Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Լրագրողի խոհեր

Լրագրողի խոհեր
22.09.2026 | 16:13

Ն․ Գ․ (կամ՝ նախագրություն)

«Պրովինցիան, ավելի ճիշտ ծայրագավառը լրագրողի աչքերով» հիշողությունների շարք է, որը կհրապարակեմ իմ ֆեյսբուքյան այս էջում՝ այսօրվանից, հիմա։ Այնտեղ ծանոթ պատմություններ են, դեմքեր, դեպքեր, իրադարձություններ։ Պրովինցիան մի արգելապատնեշ էր, որին հաճախ էին բախվում մեծ աշխարհից հեռու ապրող մարդիկ։ Բախվում էին։ Իսկ հիշողությունները մնացել են, պահպանվել տխրության, վշտի, վիրավորանքի տեսքով, որ այդ սիրուն աշխարհում այդպիսի բաներ են կատարվել, այդպիսի մարդիկ են ապրել։ Ընթերցողներին խնդրում եմ անհարկի չարձագանքել, երբ կհանդիպեն ծանոթ մարդկանց, դեպքերի, պատմությունների։ Պահենք լրագրողական էթիկայի պահանջները, պահենք ու հարգենք, թեև ես, որպես լրագրող, այդ սահմանը երբեմն խախտել եմ։ Ի՞նչ արած, այն ժամանակների մարդ եմ...

