ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Կյանքում ոչ մի բան հավերժ չի մնում»․ քրոջ հիշատակին նվիրված տողեր

«Կյանքում ոչ մի բան հավերժ չի մնում»․ քրոջ հիշատակին նվիրված տողեր
06.10.2026 | 12:58

Քույրս՝ Լիան, մեր տանն էր։ Զրուցում էինք տարբեր բաներից, բայց ակնհայտ էր, որ միտքն ակամա շեղվում էր դեպի անցյալը։ Դեռ երկար տարիներ չէին անցել ամուսնու մահից, ու հոգում անթեղված վիշտը ծխում էր անդադար։ Նրա հիշողություններից էլ ծնվեցին իմ այս տողերը․

ՔՐՈՋՍ՝ ԼԻԱՅԻՆ

Հեքիաթ էր վսեմ՝ հրաշքներով լի,
Իսկ դու՝ հեքիաթում հայտնված մի կին,
Որն իր ասպետին գտած ցանկալի՝
Սպասում էր այն երեք խնձորին։

Կյանքը հոսում էր երազի նման,
Ու վայելքի մեջ դու սիրագորով
Նմանվել էիր միամիտ մանկան,
Որին խաբել էին երեք խնձորով։

Սիրուդ ասպետը թվում էր անմահ,
Որ բարություն էր լոկ ծիածանում,
Հենց ինքն իրենով հեքիաթ էր, որ կար․
Մնում էր ասել՝ «Լինում է, չի լինում»։

Ու մինչ պատմում էիր հեքիաթդ լուսե,
Չարը բարբառեց․ «Չկա՛, չի՛ լինում»,
Փլվեց դրախտը, որ ինքդ էիր հյուսել․․․
Կյանքում ոչ մի բան հավերժ չի մնում։

Եվ կյանքը բնավ հեքիաթ չէ բարի,
Երեք խնձորով միշտ չի ավարտվում,
Անպարտ թվացող ասպետն էլ արի՝
Մահվան դեմ անզոր՝ ընկնում է, պարտվում։

Ու ընկա՛վ, չկա՛․ երազ էր, պատրանք․․․
Իսկ դու պատկերը պահած հոգուդ մեջ՝
Սպասում ես, որ մի օր միանաք
Երկնքում, որտեղ հեքիաթն է անվերջ։

20․02․2015 թ․

Հիմա երկնային հեքիաթում կարոտով միացել եք կրկին ու ժպտում եք մեզ աստղային հեռուներից։ Թող հավերժական լույսերի մեջ թևածեն ձեր հոգիները, իսկ ես շնորհակալություն հայտնեմ ֆեյսբուքյան այն բոլոր ընկերներին, ովքեր օրհնանքով հիշեցին քեզ ու իրենց մխիթարանքով սատար եղան մեր վշտին։
Լիա ջան, իմ համեստ ու խոնա՛րհ քույրիկ, քո բարությունն ու սերը իրենց լուսավոր հետքն են թողել քեզ ճանաչողների սրտերում և արժանի դարձրել նրանց սիրուն ու հարգանքին, ուստի հիշատակդ միշտ վառ է մնալու։
Թող վիշտը հեռու մնա բոլորի ընտանիքներից, ապրեն երջանիկ ու խաղաղ կյանքով՝ անամպ երկնքի տակ։
Խոնարհվում եմ ձեր առաջ։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 89

Մեկնաբանություններ