ԱՄՆ-Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։
Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Եթե առաջինով սահմանափակվում է Պարսից ծոցի նավթի և հեղուկացված գազի արտահանումը, ապա երկրորդի խափանումը հարվածում է Կարմիր ծով–Սուեզ ճանապարհով իրականացվող մատակարարումներին։ Արդյունքում վառելիքային ճգնաժամը վերածվում է ոչ միայն առաջարկի, այլև համաշխարհային լոգիստիկայի ճգնաժամի։
Աշխարհը կանգնած է ոչ այնքան հում նավթի, որքան պատրաստի վառելիքի՝ դիզելի, բենզինի և ավիավառելիքի պակասի առաջ։ Հում նավթի առաջարկն առայժմ բավարար է, սակայն Պարսից ծոցում, Չինաստանում և Ռուսաստանում նավթավերամշակման ու արտահանման խափանումների հետևանքով նավթամթերքի համաշխարհային արտադրությունը նախապատերազմյան մակարդակից օրական շուրջ 8 մլն բարելով պակաս է, իսկ առանձին վառելիքատեսակների գներն աճել են 35–70%-ով։
Սա հեռավոր շուկաների վերացական խնդիր չէ։ Սա Հայաստանի գնաճի, տնտեսական ակտիվության և ազգային անվտանգության խնդիրն է։
Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն դիվերսիֆիկացրել է բենզինի ներմուծումը։ 2025 թվականին ներմուծված շուրջ 220 հազար տոննա բենզինից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 56 հազար տոննա։ Սակայն դիզելային վառելիքի դեպքում պատկերը հակառակն է․ ներմուծված շուրջ 180 հազար տոննայից 150 հազարը՝ ավելի քան 80%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։
Մինչդեռ Ռուսաստանն արդեն սահմանափակում է դիզելի արտահանումը՝ սեփական շուկայի պակասը մեղմելու համար։
Ի՞նչ պետք է անել
-Անհապաղ ստուգել բենզինի և հատկապես դիզելի ռազմավարական պաշարների փաստացի առկայությունը։ Օրենքը խոշոր ներմուծողներից պահանջում է պահպանել նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով չնվազող պաշար։
-Բենզինի ներմուծման դիվերսիֆիկացման փորձը տարածել նաև դիզելի վրա՝ նախապես ապահովելով այլընտրանքային մատակարարներ, երկարաժամկետ պայմանագրեր, պահեստային հզորություններ և Սև ծով-Վրաստան երթուղու լրացուցիչ հնարավորություններ։
-Պատրաստել վառելիքային ցնցման քաղաքատնտեսական սցենարներ՝ գնահատելով դրա ազդեցությունը գնաճի, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանրային տրանսպորտի, արտաքին առևտրի և բյուջեի վրա։
-Ամենօրյա վերահսկողություն սահմանել ներմուծման գների, պաշարների, առևտրային հավելագների և մանրածախ գների նկատմամբ։
-Միջնաժամկետ հատվածում արագացնել հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացումն ու տնտեսության էներգաարդյունավետությունը։
Ի՞նչ չի կարելի անել
-Չի կարելի ճգնաժամը ժխտել կամ հասարակությանը հանգստացնել ընդհանուր խոսքերով՝ սպասելով, մինչև խնդիրը երևա բենզալցակայաններում։
-Չի կարելի սահմանել վարչական միջամտությամբ գների կոշտ առաստաղներ, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակով թաքցնել թանկացումը, բայց վերջնարդյունքում հանգեցնել դեֆիցիտի, հերթերի և ստվերային վաճառքի։
-Չի կարելի առանց հաշվարկի կիրառել համատարած սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։
-Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել մեկ այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ։
-Չի կարելի ռազմավարական պաշարներն օգտագործել գների ժամանակավոր ու ցուցադրական զսպման համար՝ առանց նոր մատակարարումն ապահովելու։
Հայաստանը չի կարող անխոցելի լինել համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Բայց կարող է և պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին տնտեսական ու պետական ճգնաժամի։
Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կանխատեսում է, պահուստավորում է, դիվերսիֆիկացնում է և հանրությանը ճշմարտությունն է ասում։
Դավիթ Անանյան