Նորից ու նորից՝ մեր թշնամին մեր իսկ տգիտությունն է, որը նաև ունի իր ձևականորեն ուսյալ տարբերակը։
Այսինքն, մարդը կարող է կյանքում շատ բան տեսած ու սովորած լինել, բայց դրա շատ փոքր մասը հիշել, այն էլ՝ կենսաբանականին շատ մոտ եղածը՝ կիսաբնական ռեֆլեքսների տեսքով։
Մեր ձախորդությունների հիմնական մասի պատճառն էլ հենց ուսյալ տգետներն են, որոնք այստեղից-այնտեղից լսած կամ սերտած մտքերի գերին են, քանի որ միտքը ոչ թե ընկալում ու մշակում են, այլ ունեն միայն լսածը անդրադարձելու կարողություն։
Նմաններին ավելի ընդհանրական բառով բնութագրում են որպես մտասևեռվածներ։
Գնանք առաջ. ամեն մարդու յուրաքանչյուր քայլի նպատակը ապրելն է ու, հաջողության դեպքում էլ, հնարավորինս լավ ապրելը՝ իհարկե, ամեն մեկն իր հասկացողությամբ։
Եվ եթե մարդիկ գնում են ընտրության, ապա նրանք ոչ թե սրան կամ նրան են ընտրում կամ էլ գերադասություն տալիս, այլ, իրենց հասկացողությամբ, ապրելու լավագույն տարբերակն են ընտրում։
Բայց այստեղ շատ զգուշ պետք է լինել, քանի որ, կոնկրետ պայմաններից կախված, լավագույն ապրելը կարող է լինել մի կերպ գոյություն քարշ տալը, որ, բնականաբար, չապրելուց ավելի լավ տարբերակ է։
Այսինքն, ամեն մի կոնկրետ դեպքում կա մարդկանց կամ ժողովրդի ապրելու օպտիմալ տարբերակ, որն ընկած է կիսասոված գոյություն քարշ տալու և բարեկեցիկ կյանքի միջև ինչ-որ տեղ։
Տվյալ պայմաններում օպտիմալ տարբերակն այն է, որից ներքև կյանքի որակը ավելի ցածր է, իսկ դրանից վերև, ամենատարբեր պատճառներով, նույնպես ավելի ցածր է օպտիմալի հետ համեմատած, կամ էլ պարզապես անհնարին է՝ գոյաբանական նկատառումներով։
Այս իմաստով ոչ թե անկախությունն է լավ բան, այլ անկախ ապրելն ու դա կարողանալը, այսինքն, լավը հնարավորինս բարձր մակարդակի, բայց նաև իրագործելի ու հնարավոր կյանքն է, որն էլ նաև կարող է ոչ լրիվ անկախ լինել։
Եվ հենց այստեղ է, որ մեր ուսյալ տգետները, որոնք իրենք էլ են ուզում հնարավորինս լավ ապրել, բայց նաև լավը վատից տարբերել չկարողանալով, չեն էլ հասկանում, որ կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ օպտիմալ տարբերակը սահմանափակ անկախությունը կարող է լինել, իսկ լրիվ անկախությունը՝ տանել դեպի անխուսափելի կործանում։
Բայց դա նաև չի նշանակում, որ անկախ ու ինքնիշխան կյանքը աշխարհի ամենալավ բանը չէ, այլ տվյալ պայմաննեորում այն անիրագործելի է, ավելին, երբեմն նաև վտանգավոր։
Իսկ աշխարհում ստրկության վատթար տեսակն էլ չհասկացած գաղափարի ստրուկ լինելն է։
Չի խանգարի նաև իմանալ, որ բացարձակ սուվերենությունը կամ ինքնիշխանությունը անիմաստ աբստրակցիա է, քանի որ ամենահզոր պետություններն անգամ ունեն ուրիշներից կախվածություն, իսկ թույլերի համար էլ 10-15 տոկոսանոց սուվերենիտետը ամենասովորական բանն է աշխարհում։
Դառնանք ազատասեր Մեծն Թումանյանին, որը լավ է բնորոշել ուսյալ տգետներին. «Մարդ կա, որ գաղափարն է մտնում գլխի մեջ, մարդ էլ կա, որ գլուխն է խցկում գաղափարի մեջ»։
Կամ էլ. «Ախպեր, թե էդ ազատությունը պարան պետք է դառնա ինձ խեղդի, չեմ ուզում նման ազատությունը»։
Տխուր, մերժելի և, երբեմն էլ, շատ ռիսկային է գաղափարական աղքատության պատճառով քաղաքական մոլորվածությունը։
Երկրի կյանքում կարևորը ժողովրդի վիճակն է, որն էլ ունի երկու կողմ՝ կյանքի անվտանգություն ու բարեկեցություն, և մի՞թե վիճարկման ենթակա է այն, որ այդ երկու առումներով էլ հայ ժողովրդի վիճակը խորհրդային ժամանակներում անհամեմատ լավ էր, քան հիմա։
Նույն վիճակն էր նաև տնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ առումներով, որի մասին կերազեին մեր ազատ-անկախ Հայաստանի ղեկավարները։
Հիշենք նաև մեր նախկին ղեկավարներին՝ Զարոբյան, Քոչինյան, Դեմիրճյան, Մովսիսյան՝ հայրենասեր, բանիմաց ու փորձով կոփված պետական գործիչներ, որոնք գիտեին, թե ինչ է երկիր կառավարելը։
Կար ժամանակ, երբ մեր կյանքը սոցիալիզմի ծաղրանկարն էր, հիմա էլ կապիտալիզմի ծաղրանկարն է և դժվար չէ տեսնել, թե որտեղ է այդ ժամանակի նկատմամբ ծաղրանկարային ինվարիանտության արմատը։
Անմիտ մտասևեռվածների երկիր իմ, Հայաստանը։
Երկրների հաջողակ լինելու հիմնական պայմաններից մեկը հասարակական մակարդակի ինտելեկտի առկայությունն է դրանցում, որի լինելու պայմանն էլ իմաստուն, գիտակ, կամային ու ժողովրդասեր առաջնորդներ ունենալն է։
Պավել Բարսեղյան