«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ամեն ինչի հիմքում կրթությունն է

Ամեն ինչի հիմքում կրթությունն է
06.06.2026 | 21:21

Պետությունների վերելքներն ու անկումները, հասարակությունների ուժն ու թուլությունը, հաղթանակներն ու պարտությունները, արդարությունն ու անարդարությունը, նույնիսկ մարդու անձնական երջանկությունն ու դժբախտությունը՝ վերջիվերջո հանգում են մի կետի՝ կրթությանը։

Բայց ոչ այն կրթությանը, որը չափվում է դիպլոմների քանակով կամ անգիր սովորած գիտելիքով։

Իսկական կրթությունը մարդու ներսում կառուցված աշխարհն է։ Դա այն կարողությունն է, որը մարդուն օգնում է պահպանել արժանապատվությունը նույնիսկ նվաստացման պահին, չկորցնել ինքնատիրապետումը դժվարությունների մեջ, չդադարել մարդ մնալ, երբ դրա համար ամենաքիչ պայմաններն են ստեղծված։

Կրթված մարդը սովորաբար ավելի խորն է տեսնում։ Նա արտաքին աշխարհի յուրաքանչյուր երևույթ համեմատում է իր ներսում կուտակված փորձի, գիտելիքի, մշակույթի ու արժեքների հետ։ Նա չի բավարարվում միայն տեսածով, որովհետև իր ներսում ունի չափման ավելի բարձր միավոր։

Այդ պատճառով կրթությունը մարդուն ոչ միայն գիտելիք է տալիս, այլև ազատություն։ Ազատություն՝ ամբոխից, նախապաշարումներից, կեղծիքից, մակերեսայնությունից։

Սակայն կա կրթության ավելի բարձր աստիճան՝ բարեկրթությունը։

Այն սկսվում է այնտեղ, որտեղ գիտելիքը միանում է բարոյականությանը։ Երբ մարդը ոչ միայն գիտի, այլև հասկանում է։ Ոչ միայն խոսում է արդարությունից, այլև ապրում է արդարությամբ։ Ոչ միայն սիրում է հայրենիքը, այլև ծառայում է նրան։ Ոչ միայն պահանջում է պատասխանատվություն, այլև կրում է այն։

Կրթված մարդը կարող է հասկանալ չկրթվածին։ Բայց հակառակը գրեթե երբեք չի լինում։

Կրթված մարդու լռության մեջ անգամ միտք կա։ Նրա համար մենությունը դատարկություն չէ, որովհետև նրա զրուցակիցներն են գրքերը, գաղափարները, պատմությունը, սեփական խիղճը։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ հասարակությունների ճակատագիրը որոշվում է ոչ այնքան նրանց նյութական կարողություններով, որքան այն բանով, թե որքան տեղ է այդ հասարակությունում զբաղեցնում կրթված և բարեկիրթ մարդը։

Որովհետև ազգերի մեծ պատմությունները սկսվում են ոչ թե պալատներում ու հրապարակներում։

Դրանք սկսվում են դպրոցներում, գրադարաններում, ընտանիքներում և մարդու հոգու խորքում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