Պրովինցիան, ավելի ճիշտ` ծայրագավառը լրագրողի աչքերով

Ծայրագավառը միշտ եղել և մնում է խոշորացույցի տակ։ Միշտ։ Բոլորը բոլորով մանրակրկիտ հետաքրքրվում են, ապրում ուրիշների առօրյայով, կյանքով։ Երբեմն չափազանցնում են, իմացածը փոխանցում մեկմեկու։ Չգրված օրենք է։ Հին գինու պես` որքան հնանում են, այնքան ուրի՜շ են դառնում զրույցները, համն ու բույրը փոխում։
Եվ այդ միջավայրում ծնվում է «պրովինցիալկան», ինչպես ես եմ նրանց անվանակոչում։
1980-ականներն էին։ Դժբախտ պատահարից ավտովթարից, զոհվել էր տարածաշրջանում հայտնի, սիրված մանկաբույժը ծնողների և մանուկների պաշտելի բժշկուհին՝ Արփինե Նալբանդյանը։ Խմբագրության աղջիկներով գնացինք հրաժեշտի արարողության։
Հանգուցյալի դագաղի կողքին նեղլիկ բնակարանում, ցավից ու վշտից «կուչ եկած» հարազատների հետ ներկա էին հանգուցյալի տարեց գործընկերուհիները (նրանցից շատերը գուցե վաղուց չկան) բուժմիավորման բժշկուհիները ադամանդակուռ, ոսկեհյուս արդուզարդով, պճնազարդ հագուկապով։ Ապշեցի։ Մի պահ թվաց, թե «Ոսկու Ժորայի» (այդպես էր կոչվում Ալավերդու հայտնի ոսկեղենի խանութը) խանութում եմ, որտեղ ելումուտի իրավունքը սահմանափակ մարդկանց էր տրված, այդ թվում ճանաչված բուժաշխատողներին։ (Փառք Աստծո, ես այդ իրավունքից միշտ եմ օգտվել՝ որպես ոսկե փայլուն ատամներով Ժորայի մեր համագյուղացու, մեր հին շենքի Ճալի հարևանի)։
Հուղարկավորությունից հետո, ինչ խոսք, տհաճ իրողության մասին մտահոգությամբ բարձրաձայնեցի բուժմիավորման ղեկավարության (այն ժամանակ թերթում նաև առողջապահության ոլորտն էի լուսաբանում) և երջանկահիշատակ բժշկուհիներից մեկի մոտ (ով, թերևս, ինքն էլ այդ օրը «ետ չէր մնացել» զարդարվելու հարցում)։
Ցավոք, չգիտեի, որ նման պատկերների էլի եմ հանդիպելու` ուրախ և տխուր հանրային բացօթյա արարողությունների ու միջոցառումների ժամանակ, հաճախ, տարբեր վայրերում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, Ստեփան Շահումյանի անվան (ռուսական) միջնակարգ դպրոցում..., որտեղ տնօրենն այլազգի տիկին էր։
Գուցե զարմանաք, որ այդպես բաց, անկաշկանդ եմ արտահայտվում։ Հիմնավոր պատճառներով։ Այդ մասին՝ մի քիչ ավելի ուշ։
Ժամանակներն էին այդպիսին ադամանդե զարդերով ուրախ և տխուր առիթներին «ներկա լինելը» առավելություն էր համարվում, արժանիք իրենց մյուսներից վեր դասելու, իրենց «կարևորությունն ընդգծելու»։ Իսկ իրականում և ավելի անկեղծ` դա ընդամենը ծիծաղելի միջոց էր երևալու, տեսանելի դառնալու մարմաջ։ Ռուսերենը «երկինք հանելու», շա՜տ վերևներին սիրաշահելու ժամանակներն էին։ Քաղաքի Ստեփան Շահումյանի անվան ռուսական դպրոցը փակ էր հայ համեստ ընտանիքների երեխաների առջև։ Եվ լավ էր, որ փակ էր, անհասանելի։
Հիշում եմ, համալսարանն ավարտելուց հետո մի օր երջանկահիշատակ հորս մի տեսակ նախատական տոնով հարցրի. «Ա՛յ պապ, դու և մաման ինչո՞ւ մեզ ռուսական դպրոց չեք ուղարկել»։ Հետո հասկացա, թե ինչպես առանց հասկանալու, վիրավորել եմ արժանապատիվ մարդուն հորս։ Հայեցին կարևորող ու հայրենապաշտ հայրս զարմացավ և ակնհայտ կոպիտ տոնով պատասխանեց. «Դուք կունենաք, ձեր երեխեքին ինչ լեզվով կուզեք, այդ լեզվով կրթության կտաք...»։
Այս դպրոցում պաշտոնյաների երեխաներն էին ուսանում, բազմազգ տարածաշրջանի օտարազգի, ռուսախոս երեխաները։ Իսկ օտարազգի, արտաքինով բոլորից տարբերվող ուսուցչուհիները` ինքնավստահ, արտոնյալ, մի տեսակ իրենց վեր դասող։ Նրանցից մեկը (խառնածին ծագումով) մթի, ցրտի տարիներին ասել էր. «Թուրքերը լավ են արել, որ ձեզ կոտորել են»։ Ասել ու մնացել էր անպատիժ։ Պրովինցիայում։ Ծայրագավառում։ Իրեն իրավունք էր վերապահել իրեն հաց տվող հայի վերքին, ցավին կպչելու։
...Ես այն ժամանակ դպրոցական տարիներին, գուցե մի տեսակ (հիմա արդեն հասկանալի, օտարոտի, գուցե չարացած) «նախանձով» էի նայում այդ դպրոցում սովորողներին, ում հաճախ հանդիպում էի համաքաղաքային միջոցառումներին։ Իսկ այդ միջավայրերում նրանք իսկապես առանձնանում էին, տարբերվում, իրենց «կապույտ արյուն» ունեցողներ համարում իրենց օտարազգի, շիկամազ ուսուցչուհիների պես։
Այդպես էր նաև Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում այն օրերին, երբ հյուրընկալվում էին Երևանից, հեռուներից ժամանած արվեստագետներ։ (Փառք Աստծո, խմբագրության լրագրող աղջիկների առջև ոչ մի փակ դուռ չկար)։
Ինչո՞ւ մատնանշեցի այս երեք հիմնարկները։ Ասեմ. այստեղ տիրական իրավունքով ելումուտի իրավունք ունեին ոչ միայն քաղաքում հայտնի պաշտոնյաները, այլև նրանց հեռու֊մոտիկ մտերիմները, կցմցված բարեկամուհիները. «Ես էսինչ էսինչովիչի էսինչն եմ»։ Եվ նրանք պաշտոնյաներից ավելի իրավատեր էին դառնում վերոնշյալ հիմնարկներում ու հաստատություններում։
Ահա այստեղ է, որ պիտի անդրադառնամ վերևում ասվածին։ Բուժմիավորում, երաժշտական դպրոց, ռուսական դպրոց ելումուտի իրավունք ունեցող ինչ֊ինչ «պրովինցիալկաներ» իրենց արտոնյալ համարող տիկիններից ավելի արտոնյալ էին, ավելի մեծամիտ, ինքնավստահ, ինքնագոհ, ինքնահիացած։
Օրեր առաջ պատանեկան տարիների մասին մի սիրուն հիշողություն-հրապարակումից հետո, հրապարակման մեջ անուղղակի, իմիջայլոց հիշատակված ինչ֊որ վիրավորված կնոջից հեռախոսազանգ եկավ. «Գիտես (ոչ թե` գիտեք)՝ նա միայն ինձ է սիրել»։ Ա՛յ քեզ բան. ո՞ւմ մտքով կանցներ, որ տեսքով, բոյ֊բուսաթով, լուրջ պաշտոն զբաղեցրած, մեծ շրջապատ ունեցող հայ տղամարդն իր ամբողջ կյանքում միայն իր կողակցին է նկատել։ Ռուսն այստեղ հաստատ կասեր՝ «Тоже мне провинциалка»:

(շարունակելի)

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.
Գուցե հարցնեք ինչո՞ւ այն ժամանակ չեմ գրել, ինչո՞ւ չեմ բարձրաձայնել մամուլում։ Ասեմ արգելանքի տարիներ էին, շատ բաներ հրապարակել չէր թույլատրվում, «հարիր չէին ժամանակներին»։ Հիմա էլ չկարծեք, թե գրել եմ, որովհետև ամենաթողության, կարծեցյալ «ժողովրդավարության» ժամանակներ են։ Ո՛չ, ամենևին ո՛չ։ Ուղղակի պրովինցիան խեղդած իրողություններ են, որոնք դաջվել են հիշողությանս մեջ։ Ընդամենը։
Դիտվել է՝ 137

Մեկնաբանություններ