Այն ամենն, ինչ տեղի ունեցավ և տակավին շարունակում է իր հաղթարշավը մեր իրականության մեջ. աներևակայելի է: Կործանարար, այսպես կոչված, երկրաշարժի հետևանքով առաջացած Աղետի գոտին քառորդդարյա վիթխարի ժամանակահատվածում մենք ոչ միայն չհաղթահարեցինք, այլև համատարած աղետի գոտու վերածեցինք մեր երկիրը: Աղետն առարկայականից վերածվեց նաև բարոյահոգեբանականի՝ սպառնալով հայի տեսակին թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Աշխարհիկ և հոգևոր տերերի ու նրանց կամակատարների անփառունակ արծարասիրությունն ու եսասիրությունը, անտարբերությունը երկրի և ժողովրդի հանդեպ ծառացած հիմնահարցերի նկատմամբ, արհամարհանքը ողջամտության և մասնագիտական կարծիքի հանդեպ ու բազմաթիվ անթաքույց գռեհկության և ցինիզմի զավեշտական փաստեր հանգեցրին օրըստօրե կեղեքումից, գործազրկությունից, գոյատևման անհնարինությունից կքած ու քայքայված,ամենայն համազգային և համամարդկային արժեքներից հրաժարվող,հայրական տունն օր առաջ լքելու երազանքը փայփայող հասարակության: Անվերջ հրաժեշտի և հեռացումի ախտը դարձավ օրինաչափ առօյա հոգեբանական կացութաձև, որը բնական հնազանդությունից չվերաճեց ոչ պակաս հնազանդ և համբերատար ոչխարի անզուսպ կատաղության: Սա բարոյահոգեբանական աղետի գոտին է, որտեղ հիվանդանում է նույնիսկ մարդկային արժանապատվության տարրական ըմբռնումը, որից հետո ամեն ինչ դառնում է մութ, ցուրտ և ունայն...
Դավիթ Սարգսյան