Իսկ այդ քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը։
Դավիթ Անանյան